Ինչպե՞ս երեխային նախապատրաստել համակարգչային տոմոգրաֆիայի

IMG_3328

Մեր զրուցակիցն է «Արաբկիր» ԲՀ-ի Ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար և բաժնի վարիչ Նարինե Մանուկյանը:
–   Որքա՞ն ժամանակ է, ինչ կլինիկայում գործում է համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ):

–   «Արաբկիր» ԲՀ-ի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում գործում են 3 ծառայություններ՝  համակարգչային տոմոգրաֆիա, թվային ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություն: Արդեն 4 տարի է մեր բժշկական կենտրոնում իրականացվում է ՀՏ հետազոտություն:

–   Ներկայում ի՞նչ համակարգչային տոմոգրաֆ է գործում կլինիկայում և ի՞նչ առավելություններ ունի այլ տոմոգրաֆներից:

–   Մեր կենտրոնում տեղադրված է Toshiba “Alexion” համակարգչային տոմոգրաֆ: Այսօր Երևան քաղաքի շատ բժշկական կենտրոններ համալրված են նորագույն սարքավորումներով, որոնք միմյանցից տարբերվում են միայն արագությամբ: Մեր կենտրոնում գործող ՀՏ հետազոտության առավելությունը երեխաների հետ կատարված աշխատանքի երկար տարիների փորձն է, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող ստեղծված աշխատաոճը և, անհրաժեշտության դեպքում, Շվեյցարիայի առաջատար մասնագետների հետ խորհրդակցելու հնարավորությունը:

–   Այդ ժամանակահատվածում վիճակագրական վերլուծական ի՞նչ եզրահանգումներ ունեք. ո՞ր դեպքերում և ո՞ր տարիքային խմբերում է ՀՏ հետազոտության կարիքն առավել շատ:

–   ՀՏ հետազոտությունն անհրաժեշտ է բոլոր տարիքային խմբերում, հատկապես, երբ պետք է ունենալ արագ և տեղեկատվական պատասխան:

–   IMG_3353Ո՞ր տարիքից կարելի է իրականացնել ՀՏ:

–   ՀՏ կարելի է իրականացնել անգամ 1 օրեկան նորածնին, եթե կա ցուցում:

–   Ո՞ր դեպքերում է կիրառվում ՀՏ և ե՞րբ է հատկապես հետազոտությունը հրատապ ու անփոխարինելի մանկական պրակտիկայում:

–   ՀՏ իրականացվում է, երբ ռենտգեն կամ ՈՒՁ հետազոտության պատասխաններից հետո վերջնական ախտորոշման համար մնում են հարցականներ, մասնավորապես վնասվածքների կամ ծանր վիճակում գտնվող պացիենտների դեպքում:

–   Ինչպե՞ս երեխային նախապատրաստել ՀՏ հետազոտության:

–   Նախևառաջ, երեխայի հետ պետք է զրուցեն ծնողները, բացատրեն կամ անգամ ներշնչեն, որ դա «կարուսել» է: Պետք է ընտրեն հարմար հագուստ, հանեն բոլոր մետաղական իրերը (ականջող, վզնոց, մազակալ և այլն):

–   Որքանո՞վ է ՀՏ հետազոտությունն անվնաս մանկական տարիքում:

–   Չեմ կարող ասել, որ լիովին անվնաս է: Կան հետազոտություններ, որոնք վկայում են, որ հետագա կյանքում բարձրանում է որոշ խումբ հիվանդությունների ռիսկը: Այդ փաստը հաշվի առնելով՝ ՀՏ հետազոտությունն իրականացնում ենք միայն խիստ ցուցումներով և հատուկ ցածր ճառագայթային չափաբաժնով:

–   Կարելի՞ է կրծքով կերակրել նախքան ՀՏ կամ ՀՏ հետազոտությունից հետո:

–   Հարցը կարելի է տարաբաժանել. առաջին, երբ հետազոտվում է երեխան, և երկրորդ, երբ հետազոտվում է կերակրող մայրը: Եթե հետազոտվում է երեխան, ապա կախված հետազոտվող հատվածից և հետազոտության ծավալից, նախապատրաստական քայլերը տարբեր են: Եթե հետազոտվում է կերակրող մայրը, այս դեպքում հիմնական խնդիրը ներարկվող կոնտրաստային նյութն է (եթե հետազոտման ընթացքում կիրառվում է), որը դուրս է գալիս օրգանիզմից միջինը 12 ժամվա ընթացքում:

Շարունակելի…