Անհաս երեխաներ. հարցազրույց Զիբա Մարգարյանի հետ

Arabkir

Անհաս երեխաներին վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի վարիչ Զիբա Գեորգիի  Մարգարյանը:

–   Ո՞ր դեպքերում է երեխայի վիճակը գնահատվում որպես անհասություն:

–   Անհաս երեխաները հղիության ժամկետից շուտ ծնված և ֆունկցիոնալ առումով ոչ հասուն երեխաներն են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` անհաս երեխաները կազմում են նորածինների ընդհանուր թվի  5-10 տոկոսը:

–   Ինչպե՞ս է գնահատվում անհասության աստիճանը:

–   Հղիության ժամկետի, մարմնի քաշի, հասակի տվյալների համաձայն տարբերակում են անհասության 4 աստիճան: Առաջին աստիճանի անհասությունը 36-37 շաբաթական հղիության ժամկետում ծնված երեխաներն են, քաշը` մինչև 2500գ, երկրորդ աստիճանը՝ 32-35 շաբաթական, քաշը՝ 2001-1500գ, երրորդ աստիճանը՝ 31-28 շաբաթական, քաշը՝ 1500- 1001գ, չորրորդ աստիճանը՝ 28 շաբաթականից ցածր, քաշը` 1000 գրամից պակաս:

Եթե 28 շաբաթականից վաղ ծնված, 1000գ քաշով և 35 սմ-ից պակաս հասակով երեխաները ծնվում են կենդանի և ապրում 7 օր և ավելի, նրանք նույնպես համարվում են անհաս երեխաներ, իսկ մահացած ծնվելու դեպքում համարվում է ուշ վիժում: ԱՀԿ տվյալներով, երեխան կենսունակ է համարվում, եթե ծնվել է հղիության 22 շաբաթից ավելի ժամկետում, մարմնի քաշը՝ սկսած 500 գրամից:

–   Որո՞նք են անհասության պատճառները:

–   Անհասության պատճառները բաժանվում են 4 խմբի. առաջին խմբում սոցիալ-կենսաբանական գործոններն են՝ մոր տարիքը( 18-ից ցածր և 40-ից բարձր), վնասակար սովորությունները, վնասակար աշխատանքային պայմանները, անբավարար սնունդը և այլն:

Պատճառների երկրորդ խմբում են մանկաբարձա-գինեկոլոգիական բարդացած անամնեզը, բազմապտղությունը, էնդոմետրիոզը, ֆիբրոման, հղիության արհեստական ընդհատումները և այլն:

Երրորդ խմբում մոր էքստրագենիտալ հիվանդություններն են՝ դիաբետը, նեֆրոպաթիան, բարձր ճնշումը, սրտի արատները և այլն:

Չորրորդ խումբը ներառում է անմիջապես պտղի ախտաբանությունները՝ քրոմոսոմային, գենետիկ հիվանդություններ և տարբեր ներարգանդային վարակներ:

–   Որո՞նք են անհասության նշանները:

–   Անհաս երեխաներին կարելի է տարբերել արտաքին տեսքով՝ մաշկը շատ բարակ է, ենթամաշկային շերտը վատ զարգացած, արտահայտված է   մազածածկույթը, մարմնի համեմատ գլուխն ավելի մեծ է, ականջները դեֆորմացված են, սեռական օրգանները` թերզարգացած:

Անհաս երեխաների մոտ բոլոր օրգան-համակարգերը դեռևս լիովին զարգացած չեն: Այդ պատճառով այս երեխաները հաճախ հիվանդանալու հակում ունեն՝ սեպսիս, սեպտիկոպիեմիա, օստեոմիելիտ, կանգային թոքաբորբ, մենինգիտ, բիլիռուբինային էնցեֆալոպաթիա: Կարող են լինել այտուցներ, ջրազրկում և այլն:

–   Որո՞նք են հիվանդանոցից դուրս գրվելու ցուցումները:

Ծննդատնից անհաս երեխայի դուրս գրման պայմանները չորսն են. առաջինը՝ դուրս գրվելիս մարմնի քաշը պետք է լինի 2300 գրամից ոչ պակաս, առկա լինեն ծծելու և կլման ռեֆլեքսները, մարմնի ջերմաստիճանը լինի կայուն և ունենա կանոնավոր շնչառություն:

–   Որո՞նք են անհասության ռիսկերը և ինչպե՞ս են արտահայտվում:

–   Անհասության ժամանակ կարող են լինել ռետինոպաթիա, կոնքազդրային հոդերի դիսպլազիա, գլխուղեղի արյունազեղումներ և այլն:

Մահացության ցուցանիշը բարձր է՝ 40-70 տոկոս: Դա կախված է անհասության աստիճանից, ձգձգված մանկաբարձական անամնեզից, մոր  տարիքից, գենետիկ հիվանդություններից:

–   Ինչպե՞ս է դրսևորվում  ռետինոպաթիան անհասների մոտ:

–   Շատ խորը անհասության ժամանակ, եթե երեխան ծնվում է հղիության 30-րդ շաբաթում, ռետինոպաթիան մեծ վտանգ է ներկայացնում, այդ երեխաները կարող են կորցնել տեսողությունը:  Խորը անհասությամբ երեխաներին մինչև 1 տարեկանը պետք է զննեն և հսկեն ակնաբանն ու սուրդոլոգը, որովհետև նրանք հակված են ռետինոպաթիայի և վատ լսողության:

–   Ինչպե՞ս խուսափել բարդությունների հետագա զարգացումից:

–   Անհաս երեխաներին 7 օրականից տրվում է երկաթի կանխարգելիչ դոզա. 2 մգ.` 1 կգ. քաշին, մեկ օրվա ընթացքում: Պետք է ճիշտ կազմակերպել երեխայի սնուցումը, խնամքը և մասնագետների կողմից հսկողությունը:

–   Ինչպե՞ս կազմակերպել անհաս երեխայի սնուցումը:

–   Անհաս երեխաները հիվանդանոցային պայմաններում և տանը պետք է ստանան կրծքի կաթ կամ արհեստական կաթնային խառնուրդներ:

Կաթնային խառնուրդներից առավել ընդունելի են Պրենան, Նուտրիլակ, Ֆրիզոպրեն խառնուրդները:

Եթե երեխայի ծծելու ռեֆլեքսը պահպանված է և նրա քաշը 1800 գրամից, ավելի է, ապա փորձում են  կերակել կրծքով: Ավելի պակաս քաշի դեպքում երեխային սկզբնական փուլում կերակրում են զոնդի օգնությամբ:

Կերակրման հաճախականությունը օրը 7-8 անգամ է, խորն անհասության դեպքում` մինչև 10 անգամ, 2-2,5 ժամը մեկ անգամ:

Հիվանդանոցային պայմաններում երեխային սկսում են կերակրել 5 մլ-ից` աստիճանաբար ավելացնելով ծավալը:

–   Ի՞նչպես է իրականացվում անհաս երեխայի խնամքը:

–   Երեխայի խնամքի համար, նախ, պետք է ապահովել սենյակային որոշակի ջերմաստիճան` 25°C: Անհաս երեխային պետք է լողացնել սկսած ջրի 37-38°C-ից` 2 ամսականում իջեցնելով այն մինչև 36-37°C: Լոգանքի տևողությունը պետք է լինի 5-7 րոպեից ոչ ավելի: Լողացնելուց հետո երեխային փաթաթելու համար նախատեսված բարուրաշորերը պետք է նախապես տաքացնել:

Զբոսանքները պետք է սկսել 2-րդ շաբաթից, եթե օդի ջերմաստիճանը +10°C է, օրական ավելացնելով 10-15 րոպե:

Տանը պետք է շարունակել երեխայի աչքերի, մաշկի, պորտի մշակումը: Երեխայի դիրքը հարկ է փոխել յուրաքանչյուր ժամը, որպեսզի կանգային երևույթներ չզարգանան:

–   Որքա՞ն  երկար և ինչպե՞ս կազմակերպել անհաս երեխայի հսկողությունը մանկաբույժի և այլ մասնագետների կողմից:

–   Երեխան պետք է հսկվի առաջին ամսվա ընթացքում 2 անգամ, այնուհետև, մինչև 1 տարեկանը՝ ամիսը մեկ անգամ: Առաջին ամսվա ընթացքում երեխան պետք է զննվի ակնաբանի, սուրդոլոգի, օրթոպեդի, նյարդաբանի կողմից: ցանկալի է իրականացնել կոնքազդրային հոդերի ՈՒՁՀ և նեյրոսոնոգրաֆիա:

–   Կա՞ն զարգացման առանձնահատկություններ:

–   Անհաս երեխաները մի փոքր հետ են մնում մյուս երեխաներից և իրենց հասակակիցներին հասնում են մոտավորապես 2-3 տարեկան հասակում, երբեմն ավելի ուշ՝ 5-6 տարեկանում:

–   Ի՞նչ պլանով են իրականացվում անհաս երեխաների պատվաստումները:

–   Եթե երեխայի քաշը 2000 գ.-ից ցածր է, դա հակացուցում է BCG պատվաստման համար:

Սովորաբար, նրանց մոտ պատվաստումներն սկսում են 2 ամսականից: Կենտրոնական նյարդային համակարգի որևէ պերինատալ ախտահարման դեպքում BCG պատվաստումը հետաձգվում է մինչև 6 ամսական: Բոլոր անհասներին ծնվելուց հետո առաջին 12 ժամվա ընթացքում պետք է պատվաստել հեպատիտ B-ի դեմ, մյուս պատվաստումներն` ըստ գործող սխեմայի: Եթե երեխայի ֆիզիկական զարգացումը հետ է մնում, թույլ է, AKDS վակցինայի փոխարեն կատարվում է ADS: