Ի պատասխան blogzone.am կայքում տեղադրված հոդվածի

1459109_243428382487266_1836599918_n

23.10.2018թ. blogzone.am կայք էջում տեղադրվել է «Առողջ երեխայիս Արաբկիրը դարձրեց այսպիսին. հուսահատ քաղաքացին դիմում է վարչապետին և ամբողջ աշխարհին» հոդվածը:

Պաշտոնապես հայտնում ենք, որ երեխայի ծնողների կողմից տրված տեղեկատվությունը բացարձակապես սուտ է, մտացածին և չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ պարունակում է անհիմն մեղադրանք և զրպարտանք:

Երեխան տառապում է զարգացման հետ կապված ծանր հիվանդություններով և 30.12. 2016 թվականից բուժվում է  «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում: Ի պատասխան տեղադրված հոդվածին, հայտնում ենք, որ թե՛ ծնողների և թե՛ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկների միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տվյալ դեպքը քննարկելու համար կազմակերպվել են մի շարք մասնագիտական կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ: Արձանագրվել է, որ երեխան, իրոք, տառապում է մի շարք հիվանդություններով: Այդ կոնսիլիումների ընթացքում քննարկվել են նաև բուժման ուղղությունները, որոնք համարվել են ադեքվատ:

Վերոնշյալ կոնսիլիումների ժամանակ, նրանք կրկին անհիմն մեղադրանքներ առաջադրելով «Արաբկիր» բժշկական համալիրի բուժանձնակազմին, իրենք են դիմել կոնսիլիումին մասնակցող այլ բուժհաստատություններից ներկա մասնագետներին` տեղափոխման առաջարկով, սակայն կոնսիլիումների որոշումներով հաստատվել է, որ երեխան պետք է մնա և շարունակի բուժվել ու խնամվել «Արաբկիր» բժշկական համալիրում, քանի որ բուժումն ու խնամքը իրականացվում են համապատասխան պատշաճ ձևով:

Հարկ ենք համարում նշել, որ երեխայի «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունման առաջին իսկ օրվանից ծնողներն անընդհատ փորձել են միջամտել բուժանձնակազմի աշխատանքներին: Ծնողները բազմիցս հրաժարվել են մի շարք միջամտություններից:
Ինչ վերաբերում է երեխայի ծնողների` տնօրինությանը խնդրանքով դիմելու և իրավիճակին տեղեկացնելու մասին, հայտարարում ենք, որ ծնողներն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել blogzone.am խմբագրությանը:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինությունը վստահեցնում է, որ, չնայած ստեղծված իրավիճակին և ծնողների անընդունելի պահվածքին, համառորեն շարունակելու է տրամադրել բուժօգնություն և խնամք այս երեխային՝ իրականացնելով իր բժշկական առաքելությունը: