Ի պատասխան 21.03.2018թ shamshyan.com կայք-էջում տեղադրված տեղեկատվության

logo-arabkir--- copy--

21.03.2018թ. shamshyan.com կայք էջում տեղադրվել է «Արտակարգ դեպք «Արաբկիր» բժշկական կենտրոնում. 2-ամյա երեխան բժիշկների սխալ բուժումների պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. ծնողներին չեն թողնում տեղափոխել այլ հիվանդանոց վերնագրով ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ»:

Պաշտոնապես հայտնում ենք, որ երեխայի մոր կողմից տրված հաղորդումը և հոդվածում տեղ գտած տեսագրությունը բացարձակապես սուտ է, մտացածին և չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ պարունակում է անհիմն մեղադրանք և զրպարտանք:

Երեխան տառապում է զարգացում ունեցող ծանր հիվանդություններով և 2016 թվականից բուժվում է «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում:

Ի պատասխան տեղադրված հոդվածին, հայտնում ենք, որ թե՛ ծնողների, և թե՛ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկների միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական կոնսիլիումներ հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ տվյալ դեպքը քննարկելու համար,  որոնց ընթացքում արձանագրվել է, որ երեխան իրոք տառապում է վերը նշված հիվանդություններով: Այդ կոնսիլիումների ընթացքում քննարկվել են նաև բուժման ուղղությունները, որոնք համարվել են ադեկվատ:

Հարկ ենք համարում նշել, որ երեխայի ընդունման առաջին իսկ օրվանից ծնողներն անընդհատ փորձել են միջամտել բուժանձնակազմի աշխատանքներին, անհիմն մեղադրանքներով և սպառնալիքներով ահաբեկել նրանց: Այս մասին բոլոր այն բաժանմունքների ղեկավարները, որտեղ երեխան բուժվել է,  կրկնվող միջադեպերի մասին գրավոր տեղեկատվություն են ներկայացրել համալիրի ադմինիստրացիային:  Ծնողները բազմիցս հրաժարվել են մի շարք միջամտություններից: Հատուկ կցանկանայինք նշել, որ երեխայի ծնողները մշտապես բնակվում են «Արաբկիր» բժշկական համալիրում և որևէ մեկը նրանց երբևէ չի առաջարկել երեխային տեղափոխել այլ բուժհաստատություն: Նշված հանգամանքից երևում է, որ երեխայի ծնողները գոհ են եղել ստացած բժշկական սպասարկումից, սակայն անհասկանալի պատճառներով հայտարարում են հակառակը:

Վերը նշված կոնսիլիումների ժամանակ` նրանք կրկին անհիմն մեղադրանքներ առաջադրելով «Արաբկիր» բժշկական համալիրի բուժանձնակազմին, իրենք են դիմել կոնսիլիումին մասնակցող այլ բուժհաստատություններից ներկա մասնագետներին` տեղափոխման առաջարկով, սակայն կոնսիլիումների որոշումներով հաստատվել է, որ երեխան պետք է մնա և շարունակի բուժվել ու խնամվել «Արաբկիր» բժշկական համալիրում, քանի որ բուժումն ու խնամքը իրականացվում են համապատասխան պատշաճ ձևով: Ըստ էության, կոնսիլիումների մասնակից որևէ բուժհաստատության ներկայացուցիչ չի առաջարկել կամ որոշել տեղափոխել երեխային իրենց բուժհաստատություն:

Ինչ վերաբերում է երեխայի կողքին այլ հիվանդ պառկեցնելուն, ինչպես նշում է մայրը,  ապա  նշենք, որ երեխան հիմնականում եղել է երկու ծնողների հետ առանձին հիվանդասենյակում, իսկ նախկինում, եթե նույնիսկ ինտենսիվ թերապիայի կամ այլ բաժանմունքում եղել են ինչ-որ հեռավորության վրա երեխաներ, բուժանձնակազմը հաշվի է առել բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը և որևէ վտանգավոր գործողություն, ինչը կարող էր բերել այս երեխայի առողջական վիճակի վատացմանը, չի իրականացրել:

Նշենք նաև, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ հաջողվում է կայուն պահել երեխայի առողջական վիճակը: Ինչ վերաբերում է երեխայի մոր` տնօրենին խնդրանքով դիմելու և իրավիճակին տեղեկացնելու մասին, հայտարարում ենք, որ ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել shamshyan.com խմբագրությանը և լրագրողին հորինված պատմություն է պատմում տեսագրությունում, տնօրենի խոսքերը ներկայացնում է հակառակ և ոչ ճիշտ ձևով ու չի նշում իր ոչ ադեկվատ և ոչ հավասարակշռված պահվածքի մասին: Այդ միջադեպի մասին մի քանի ժամ անց մեր կողմից հաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին` երեխայի մոր պահվածքին իրավական գնահատական տալու համար:

Հաղորդումը նույն օրն ընդունվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և այժմ գործով զբաղվում է ոստիկանությունը: «Արաբկիր» բժշկական համալիրը ցավում է ստեղծված իրավիճակի համար և հորդորում է երեխայի ծնողներին զերծ մնալ նման պահվածքից, չխոչընդոտել իրենց երեխայի բուժման և խնամքի ընթացքին, ինչպես նաև իրենց պահվածքով չոտնահարել հարևան հիվանդասենյակներում բուժվող երեխաների իրավունքները: Պետք է նշել, որ թե՛ բժիշկները և թե՛ բուժհաստատության տնօրինությունը մի քանի ծնողների կողմից ստացել են ստորագրված դիմում-բողոք այս երեխայի ծնողների բաժանմունքում ոչ ադեկվատ պահվածքի վերաբերյալ:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինությունը վստահեցնում է, որ, չնայած ստեղծված իրավիճակին և ծնողների անընդունելի պահվածքին, համառորեն շարունակելու է տրամադրել բուժօգնություն և խնամք այս երեխային՝ իրականացնելով իր բժշկական առաքելությունը: