Հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

_IMG_0033

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային սուր ընթացող թոքաբորբի վարում» թեմայով տեսակոնֆերանս: Տեսակոնֆերանսին ներկա էին ո՛չ միայն Երեւանի, այլեւ հայաստանյան մարզերի բուժհաստատությունների բժիշկներ:

Տեսակոնֆերանսին դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, Արաբկիր ԲՀԵԴԱԻ թոքաբանական բաժանմունքի խորհրդատու, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի բժիշկ, դոցենտ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, ով պատասխանեց մի քանի հարցերի, որոնք հաճախ են տրվում ծնողների կողմից:

Ի՞նչ է արտահիվանդանոցային սուր թոքաբորբը:

– Թոքաբորբը երեխաների հիվանդացության եւ դեռեւս մահացության պատճառներից է: Բարեբախտաբար, ի շնորհիվ ձեռնարկվող միջոցառումների Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ցուցանիշն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ, դեռ խնդիր է: Մահացության և հիվանդացության կրճատման համար պահանջվում է կանխարգելում, իսկ հիվանդության ցարգացման դեպքում` համապատասխան վերաբերմունք առաջնային օղակի բժիշկների, հիվանդանոցային ծառայությունների եւ ծնողների կողմից, իրավիճակը ճիշտ գնահատելու ու ժամանակին բժշկի դիմելու համար: Թվարկածս պահանջները վերաբերում են ո՛չ միայն զարգացող, այլ նաեւ զարգացած երկրներին: Վերջին տասնամյակում ներմուծվել են նոր պատվաստումներ, որոնք ազդում են թոքաբորբի հարուցիչների վրա: Ռացիոնալ բուժման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ուղեցույցեր, որոնք պարբերաբար պետք է թարմացվեն, քանի որ ժամանակի հետ փոխվում են բուժման պահանջները եւ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղեկանան այդ մասին: Մեծ դերակատարում ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի աջակցությամբ դեռ 1994 թ. ՀՀ ԱՆ ընդունեց սուր շնչառական վարակների՝ առաջին հերթին թոքաբորբի, դեմ պայքարի ծրագիրը: Ծրագիրը, ինչպես նախարարության այլ ծրագերերը, նպաստեցին մանկական մահացության զգալի նվազմանը: Այսօր իրավիճակն արդեն այլ է, և բուժման համար ժամանակակից մոտեցումներում պետք է հաշվի առնել թե՛ ԱՀԿ, թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոպայի, թե՛ ռուսաստանյան արդի փորձը, ինչպես նաև պարտադիր հիմնվել մեզանում վերջին 20 տարվա ընթացքում կուտակված փորձի վրա:

Որո՞նք են արտահիվանդանոցային սուր թոքաբորբի առաջացման պատճառները:

– Գլխավոր պատճառները վիրուսները, մանրէներն են եւ դրանց համակցումը: Արդի հետազոտությունների արդյունքում վաղ հասակի երեխաների շրջանում հայտնաբերվում են մի քանի վիրուսներ, որոնցից առաջնահերթն են ՌՍՎ վիրուսը, ադենովիրուսը: Մանրէներից դեռ առաջին տեղում է պնևմոկոկը, իսկ ավագ տարիքի երեխաների և մեծահասակաների շրջանում՝ նաև միկոպլազման, քլամիդիան: Հիվանդության առաջացման պատճառը ճշտելու համար կարեւոր է հաշվի առնել վարակման վայրը` արտահիվանդանոցային է, թե` ներհիվանդանոցային:

Հիվանդության առաջացման համար որո՞նք են ռիսկի գործոնները:

– Յուրաքանչյուր ոք կարող է հիվանդանալ թոքաբորբով, սակայն հիվանդանալու ռիսկը ավելացնում են ներբնակարանային օդի աղտոտվածությունը (ծխախոտի, վառարանի առկայություն և այլն), հիգիենայի կանոնների խախտումները: Կարեւոր է նաև տվյալ բնակարանի բնակիչների խտությունը. որքան խիտ է բնակեցված, այնքան հիվանդացության հավանականությունը մեծ է: Արտաքին միջավայրի ռիսկային գործոններից են ներշնվող օդում աղտոտիչ մասնիկները, փոշին: Այլ պատճառներից է երեխայի թերսնուցումը, կրծքով կերակրելու բացակայությունը, ցածր իմունիտետը եւ այլն:

Ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում:

– Տենդ, հազ, դժվարաշնչություն, հաճախաշնչություն, ընդհանուր թուլության զգացողություն:

Հիվանդությունն, առհասարակ, ինչպե՞ս է ընթանում:

– Սուր վիճակը կարող է ընթանալ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Թոքաբորբի լավացման օբյեկտիվ նախանշաններից են տենդի նվազումը, շնչառության բարելավումը, ինչպես նաև ախորժակի լավացումը: Նշված փոփոխությունները, սովորաբար, խոսում են այն մասին, որ հիվանդության առավել ծանր շրջանն անցած է:

Վարակի՞չ է թոքաբորբը:

– Սա վարակիչ հիվանդություն է, այն տարածվում է օդի և շնչառության միջոցով

Ե՞րբ դիմել բժշկի:

– Թվարկածս նախանշաններից յուրաքանչյուրի առկայության դեպքում բժշկին դիմելը պարտադիր է:

Ե՞րբ հոսպիտալացնել հիվանդին:

– Գոյություն ունի հիվանդին հոսպիտալացման հատուկ ցուցումներ՝ թթվածնային քաղց, թուլություն, ներթոքային եւ արտաթոքային բարդությունների կասկած:

Որո՞նք են ախտորոշման մեթոդները:

– Արտահիվանդանոցային սուր թոքաբորբը տանը բուժելիս պետք է հետազոտվի կլինիկորեն՝ առանց գործիքների, որոշ դեպքերում ցուցված է ռենտգեն հետազոտությունը, իսկ հիվանդանոցային՝ առավել ծանր թոքաբորբերի դեպքերում, ռենտգեն հետազոտությունը պարտադիր է:

Հիվանդության ընթացքում ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:

– Կարող են զարգանալ թոքի թարախակույտ, մենինիգիտ եւ սեպսիս: Տվյալ բարդությունների ժամանակին և ճիշտ ախտորոշումը խիստ կարևոր է երեխայի կյանքը փրկելու համար:

Որո՞նք են բուժման մեթոդները: Մի՞շտ է հակաբիոտիկային բուժում պահանջվում:

– Թոքաբորբը պահանջում է հակաբակտերիալ բուժում, քանի որ այսօր դեռևս ոչ միշտ է հնարավոր առանձնացնել մանրէական թոքաբորբերը վիրուսայինից:

Սննդային առանձնահատկությունը թոքաբորբի ժամանակ:

– Հատուկ սննդակարգ գոյությունի չունի, կարեւոր է հիվանդության ընթացքում լիարժեք սննդի ապահովումը և հեղուկների պատշաճ ընդունումը, որպեսզի ապաքինումը հնարավորինս արագ լինի:

Ե՞րբ կարելի է պատվաստում կատարել, եթե երեխան հիվանդացել է թոքաբորբով:

– Անմիջապես հետո ցանկալի չէ:

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:

– Թոքաբորբի կանխարգելման համար կարեւոր է ժամանակին կատարել պատվաստումները, հետեւել հիգիենայի կանոններին և ռացիոնալ սննդին, ինչպես նաև կոփել երեխային: