Աննախադեպ արդյունք «Արաբկիր» ԲՀ-ում

__FONResurs_

«Արաբկիր» բժշկական համալիրում գործող Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում (ՊՀՀՄԿ)՝ կենտրոնի աշխատակիցների  վերջին 15 տարվա ծրագրային աշխատանքների շնորհիվ, առկա են նախ՝ ախտորոշման բարելավվում, ապա նաև` կոլխիցինով արդյունավետ բուժման բարձր աննախադեպ արդյունքներ:  2003 թվականից հետո մինչև 15 տարեկան երեխաների մոտ գրեթե 16 տոկոս կազմող երիկամային ամիլոիդոզը` ՊՀ ՄՀԿ կողմից անցկացվող կոլխիցինով կանոնավոր բուժման և հսկողության շնորհիվ, կտրուկ իջել է, ընդամենը հասնելով 1-2 դեպքի: Այլ կերպ ասած, կենտրոնում կանոնավոր հսկվող և կոլխիցինով անընդմեջ բուժում ստացող հիվանդները կարող են խուսափել ամիլոիդոզի զարգացումից և զերծ մնալ դիալիզային կախյալ վիճակից: Բարդությունները` երիկամային ամիլոիդոզը և կպումային հիվանդությունը, սովորաբար հայտնաբերվում են կենտրոն չդիմած և կոլխիցինով կանոնավոր բուժում չստացած հիվանդների շրջանում, որոնք դիտվում են որպես «ուշացած» դեպքեր:

Այս արդյունքին ՊՀ ՀՄԿ հասավ հատուկ կանոնակարգված ծրագրով աշխատելու շնորհիվ՝ իրականացնելով անընդմեջ հսկողություն, և ամենակարևորը, կոլխիցինով կանոնավոր բուժում: Այս հարցում չափազանց կարևոր էր 2003 թվականից «Հովարդ Կարագյոզյան» բժշկական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ  «Արաբկիր»  բժշկական համալիրում իրականացվող ծրագիրը: Ծրագրի շրջանակներում դիպանսերում հաշվառված երեխաներին տրամադրվում էր ֆրանսիական արտադրության կոլխիցին դեղը: 2017 թ. վերոնշյալ համագործակցությունը դադարել է, և ներկայում պետական պատվերի շրջանակում  երեխաներին  ՀՀ առողջապահության նախարարության կողմից   «Արաբկիր» բժշկական համալիրի պարբերական հիվանդության դիսպանսերին  տրամադրվում է հայկական արտադրության կոլխիցին դեղը:  Տեղական Արփիմեդ  դեղագործական ընկերության արտադրության կոլխիցինը պատրաստվում է իտալական հումքով և համապատասխանում է բոլոր չափանիշներին:

ՊՀ ՄԿ ամիլոիդոզի կանխարգելման առումով վաղ ախտորոշման, հսկողության և կանոնավոր կոլխիցինով բուժման արդյունավետության բարձր արդյունքն արձանագրված է և բազմիցս ներկայացված միջազգային պարբերականներում ու կոնֆերանսներում: Կենտրոնի այդ կարևոր նվաճումը 2016թ ներկայացվել էր նաև ՀՀ նախագահի մրցանակի:
Այժմ ևս ՊՀ ՀՄԿ աշխատում է` պահպանելով նույն արդյունքը:

Կենտրոնը նմանատիպ արդյունք է ապահովել նաև կպումային հիվանդության պարագայում: Հսկվող 3300-ից ավելի հիվանդների մոտ այն գրեթե չի զարգանում, և եթե արտահայտվել է, ապա, սովորաբար, այն հիվանդների մոտ, որոնք հիմնականում արտերկրից են և չեն հաճախել կենտրոն, կոլխիցինով կանոնավոր չեն բուժվել:

Տարեցտարի ավելանում է ՊՀ ՀՄԿ դիմելիությունը (եթե մինչև 2003թ. կենտրոնում գրանցված էր մոտավորապես 500 հիվանդ, ներկայում այդ թիվը 3300-ից ավելի է): ՊՀ ՀՄԿ պատկանում է աշխարհում ՊՀ հիվանդ երեխաների մեծ թիվ ունեցող կենտրոնների շարքին:  Այստեղ նշանակություն ունի ինչպես վերջին տարիներին հիվանդության դեպքերի ավելացումն, այնպես էլ, հիմնականում, հիվանդության վաղ ախտորոշումը:

Գայանե Գևորգի Ամարյան,
Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության Հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ