Դեռահասների սննդակարգը. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ

7img20_1-728x484

Ինչո՞վ է տարբերվում դեռահասների սննդակարգը փոքր երեխաների սննդակարգից:

Դեռահասների սնունդը տարբերվում է նրանով, որ այն դառնում է անվերահսկելի, անկանոն, սնվում են իրենց ընտրությամբ: Կան երեխաներ, ովքեր շարունակում են սնվել այնպես, ինչպես սովորեցրել է ծնողը: Սակայն շատ երեխաներ գայթակղվում են դրսի անառողջ սննդով:

Ո՞րն է մեծահասակների և դեռահասի սննդակարգի տարբերությունը:

Դեռահասից մեծահասակ անցումային շրջանն այնքան կարճ է, որ մեծ տարբերություններ չկան: Խնդիրը մեծահասակի գիտակից մոտեցումն է, իսկ դեռահասը տրվում է շրջապատի ազդեցությանը, գայթակղություններին:

Դեռահասի օրգանիզմի պահանջը օգտակար սննդանյութերի և վիտամիների  նկատմամբ մեծ է, սակայն նրա օրգանիզմն ավելի զգայուն և նուրբ` վնասակար  սննդի նկատմամբ, մինչդեռ ոչ բոլոր դպրոցներում է ճիշտ սնունդ ապահովվում երեխաների համար:

Մեծահասակները տարիների հետ ավելի զուսպ պետք է լինեն սննդի հարցում, ավելի շատ մրգաբանջարեղենային սնունդ օգտագործեն, պակասեցնեն ճարպերը: Պետք է չմոռանալ, որ ավելի լավ է բարեկազմ լինել, քիչ ուտել, ապրել առողջ և ակտիվ ապրելակերպով, քան չվերահսկված սննդի արդյունքում գիրանալով՝ տարբեր հիվանդություններ ձեռք բերել:

Ինչպիսի՞ն պետք է լինի դեռահասի սնունդը և ռեժիմը:

Սովորաբար, առավոտյան դեռահասները չեն նախաճաշում, ինչն ամենասխալ սովորությունն է: Երբ ամբողջ օրը դատարկ ստամոքսով են անցկացնում, ստամոքսահյութն սկսում է վնասել ստամոքսի սեփական պատերը: Չնախաճաշելու դեպքում երեկոյան տուն են գալիս և շատ ուտում, իսկ հետո լիքը ստամոքսով քնում: Արդյունքում սկսում է այրոց, սրտխառնոց, ստամոքսում ծանրության զգացում: Ուստի պարտադիր է առավոտյան նախաճաշելը: Ճիշտ նախաճաշը պետք է լինի շիլաների տեսքով:

Օրվա մեջ պետք է ուտել 3-4 անգամ, 3-4 ժամը մեկ, աշխատել տանը պատրաստած սնունդ օգտագործել: Դրսում սնվելու դեպքում հարկ է նախընտրել հնարավորինս քիչ վնասակար սնունդ, որի մեջ ավելի քիչ են թունավոր հավելումները և բաղադրիչները, նախընտրել   բանջարեղենային աղցաններ,խուսափելովդրսում պատրաստված սննդատեսակներից: Պետք է բացառել գազավորված ըմպելիքները, որոնք նույնպես վնասում են ստամոքսի լորձաթաղանթը և ամբողջ օրգանիզմը:

Օրվա վերջին սնունդը պետք է ընդունել քնելուց ամենաքիչը 2 ժամ առաջ:

Վիտամինների, միկրոէլեմենտների, սպիտակուցների կարևորությունը դեռահասների աճող օրգանիզմի համար:

Դեռահասների համար շատ կարևոր են վիտամինները, հատկապես վիտամին D-ն, քանի որ օրգանիզմը դեռևս աճման շրջանում է, երբ հատկապես կարևորվում են վիտամինները, սպիտակուցները, միկրոէլեմենտները՝ կալցիում, ֆոսֆոր և այլն: Երբեմն ծնողները երեխաներին ինքնուրույն պոլիվիտամիններ են տալիս, ինչը սխալ է` հաբերն  ընդամենը քիմիական  են: Պետք է երեխայի օրվա սնունդը հարուստ լինի բանջարեղենով, մրգերով, սպիտակուցներով, կաթնամթերքով, մսամթերքով, ձկնամթերքով, որպեսզի անհրաժեշտ նյութերը սննդով ընդունվեն:

Սնունդը պետք է բազմազան լինի: Նախկինում կարծիք կար, որ ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ է քաղցր սնունդ, սակայն `բնավ էլ օգտակար չէ, ուղեղի համար սպիտակուցներն են կարևոր:

Իհարկե, քաղցրն ամբողջովին բացառելը սխալ է, հարկ է օգտագործել միայն որակով քաղցրեղեն` մաքուր շոկոլադ, ոչ գունավորած կոնֆետներ, և միայն ճաշից հետո:

Ինչո՞ւմն է արագ սննդի վնասակարությունը:

Շատ վտանգավոր է արագ սննդի կետերից օգտվելը, «ֆաստ ֆուդն» իր մեջ պարունակում է մեծ քանակի ածխաջրեր և շատ քիչ քանակով սպիտակուցներ ու վիտամիններ:

Երբ երեխաները դրսում են սնվում, ուտում են ինչ պատահի. խմորային սնունդ, պիցա, նրբերշիկով պատրաստված սնունդ, ոչ թարմ երշիկեղեն, գենետիկորեն մոդիֆիկացված մթերք, սոյա, քիմիական հավելումներ, գունանյութեր, նիտրատներ, համ տվող նյութեր, հին համեմունքներ, որոնք օրգանիզմի համար թունավոր են և կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել՝ ավելորդ քաշի,մարսողական համակարգի  հետ կապված:

Դեռահաս տարիքում մեծանում է խոցային հիվանդության առաջացման ռիսկը , հատկապես ժառանգական նախատրամադրվածության առկայության դեպքում։

Հավելյալ քաշի, ճարպակալման հետևանքով կարող է զարգանալ  լյարդի ճարպակալում՝ճարպային հեպատոզը, երբ լյարդային բջիջները փոխարինվում են ճարպայինով, որը մեծ տարիքում կարող է լյարդի ցիռոզի պատճառ դառնալ: Ճարպի կուտակմանը նպաստում են ածխաջրերը, որոնցով հարուստ է վերոնշյալ սնունդը: Ճարպը կուտակվում է նաև սրտում, վնասում է անոթները, կարող են առաջանալ ճնշման տատանումներ: Հավելյալ քաշի դեպքում երեխաների մոտ հաճախ ի հայտ է գալիս նաև ճնշման խնդիրներ:

Դեռահասների մոտ նաև վնասակար է ծխախոտի օգտագործումը, ալկոհոլը, որում կարևոր դերակատարում ունի ընտանիքի դաստիարակությունը:

Դեռահասները հաճախ են պահպանում տարբեր սննդակարգեր, որքանո՞վ է դա վտանգավոր աճող օրգանիզմի համար:

Դեռահասների համար շատ վտանգավոր են սննդակարգերը: Հատկապես դրանք տեղի են ունենում սխալ տեղեկատվության արդյունքում: Համացանցը հեղեղված է սննդակարգերի խորհրդատվությամբ, որում դեռահասը ճիշտ կողմնորոշվել անկարող է: Նրանք ընտրում են ինքնուրույն, առանց նախապայմանի, թե իրենց օրգանիզմին ինչ է կարելի և ինչ` չի կարելի:

Եթե երեխան իսկապես հավելյալ քաշ ունի, ծնողը պետք է դիմի բժշկի, որպեսզի մի քանի նեղ մասնագետների կողմից պարզվի ավելորդ քաշի պատճառը. արդյո՞ք դա  էնդոկրին  կամ նյութափոխանակության խանգարում է  թե՞ դա ընդամենը ալիմենտար բնույթ է կրում և պատճառը սխալ սննդակարգն է: Դրանից հետո սննդաբանը որոշում է անհատական սննդակարգ: Այսպիով, եթե սննդակարգի անհրաժեշտություն կա, ապա այն պետք է ծնողի և մասնագետի վերահսկողությամբ ընտրվի ու իրականացվի:

Երբեմն հոգեբանի խորհրդատվության կարիք է լինում, երբ դեռահասը սննդից հրաժարվելով` իրեն հասցնում է անոռեքսիայի, ինչը բավականին լուրջ, երբեմն անդառնալի առողջական խնդիրների պատճառ կարող էդառնալ:

Սննդային կարգավորումից զատ, կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը: Եթե անգամ ակտիվ սպորտով չեն ուզում զբաղվել, օրվա ընթացքում օգտակար է 40 րոպե արագ քայլքը:

Կա՞ն ուսուցողական, խորհրդատվական աշխատանքներ ծնողների, դեռահասների համար պոլիկլինիկայում, դպրոցներում:

Փոքր տարիքում սննդի կազմակերպումը լավ վերահսկվում է, բայց ավելի մեծ տարիքի համար դա առայժմ անկառավարելի է:

Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին:

Ծնողը պետք է երեխային այնպես դաստիարակի, կրթի, որ նա միշտ հետևի, թե ինքն ինչ է ուտում: Թեկուզ այնքան գիտակից և խելացի լինի, որ կարդա, թե ինչ է գրված այն մթերքի վրա, որն ինքը ցանկանում է գնել խանութից: Ծնողը պետք է այն հոգեբանությունը դաստիարակի, որ երեխան չամաչի ասել, որ ինքը սիրում է առավելապես տնային սնունդ, բացառապես առողջ սնունդ: Ծնողը պետք է իր ճիշտ օրինակով դաստիարակի երեխային:

Սիրանուշ Փաշինյան,
Մանկական գաստրոէնտերոլոգ, գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ