«Արաբկիր» բժշկական համալիրն այսօր. հարցազրույց Արման Բաբլոյանի հետ

DSC_0274---

Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին:

–   Պարոն Բաբլոյան, ի՞նչ է ներառում «Արաբկիր» բժշկական համալիրը և ինչո՞ւ է կոչվում համալիր:

–   Մեր բուժհաստատությունը կոչվում է համալիր, քանի որ իր մեջ ներառում է ինչպես բազմապրոֆիլ հիվանդանոցային,  այնպես էլ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Իրականացվում են լայնածավալ դիագնոստիկ ծառայություններ՝ լաբորատոր ախտորոշիչ , շնչական լաբորատորիա, էնդոսկոպիկ,  սրտաբանական, էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ, ուռոդինամիկ, համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն, ուլտրաձայնային, լսողության ստուգման ծառայություններ: Համալիրի կազմում գործում է նաև պաթանատոմիական ծառայությունը:

IMG_3353Գործում է տասից ավելի դիսպանսեր ծառայություն, որտեղ հսկվում են քրոնիկ հիվանդություններով տառապող պացիենտներ: Վերականգնողական բուժման կենտրոններ գործում են ՀՀ տարբեր մարզերում՝ Արմավիր, Արտաշատ, Գավառ, Իջևան, Ապարան, որոնք զբաղվում են մտավոր ֆիզիկական լսողական և զարգացման այլ հապաղումներ ունեցող պացիենտներով: Համալիրում գործում է նաև առողջարանային  պայմաններում վերականգնողական բուժման ամառային ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 8-14 տ. քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներ:

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, յուրաքանչյուրի գործունեության մասին` համառոտ:

–   Արաբկիր  բժշկական համալիրի գործունեության մասին  երկու բառով շատ դժվար կլինի խոսել, սակայն ասեմ որ մեզ մոտ գործում են մի շարք մասնագիտացված բժշկական ծառայություններ այդ թվում. մանկաբուժական ընդհանուր, ալերգոլոգիական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, պուլմոնոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ուրո-վիրաբուժական, նեֆրոլոգիական, քիթ կոկորդ ականջաբանական,   հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման,  ճառագայթային ախտորոշիչ ,  օրթոպեդիայի  վնասվածքաբանության ծառայություններ  և  այլն:

Հարկ եմ համարում նշել, որ մեր համալիրում իրականացվում են հանրապետությունում եզակի մի շարք վիրահատություններ, ինչպիսիք են երիկամի փոխպատվաստումը և էպիլեպսիայի բուժումը վիրահատական  եղանակով:

IMG_3291–   Ովքե՞ր կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից:

–   Ծառայություններից կարող են օգտվել այն պացիենտները , ովքեր ունեն  վերը նշված պրոֆիլներով առողջական գանգատներ առանց տարիքային սահմանափակման՝ ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ:

Իհարկե կան որոշ ծառայություններ որտեղ կապված ծրագրից կա որոշակի տարիքային սահմանափակում, բայց դրանք շատ չեն, օր.՝ էպիլեպսիայի վիրահատական բուժումը իրականացվում է երեխաների և մինչև 40 տարեկան մեծահասակների  շրջանում:

–   Ըստ օրենսդրության  երեխաների անվճար սպասարման ի՞նչ համակարգ է գործում Հայաստանում:

–   Երեխաների տարիքը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է 0-18 տարեկան և ըստ  Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բուժօգնության կազմակերպման չափորոշիչների, հիվանդանոցային բուժօգնությունը մինչև 7 տարեկան երեխաների  համար իրականացվում է անվճար, իսկ 7-18 տ. երեխաների շրջանում գոյություն ունի սահմանված ցանկ սոցիալապես անապահով և հատուկ  խմբերում ընդգրկված անձանց համար, որոնք նույնպես սպասարկվում են անվճար:

IMG_3312–   Ծառայությունների դիմաց վճարման ի՞նչ համակագեր են գործում ներկայում:

–   Վճարովի ծառայություններից օգտվող պացիենտների համար  առավելագույնս հեշտացվել է գրանցման և դրամարկղերի հասանելիությունը,  ի շնորհիվ բժշկական համալիրում գործող համակարգչային ցանցային ծրագրի այդ ամենն իրականացվում է շատ արագ: Պացիենտները բժշկական համալիրում կարող են վճարել ինչպես կանխիկ այնպես էլ իրենց բանկային քարտերով: Հնարավոր է նաև բանկային փոխանցումների եղանակով: Ի դեպ նշեմ, որ Արաբկիր Բժշկական Համալիրը  առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է  բոլոր բժշկական ապահովագրական ծառայությունների հետ:

–   Ինչպե՞ս և որտե՞ղ են վերապատրասվում համալիրի մասնագետները:

–   Մեր բժշկական համալիրի մասնագետների մեծ մասը վերապատրաստվել են և շարունակում են  վերապատրաստվել արտերկրի մի շարք բուժհաստատություններում, մասնակցում և կազմակերպում են տեղական և միջազգային կոնֆերանսներ, որտեղ հնարավորություն են ունենում ծանոթանալ և ծանոթացնել բժշկագիտության նոր մոտեցումներին: Տարբեր ծառայություններ մշտապես կապ են պաշտպանում իրենց մասնագիտական ուղություններով արտերկրի համապատասխան կլինիկաների հետ:

IMG_3267–   Ի՞նչ գիտական գործունեություն է ծավալում համալիրը:

–   Արաբկիր Բժշկական Համալիրը լինելով երեխաների  և  դեռահասների  առողջության ինստիտուտ տվյալ  ոլորտում ծավալում է  նաև գիտական գործունեություն:  Մեզ մոտ քննարկվում, մշակվում և համապատասան կառույցներին են ներկայացվում  գիտագործնական մեթոդական ձեռնարկներ, բժշկական ծառայությունների մատուցման չափորոշիչներ, տարբեր ուղղություններով տպագրվում են գիտական հոդվածներ և ունենալով  որոշ  ուղղություններով բավականին լուրջ փորձնական և գիտական բազա տարբեր մասնագետների կողմից պաշտպանվում են գիտական թեզեր:

IMG_3203–   Ի՞նչ ներքին և արտաքին գործընկերների հետ եք համագործակցում:

–   Արաբկիր Բժշկական համլիրը իր գործունեության ընթացքում ի նպաստ որակյալ բժշկական օգնության տրամադրմանը համագործակցում է ինչպես տեղական այնպես էլ  միջազգային տարբեր կլինիկաների կառույցների հետ: Մասնագիտական մշտական համագործակցություն է գնում հիմնականում մանկական բուժհաստատությունների հետ ինչպիսիք են  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը նաև մարզային որոշ բուժհաստատություններ, համագործակցում ենք նաև  որոշ միջազգային կազմակերպություների տեղական ներկայացուցչությունների հետ ինչպիսիք են UNICEF, World Vision International, Mission Armenia, United Armenian Fund /Armenia Artsakh Fund և այլն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝  SEMRA  Foundation (Շվեցարիա), Kinderspital (Շվեցարիա), Canton of Jura (Շվեցարիա), Hospitals of Jura (Շվեցարիա), NAF Association, (Belgia) և այլն:

IMG_3223Համագործակցում ենք նաև Հայաստանում գործող մի շարք բազմապրոֆիլային բժշկական կենտրոնների հետ, ինչպիսիք են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Ս. Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոնը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և այլն:

–   Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում:

–   Մենք նախատեսում ենք մոտ ապագայում էլ ավելի զարգացնել մեծահասակների նեֆրոլոգիական (երիկամաբանության) ծառայությունը,  ճառագայթային ախտորոշիչ ծառայությունները: Որոշել ենք  ներդնել որակի վերահսկման համակարգ: Նշեմ որ բժշկական համալիրը մշտապես ընդլայնելով իր ծառայությունները ստեղծում է նոր աշխատատեղեր և յուրաքանչյուր տարի աշխատակիցների թվի աճին զուգահեռ աճում է նաև աշխատակիցների ամսեկան միջին աշխատավարձը:

Ի ամփոփումն իմ ներկայացրածի ավելացնեմ, որ մեր համալիրի աշխատակազմի  պրոֆեսիոնալ և կարեկից մոտեցումն է հանդիսանում մեր իրականացրած գործունեության արդյունավետության հիմնական գրավականը, որի վրա հիմնվելով, թույլ է տալիս մեզ համարժեք արձագանքել ժամանակի մարտահրավերներին եւ ամրապնդել մեր երկրի հիմնական արժեքը` առողջ և ուրախ սերունդ: