Գիտական գործունեությունն Արաբկիր բժշկական համալիրում. Սերգեյ Սարգսյան

_IMG_0033

«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող գիտական գործունեության մասին:

«Արաբկիր» բժշկական համալիրում, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում մշտապես տարվել են ակտիվ ընթացող գիտական աշխատանքներ տարբեր թեմաների շուրջ: Դրանցից է հայ ազգի մոտ ոչ քիչ հանդիպող պարբերական հիվանդությունը, որով նախկինում մեր կենտրոնը զբաղվել է և զբաղվում է ներկայում՝ ուշադրություն դարձնելով հատկապես հիվանդության ատիպիկ ձևերին: Եվրոպական մակարդակով իրականացվում են հետազոտություններ երիկամաբանության ոլորտում, կատարվում են առաջադեմ գիտական աշխատանքներ գաստրոէնտերոլոգիայի, ալերգաբանության, նյարդաբանության, մանկական վիրաբուժության  ոլորտներում:

Ոսումնասիրվում են դպրոցահասակ երեխաների, դեռահասների առողջության խնդիրները: Մասնավորապես, իրականացվում է դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ ինչպես դա տեղի է ունենում ավելի քան 40 եվրոպական երկրներում, և մենք տվյալ հետազոտության Եվրոպական ցանցի լիիրավ անդամ ենք: Հետազոտության արդյունքները մեծապես նպաստում են Հայաստանում համապատասխան քաղաքականության, առողջապահական և կրթական ծրագերի մշակմանը:

Մենք աշխատանքներ ենք տանում նաև առողջապահության կազմակերպման ոլորտում:

Ի՞նչ գիտական աշխատանքներ են կատարվել և հրապարակվել:

Կոլեկտիվը բազմահարյուրանոց է, և յուրաքանչյուրն իր ոլորտում է նյութեր հրապարակում: Երիկամաբանության ոլորտին, պարբերական հիվանդությանը նվիրված հետազոտությունները հրապարակվում են ամեաառաջավոր եվրոպական հանդեսներում: Ընդհանրապես, Հայաստանում երեխաների խնդիրներին և մեր հետագա անելիքներին վերաբերող մի վերլուծական աշխատանք հրապարակվել է այնպիսի հեղինակավոր հանդեսում, ինչպիսին է «Journal of Pediatrics» մանկաբուժական հանդեսը: Մեր նյութերը նաև կանոնավոր կերպով հրապարակվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցներում: Նշված հրապարակումներում կիսվում ենք մեր փորձով, տվյալներով և փորձում ենք տարածել հայաստանյան գիտելիքներն ու փորձն ամբողջ աշխարհում:

Հատկապես ո՞ր կլինիկաների և երկրների հետ եք առավելապես պահպանում գիտական ոլորտի կապերը:
Առաջինը կարող եմ նշել համագործակցությունը Շվեյցարիայի Ցյուրիխի մանկական կլինիկական հիվանդանոցի հետ, Բելգիայի հիվանդանոցների հետ, որոնք տարիներ շարունակ շատ ակտիվորեն մասնակցել են մեր հիվանդանոցի կայացմանը: Կան կապեր Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի հետ: Շատ ամուր կապեր ունենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների ու կլինիկաների հետ:  Կանոնավոր կազմակերպվում են նաև վերապատրաստումներ արտերկրում:

Մեր կոլեկտիվի ներկայացուցիչները մշտապես մասնակցում են տարբեր գիտաժողովների, ընդ որում, մեր հիվանդանոցում ընդունված հիանալի կարգ կա. յուրաքանչյուր տարի 5 հոգու տրամադրվում է գիտական գրանտ` մասնակցելու արտերկրում անցկացվող կոնֆերանսներին և ներկայացնել զեկույցներ: Մեր աշխատակիցներից  պրոֆեսորներ Աշոտ Սարգսյանը, Գայանե Ամարյանը և այլոք ունեն եվրոպական ճանաչում: Նրանք մասնակցել են  բարձր մակարդակի գիտական ֆորումների, ներկայացրել իրենց աշխատանքները: Ես ևս մասնակցել եմ գրեթե բոլոր մակարդակների մանկաբուժական և հանրային առողջապահական կոնգրեսներին՝ հրավիրյալ դասախոսի կարգավիճակով:

Ինչպիսի՞ ծրագրեր կան, ի՞նչ նոր ուղղություններ կցանկանաք ներառել:

Հայաստանում երեխաների սնուցման հարցերի, համապատասխան տվյալների պակաս կա: Սնուցման ճիշտ մոտեցումները, վաղ հասակի երեխաների սնուցման խնդիրները հասկանալու համար երևի թե պետք է ժամանակակից գիտության պահանջներին համապատասխանող հետազոտություններ կատարվեն:
Երբեմն, գիտության նախկին մոտեցումները, ժամանակի ընթացքում, նոր հետազոտությունների արդյունքում լիովին փոխվում են: Ի՞նչ է արվում մինչ այժմ ձևավորված կարծիքները ոչ թե կարծրացած կերպով ընդունելու, այլ նոր վերլուծության ենթարկելու համար:

Առաջ գնալու և նախկինի միջև պետք է ինչ-որ հավասարկշռություն պահպանվի: Անշուշտ, կյանքն անընդհատ փոխվում է: Բայց երբեմն այն, ինչ նոր է թվում, լավ մոռացված հինն է: Պետք է աշխարհի միտումները զննել, դրանցից դասեր քաղել և դրանց վրա ձևավորել նոր հայեցակարգեր, նոր մոտեցումներ, բուժման նոր ուղեցույցներ: Դա շարունակական գործընթաց է:

Վերջին տարիներին հիվանդությունների աճը ինչո՞վ կարող եք բացատրել:

Պետք է, նախ, որոշել, թե ո՞ր հիվանդությունները և ո՞ր տարիքային խմբերում են ավելացել: Պետք է գնահատվեն վիճակագրական տվյալները նաև համաշխարհային տվյալների հետ համեմատած: Անհրաժեշտ է պարզել, թե քանակի ավելացումն արդյո՞ք պայմանավորված չէ նորագույն սարքերով վաղ ախտորոշման հետ, ինչպես, օրինակ, պարբերական հիվանդության դեպքում է նկատվում: Նախկինում պարբերական հիվանդության ախտորոշման և հիվանդության սկզբի միջև ժամանակահատվածը երբեմն կազմում էր մոտավորապես 6 տարի: Մինչ այդ, փաստորեն,  երեխան ամեն ամիս, կամ ամեն շաբաթ այդ խնդրով տառապել է` առանց համապատասխան բուժօգնություն  ստանալու: Այժմ ախտորոշման ուշացումներն էապես պակասել են: Իհարկե՛, առկա է նաև պարբերական հիվանդությամբ հիվանդների թվի որոշակի ավելացում. ներկայումս դիսպանսեր ծառայությունում ունենք ավելի քան 3 հազար հիվանդ:

Ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդությունների կանխարգելումը, ի՞նչ ծրագրեր կան այդ առումով:
Որպեսզի հիվանդություններ չզարգանան, երեխան ներարգանդային կյանքից սկսած պետք է ունենա մաքուր օդ, ջուր, սնունդ: Բայց մենք ունենք այն շրջակա միջավայրը, որն առկա է: Վերջին տվյալների համաձայն, ապացուցված է, որ ներարգանդային կյանքում պտղի վրա ազդող գործոնները կարող են կանխորոշել ապագա երեխայի հետագա հիվանդությունները և կյանքի տևողությունը: Իհարկե՛, պետք է խոսել ծխելու վնասի մասին, սակայն, ցավոք, այլ շատ ուղղություններում նման աշխատանքներ գրեթե չկան:

Սերգեյ Սարգսյան,
Մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու