Աշխարհի առաջատար մասնագետներ այցն «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

IMG-7024

 

Սույն թվականի  հոկտեմբերի 26-29-ը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ուրո-վիրաբուժական բաժանմունքը հյուրընկալել էր արտերկրից  ժամանած մանկական վիրաբույժ- ուրոլոգների: Բժիշկների խմբում էին մանկական ուրոլոգներ պրոֆեսոր Փոլ Մերգերյանը, Մարգարեթ Շնորհավորյանը և  առաջատար մանկական կոլոպրոկտոլոգ-վիրաբույժներ` Մարկ  Լեվիտը,  Քեթլին Սմիթը, Սթյուարթ Հոսիգը, Փիմ Սլութսը, ինչպես նաև բուժքույրեր, անեսթեզիոլոգներ: Վերջիններս ժամանել էին ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հոլադիայից,  և ներկայացնում էին Մարկ Լեվիտի նախաձեռնած և նրա կողմից  ղեկավարվող International Colorectal Team- կազմակերպությունը:

Այցի ընթացքում տեղի մասնագետների հետ միասին  կատարվեց շուրջ 65 պացիենտի մասնագիտական խորհրդատվություն, մի շարք ուշագրավ դեպքերի քննարկումներ, իրականացվեցին նաև հազվադեպ հանդիպող մանկական բնածին արատների` միզապարկի էքստրոֆիայի, հիպոսպադիայի, սեռական դիֆերենցման,  առաջնային և վիրահատված անոռեկտալ արատների ավելի քան 35  ռեկոնստրուկտիվ վիրահատություն` բարեգործական հիմունքներով:

Սիեթլի (ԱՄՆ) մանկական  համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Փոլ Մերգերյանի և Մարգարեթ Շնորհավորյանի «Արաբկիր» ԲՀ-ի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2011 թվականին: Մարկ Լեվիտի գլխավորած բժշկական թիմն առաջին անգամ էր  Հայաստանում:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բուժանձնակազմի նմանօրինակ համագործակցությունն աշխարհի  առաջատար մասնագետների հետ նպաստում է նոր գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև  Հայատանում տվյալ ոլորտի զարգացմանը և բուժման  նոր, ժամանակակից մոտեցումների ներդրմանը: