«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ»

IMG-7368

Դեռահասությունը` 10-19 տարիների միջև ընկած ժամանակաշրջանը, մարդու կենսական ցիկլի կարևորագույն շրջաններից է: Դեռահասային տարիքում տեղի է ունենում ֆիզիկական և հոգեբանասոցիալական հասունացում, առաջանում են վարքագծային փոփոխություններ, որոնք երկարատև ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա հասուն տարիքում, ձևավորվում այն կենսակերպը, որին շատ դեպքերում մարդը հետևում է մինչև իր կյանքի վերջը: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` մեծահասների շրջանում վաղաժամ մահացության շուրջ 70%-ը պայմանավորված է դեռահասության տարիքում ձեռք բերված վարքագծով: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` ներկայումս աշխարհում մեծ տեղ է տրվում դեռահասների առողջության և վարքագծի հետազոտություններին, տվյալ տարիքային խմբին հասցեագրված հանրային առողջապահական ծրագրերին:

«Դպրոցահասակ երեխաների առողջության  վարքագիծ»-ը  (ԴԵԱՎՀ, Health Behaviour in School-aged Children Survey) միջազգային հետազոտություն է, ուղղված 11-17 տ. դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող առողջապահական, կրթական, սոցիալական, ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը, ինչն իր հերթին նպաստում է հետագա նպատակային միջամտությունների իրականացմանը: ԴԵԱՎՀ թույլ է տալիս ստանալ ներկայացուցչական տվյալներ ազգային մակարդակում, հավաստիորեն համեմատել տարբեր երկրների ցուցանիշները, ստանալ խնդիրների համաեվրոպական  և  միջազգային պատկերը:

ԴԵԱՎՀ իրականացվում է սկսած 1983 թ.-ից 4 տարին մեկ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Ներկայումս հետազոտությանը մասնակցում են 49 երկիր:

Հայաստանը միացել է ԴԵԱՎՀ ցանցին ի շնորհիվ «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից 2005թ. իրականացրած պիլոտային հետազոտության: Կանոնավոր ազգային հետազոտություններ անցկացվել են 2009/2010 և 2013/2014թթ.:

 

Ներկայիս հետազոտությունը իրականացվել է 2017/2018 թթ. «Արաբկիր» Բժշկական համալիրի կազմում գործող «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»-ի հետազոտական խումբը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Արդյունքների ներկայացմանը աջակցում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը:

Հետազոտությունը ներառել է 254 տվյալ, որոնք վերաբերում են ֆիզիկական և հոգեկան առողջությանը, սննդային սովորույթներին, ֆիզիկական ակտիվությանը, ազատ ժամանցին, ծնողների և ընտանիքի հետ կապվածությանը, ընկերների հետ հաղորդակցմանը, որոշ առողջապահական գիտելիքների առկայությանը, ծխախոտի, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործմանը: Ռիսկային վարքագծին առնչվող հարցերը տրվել են միմիայն 15 և 17 տարեկաններին:

Հետազոտությունն անցկացվել է 11, 13, 15 և 17 տարեկանների շրջանում` ԴԵԱՎՀ Միջազգային ցանցի մեթոդաբանության և ստանդարտ անանուն հարցաշարի հիման վրա: Ընդհանուր առմամբ, 11-15 տարիքային խմբերում հետազոտվել է հանրապետության 167 դպրոցի 4717 աշակերտ, իսկ 17 տարեկանների շրջանում`1175 աշակերտ:

 

Հետազոտությունը բացահայտեց հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ` կապված սննդային վարքագծի և նստակյաց սովորությունների հետ, առկա է ֆիզիկական ակտիվության պակաս, 15-17 տարեկան հասակում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը` այս ամենը նպաստում է Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածմանը: Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ լավ վերաբերմունքով, ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը: Կյանքից բավարարված են հայ դեռահասների մինչև 90%-ը, որը շատ բարձր ցուցանիշն է միջազգային կտրվածքով, սակայն բավարարվածության աստիճանը նվազում է տարիքի հետ: Դեռահասների մոտ գրանցվում են հոգեկան առողջության խնդիրներ, առկա է միջանձնային բռնության երևույթը:

Նախորդ հետազոտությունների համեմատությամբ արձանագրվել են ինչպե՛ս դրական, այնպե՛ս էլ որոշ բացասական միտումներ: