Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք

IMG_9115

–   Ինչպե՞ս է ստեղծվել Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքն, աշխատանքի հիմքում ի՞նչ սկզբունքներ են դրված: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքի վարիչ Լիանա Աղաջանյանի հետ:

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, բաժանմունքի ստեղծման պատմությունը

–   Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը հիմնադրվել է «Արաբկիր» բժշկական համալիրում 2007 թվականին։ 2007-ին բաժանմունքում աշխատում էր մեկ բժիշկ-ֆիզիոթերապևտ և մեկ մերսող/մերսման բուժքույր: Ներկայումս «Արաբկիր» ԲՀ վերականգնողական բաժանմունքը վերանորոգվել է, շվեյցարացի մասնագետների հետ համագործակցության արդյունքում ընդլայնվել է առաջարկվող ծառայությունների ցանկը: Բաժանմունքի ստեղծման հիմնական նպատակն էր վերականգնողական ծառայություններ մատուցել Արաբկիր ԲՀ-ում զանազան խնդիրներով երկարատև բուժման մեջ գտնվող երեխաներին: Օրինակ, եթե վիրահատությունից հետո հիվանդին ցուցված է վերականգնողական շրջան անցնել, բաժանմունքի առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել դա և ժամանակին կանխարգելել երկրորդային բարդությունների առաջացումը: Եթե երեխան հոսպիտալացվել է, օրինակ` ցնցումների պատճառով, բացի հակացնցումային բուժումից, նրա փուլային ֆիզիկական զարգացումը խթանելու համար, կազմակերպվում է նաև այդ խնդրի վերացմանը միտված վերականգնողական բուժում։

«Արաբկիր» ԲՀ-ում բուժման մեջ գտնվող երեխաներին հիվանդանոցային բուժօգնությունից զատ մատուցվում են նաև ամբուլատոր ծառայություններ`երեխաները ստանում են վերականգնողական բուժում և վերադառնում տուն։

IMG_8989–   Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում բաժանմունքը:

–   Բաժանմունքի համար կարևոր սկզբունք է մատուցել որակյալ և մատչելի ծառայություն, բացառել լացի ներքո աշխատելը, ստեղծել վստահության ջերմ մթնոլորտ: Որպեսզի երեխաները բուժվելու գան ինքնակամ, նրանք ֆիզիկական թերապիային ինտեգրվում են խաղի միջոցով: Կարևոր սկզբունքներից եմ համարում նաև բժշկությունը բիզնեսի չվերածելը։

–   Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել:

–   Բաժանմունքի ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուրն, ով ունի վերականգնողական բուժման կարիք, առաջնահերթ` հիվանդանոցում բուժօգնություն ստացող երեխաները:  Բաժանմունք` ամբուլատոր կարգով կարող են դիմել հենաշարժողական և նյարդամկանային խնդիրներով երեխաներ, դեռահասներ և մեծահասակներ:

IMG_8969–   Բաժանմունքում ի՞նչ ծառայություններ են իրականացվում երեխաների և մեծահասակների համար:

–   Բաժանմունքում իրականացվում են բժիշկ-վերականգնողաբանի կողմից երեխաների և մեծահասակների խորհրդատվություն, նաև՝ մեծահասակների մանուալ թերապիա: Բժշկի նշանակումով ֆիզիոթերապիստները և էրգոթերապիստներն իրականացնում են համապատասխան թերապիա: Ֆիզիոթերապիա կամ կինեզիոթերապիա նշանակում է բուժում շարժումների միջոցով, էրգոթերապիան զարգացնում է մանր մոտորիկան և ճանաչողական ոլորտն՝ ապահովելով երեխայի առօրյա ակտիվությունը։ Որպես գործիքային բուժում կիրառվում է ուլտրաձայնային թերապիան:

–   Անձնակազմը

IMG_9013–   Ես բժիշկ֊-վերականգնողաբան եմ, բացի մանկական խորհրդատվություններից և բուժումից, աշխատում եմ նաև մեծահասակների հետ, իրականացնում եմ ողնաշարի և վերջույթների հոդերի մանուալթերապիա` Մեյթլանդիս կզբունքով: Դա մանուալթերապիայի ավստրալիական դպրոցն է, որը ես ուսումնասիրել եմ Ֆինլանդիայում, Հունաստանում և Ավստրիայում անցկացվող միջազգային դասընթացների ժամանակ:

Բաժանմունքում աշխատում են ֆիզիոթերապիստներ Գոհար Ղազարյանը, Հասմիկ Պողոսյանը, Լիլյա Գալստյանը, Հասմիկ Փլուզյանը և էրգոթերապիստ` Լիլիթ Առաքելյանը, որոնք պարբերաբար վերապատրաստվում են մեր արտասահմանյան գործընկերների կողմից:

–  Որտե՞ղ և ինչպե՞ս են վերապատրաստվում մասնագետները:

IMG_9029–   Քանի որ աշխատում ենք բազմապրոֆիլ հիվանդանոցում, որտեղ կան թե’ շնչառական, թե’ նյարդամկանային և հենաշարժողական խնդիրներով երեխաներ, մասնագետները պարբերաբար թարմացնում են իրենց գիտելիքները` մասնակցելով տարբեր բժշկական հաստատություններում անցկացվող սեմինարներին:

–   Ի՞նչ հատուկ միջոցառումներ է իրականացրել և ի՞նչ ձեռքբերումներ ունի բաժանմունքը:

–   Կարևոր ձեռքբերումներից է աշխատող մասնագետների տարեցտարի ավելացող պրոֆեսիոնալիզմը: Մասնագետները տիրապետում են Բոբաթի մոտեցմանը նյարդաշարշողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, շնչառական թերապիայի ժամանակակից մեթոդներին, մեջքի ցավի կառավարման և հոդերի մոբիլիզացիայի տեխնիկաներին:

Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այցելուների վստահությունը: Այս տարիների ընթացքում բաժանմունքն ունի քրոնիկ խնդիրներով արդեն մշտական դարձած այցելուներ:

–   Ովքե՞ր են Ձեր գործընկերները:

–   «Արաբկիր» ԲՀ-ի կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը սերտ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքի հետ, սույն թվականից նաև ֆրանսիական օստեոպատների դպրոցի հետ, «Էկոստեո» ընկերության հետ:

Ինչպես նաև համագործակցում ենք Հայաստանի տարբեր վերականգնողական կենտրոնների հետ, պարբերաբար կազմակերպելով գործնական հանդիպումներ, միջթիմային քննարկումներ և դասընթացներ:

IMG_9069IMG_9103IMG_9133IMG_9156 IMG_9105