Կապույտ հազը երեխաների մոտ

04_Aetherische_Oele_Kind_hustet_iStock_000016231393Small

Կապույտ հազը ինֆեկցիոն հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ուղիով, բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով:

Վարակելիությունը 70-80% է: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ մարդը, վարակի փոխանցումը երրորդ անձի միջոցով չի բացառվում: Կառավարելի ինֆեկցիա է, այսինքն մեր երկրում, ըստ պատվաստումների ազգային օրացույցի, կատարվում է համատարած պատվաստում` դիֆթերիայի և փայտացման հետ միասին /ԱԿԴՓ/:

Ո՞րն է կապույտ հազի պատճառը

Հարուցիչը բակտերիա է: Անկայուն է արտաքին միջավայրում: Մուտքի դուռը շնչուղիների լորձաթաղանթն է: Մանրէն ներդրման տեղում առաջացնում է բորբոքային պրոցես: Ախտաբանական գործընթացը առավել արտահայտված է բրոնխներում, ավելի քիչ շնչափողում, կոկորդում, քիթըմպանում:

Հետինֆեկցիոն իմունիտետը կայուն չէ, հնարավոր է կրկնակի վարակում մոտ 5% դեպքերում: Հարկ է նշել, որ միևնույն ախտանիշներով ընթանում է նաև հարկապույտ հազը, որի համար պատվաստում չի կատարվում:

Ինչպիսի՞ գանգատներ են բնորոշ կապույտ հազին

Գաղտնի շրջանը տևում է 5-20 օր: 
Նախանշանների շրջան` տևում է 7–14 օր, ախտանիշները` չոր տանջող հազ, ջերմությունը նորմալ կամ մինչև 38 C, ինքնազգացողությունը` բավարար: Հազը աստիճանաբար ուժեղանում է` ստանալով նոպայաձև բնույթ: 
Սպազմատիկ շրջան` տևում է 4-6 շաբաթ, հազը նոպայաձև` իրար հաջորդող արտաշնչական հրոցներին հաջորդում է սուլող ներշնչում ռեպրիզ դեմքը կարմրած, երբեմն` կապտավուն երանգով, լեզուն` արտանկված, հազի նոպայի ժամանակ կարող է առաջանալ արյունազեղում աչքերում, քթային արյունահոսություն, արյունազեղում իրանի վերին հատվածների և դեմքի վրա: Հազը ավարտվում է կպչուն խորխի արտազատումով: Կարող է լինել կարճատև շնչառության կանգ:
Հետզարգացման կամ լուծման շրջան` տևում է 2– 3 շաբաթ, հազը կորցնում է տիպիկ բնույթը և աստիճանաբար մարում է:
Կապույտ հազը կարող է տալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են բրոնխիտը, բրոնխիոլիտը, թոքաբորբը, ցնցումային համախտանիշը, ուղեղային արյունազեղումները, աճուկային և պորտային ճողվածքները, ուղիղ աղու արտանկումը:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը

Հիվանդությունը ախտորոշվում է վերոհիշյալ կլինիկական ախտանիշների և էպիդեմիոլոգիական ցուցանիշների (հիվանդը նշում է շփում կապույտ հազով հիվանդի հետ) հիման վրա: Վերջնական ախտորոշման համար կատարվում է
արյան ընդհանուր քննություն, վերին շնչուղիների պարունակության բակտերիոլոգիական հետազոտություն հիվանդության վաղ շրջանում, արյան շճաբանական հետազոտություն, կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա`
թոքաբորբի կասկածի դեպքում:

 Ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը տնային պայմաններում

  • զբոսանքներ մաքուր օդի պայմաններում
  • օդափոխել և խոնավացնել սենյակի օդը
  • սնունդը պետք է լինի բարձր կալորիականության, վիտամիններով հարուստ
  • մեծ քանակությամբ հեղուկների ընդունում
  • բարձր ջերմության դեպքում` ջերմիջեցնողներ /պարացետամոլ, իբուպրոֆեն/
  • խորխաբերներ` բժշկի նշանակմամբ
  • սուպրաստին, տավեգիլ (այլ հակաալերգիկ միջոցներ, բացի դիմեդրոլից)
  • հակաբիոտիկոթերապիան արդյունավետ է միայն հիվանդության վաղ շրջանում:


Ու՞մ պետք է դիմել, եթե երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ

Եթե Ձեր երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ, անհրաժեշտ է երեխային մեկուսացնել, ապա դիմել տեղամասային մանկաբույժին:

Հիվանդին մեկուսացնում են 30 օր, կոնտակտավորներին` 14 օր:

Եթե առկա են միջին ծանրության և ծանր ձևեր կամ բարդություններ (ցնցումներ, գիտակցության խանգարումներ, բազմակի փսխումներ, համառ տենդ 400 և ավելի, հաճախակի նոպաներ), անհրաժեշտ է երեխային տեղափոխել մոտակա ինֆեկցիոն հիվանդանոց: