Հոկտեմբերին, միջազգային մասնակցությամբ, կայացավ Հայաստանի մանկական բժիշկների 6-րդ ազգային կոնֆերանսը

IMG_1480

Հոկտեմբերի 12-13-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ երեխաների և դեռահասների առողջության արդիական խնդիրներին նվիրված Մանկական բժիշկների ազգային 6-րդ կոնֆերանսը, որին մասնակցեցին նաև արտերկրից ժամանած մասնագետներ:

Կոնֆերանսի ծրագրում ներառված էին  ընդհանուր մանկաբուժության, մանկական գաստրոէնտերոլոգիայի, սննդաբանության, շնչառական վարակների վարման և մի շարք այլ ուղղություններին վերաբերոց հրատապ թեմաներ: Զեկույցներով հանդե եկան Շվեյցարիայից, Ավստրիայից, Գերմանիայից, ՌԴ-ից հրավիրված, ինչպես նաև տեղացի ճանաչված մասնագետներ: Ներկայացվեցին և քննարկվեցին մանկաբուժության տարբեր ուղղություններին առնչվող ուշագրավ կլինիկական դեպքեր և բժշկական սխալներ: Ավելին տեղեկանալու համար զրուցեցինք կազմակերպիչների և հյուրերի հետ:

IMG_1412Եվա Մովսեսյան՝ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի տնօրեն, «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան ստեղծվել է  2007 թ-ին` երեխաների և դեռահասների առողջության և զարգացման հիմնախնդիրների լուծման և մանկաբուժության օգնության որակի բարելավման առաքելությամբ: Ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է տարբեր կրթական միջոցառումներ, 2008 թ-ից սկսած յուրաքանչյուր տարի գարնանը  կազմակերպվում են մանկաբուժական դպրոցներ, իսկ 2 տարին մեկ անգամ ավանդաբար անցկացվում է հանրապետական մանկական կոնֆերանս՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ:

Այդ գիտաժողովներին արտասահմանից  հրավիրվում են տարբեր ոլորտների մասնագետներ, մանկաբույժներ, ովքեր հանդես են գալիս իրենց դասախոսություններով, կիսվում մանկական տարբեր հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքով, նորագույն մոտեցումներով: Նախկինում դասախոսներ են եկել Շվեյցարիայից, Անգլիայից, Դանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և այլ երկրներից:

IMG_1470Այս տարի թվով 6-րդ մանկաբուժական կոնֆերանսն անցկացվեց մեր մայր բուհում ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, ինչի համար երախտապարտ ենք վերջինիս ռեկտորին:

Այս կոնֆերանսին մասնակցեցին ինչպես տեղացի շատ ճանաչված մասնագետներ, այնպես էլ արտերկրից  ճանաչված դասախոսներ՝ Ցյուրիխի մանկական կլինիկայից մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման ծառայության ղեկավար պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը, Գրացի համալսարանական կլինիկայից՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական գաստրոէնտերոլոգիայի մասնագետ, ճանաչված մանկական գաստրոէնտերոլոգ պրոֆեսոր Ալմութ Քրիստինա Հաուերը, Գերմանիայի Բոննի համալսարանական կլինիկայից ճանաչված մանկական գաստրոէնտերոլոգ պրոֆեսոր Միքայել Լենցեն, ճանաչված մասնագետներ Ռուսատանից` Մոսկվայից, նաև տեղացի առաջատար մասնագետները, Երևանի պետական բժշկական համալսարանաի պրոֆեսորադասախոսական կազմից:

Կոնֆերանսի շրջանակներում միշտ ընդգրկվում են ամենաարդիական թեմաները: Այս տարի կարևորեցինք մանկական գաստրոէնտերոլոգիան, ընդգրկելով աճի խանգարումները, փորկապությունը, պրոբիոտիկների և պրեբիոտիկների կիրառումը, ներկայացվեցին նաև շնչառական վարակների վարման նորագույն մոտեցումները և տարածված սխալները, սնուցման հետ կապված հարցեր և այլն:

IMG_1473Այս կոնֆերանսների նկատմամբ մեր մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում և միշտ մեծ թվով մասնակցություն են ունենում, անգամ մինչև 400 հոգի: Այս անգամ մասնակեցին շուրջ 350 մանկական բժիշկներ: Միշտ էլ կարդացվում են հետաքրքիր դասախոսություններ, լինում են քննարկումներ, ինչի արդյունքում մեր մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, մանկական վիրաբույժները և մանկական նեղ մասնագետներն արդեն կիրառում են բուժման ժամանակակից մեթոդներ, ճանաչում են առաջատար կլինիկաներում առկա մոտեցումները:

Ուրախ ենք նաև, որ մարզերից և Արցախից արդեն ունենում ենք շատ մասնակիցներ. սկզբում մարզերի բժիշկները ընդհանուր թվի 1/3-ն էին կազմում, այժմ արդեն մասնակիցների մոտ կեսը մարզերի բժիշկներն են:

Մեր կոնֆերանսները, սովորաբար, 2 օր են տևում. անցկացվում են ուրբաթ և շաբաթ օրերին, որպեսզի մանկաբույժներին հնարավորինս քիչ կտրենք իրենց աշխատանքից:

Ունենում ենք նաև սփյուռքից ներկայացուցիչներ` Հայաստանում բնակվող լիբանանահայ, սիրիահայ բժիշկներ:
Արդեն երկու անգամ  ծրագրում ուսուցողական նպատակով ներառել ենք ուշագրավ կլինիկական դեպքերի ներկայացում  և քննարկում: Շեշտը հատկապես դրվում է բժշկական սխալների վրա, որպեսզի բժիշկները կարողանան սովորել ուրիշների սխալների վրա և դրանք հետագայում չկրկնեն իրենց պրակտիկայում:

IMG_1480Չեմ կարող չնշել նաև, որ ասոցիացիան ունի շատ լավ գործընկերներ, ովքեր տարիներ ի վեր օգնում և աջակցում են մեր միջոցառումների կազմակերպմանը: Դա Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցն է, որը «Արաբկիր» հիվանդանոցի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում միշտ գործուղում է առաջատար, ճանաչված դասախոսներ, որոնք կիսվում են իրենց փորձով: Դեղագործական ընկերություններից մեր գլխավոր հովանավորն է «Աստելլաս ֆարմա» ընկերությունը: Գիտաժողովի անցկացմանը օժանդակեցին նաև այլ հովանավորներ:

Մանկաբուժական հայկական ասոցիացիայի հիմնական առաքելությունը մանկաբուժության որակի բարելավումը և մանկական մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումն է: Մեր միջոցառումների մասնակիցները ստանում են առողջապահության նախարարության կողմից հավաստագրեր` կրեդիտներով, որոնք անհրաժեշտ են նրանց մասնագիտական գործունեության համար:

Հետագայում նույնպես  ակտիվորեն շարունակելու ենք մեր աշխատանքները:

IMG_1425Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական Համալսարանի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր

Ասոցիացիան ակտիվ աշխատում է մանկական մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման ոլորտում: Երկու տարին մեկ մենք կազմակերպում ենք այսպիսի լայնածավալ գիտաժողովները: Սա հերթականն է: Այս անգամ էլ արտերկրից հրավիրել էինք  հայտնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին բժշկական նորությունները, փոխանցեցին իրենց փորձը:

Ներկայումս մանկաբուժության մեջ լուծում պահանջող շատ հարցեր կան, հատկապես կրթության հետ կապված. թե ինչպես պետք է իրականացնել մանկաբուժական ուսուցումը,  հետբուհական շարունակական կրթությունը և այլն, որոնք նույնպես քննարկվեցին այս գիտաժողովի շրջանակներում:

IMG_1439Գայանե Գևորգի Ամարյան` «Արաբկիր» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի ծառայության և Պարբերական հիվանդության Հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ

Այս միջոցառումը մանկաբուժության հայկական ասոցիացիայի հերթական միջոցառումն էր: Այս շաբաթ ավարտվեց նաև Երևանում անցկացված մանկական գաստրոէնտերոլոգիայի միջազգային սեմինարը (ESPGHAN, ԷՍՊԳԱՆ), որտեղ  Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հանդիսանում էր համակազմակերպիչ:

Միջազգային դպրոցը մեծ հաջողությամբ անցկացրեցին Եվրոպայից հրավիրված 7 հանրահայտ մասնագետներ՝ մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի  և սնուցման  ոլորտներից: Բավականին մեծ լսարան էր հավաքված. ներկա էին մանկական գաստրոէնտերոլոգիայի և այլ բնագավառների հատուկ ընտրված նեղ մասնագետներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ:

IMG_1475Այսօրվա մեր հերթական գիտաժողովին հրավիրված էին այդ հանրահայտ մասնագետներից երեքը՝ գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման  ոլորտներից: Նրանք ներկայացրեցին երեք դասախոսություն, որոնք նախատեսված էին հատկապես մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:

ԷՍՊԳԱՆ կազմակերպության միջազգային գործերի գծով ներկայացուցիչ պրոֆեսոր Ալմութ Քրիստինա Հաուերը Ավստրիայից խոսեց աճի խանգարումների մասին, Գերմանիայից պրոֆեսոր Միքայել Լենցեն՝ պրոբիոտիկների և պրեբիոտիկների օգտագործման մասին և երրորդ դասախոսը՝ մեր վաղեմի լավ գործընկեր Ցյուրիխի մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը ներկայացրեց քրոնիկական փորկապության խնդիրը:

Հրավիրված էր նաև Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայից  մանկաբուժության ամբիոնի վարիչ, մեր շատ սիրելի գործընկեր պրոֆեսոր Իրինա Զախարովան, ով հաճախ է հյուրընկալվում մեզ մոտ: Նա շարունակեց պրոբիոտիկների թեման՝ խոսելով նաև մանկության հետ կապված խնդիրների մասին: Մասնակցեցին և տարբեր թեմաներով հանդես եկան նաև այլ ռուս հարգված դասախոսներ, ինչպես նաև մեր հանրապետության ճանաչված մասնագետները:

Հուսով եմ, որ  մանրակրկիտ մշակված և ընտրված դասախոսությունների թեմաները և հրավիրված մասնագետները գոհացրեցին մեր բավականին բանիմաց լսարանին:

IMG_1451Ալմութ Քրիստինա Հաուեր` Գրացի բժշկական համալսարանական կլինիկայի՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական գաստրոէնտերոլոգիայի մասնագետ, ճանաչված մանկական գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր

էՍՊԳԱՆ կազմակերպության ղեկավարներից  մեկը , այդ  կազմակերպության արտաքին գործերի հետ կապված հարցերի պատասխանատու

Ես Ավստրիացի եմ, մասնագիտացել եմ և դոկտորական թեզս պաշտպանել եմ Վիեննայում, նեղ մասնագիտացումս ստացել եմ Լոնդոնում, գերմանախոս մասնագետների կազմակերպության անդամ եմ, Գրացի համալսարանի գաստրոէնտերոլոգիայի և մանկաբուժական հիմնական գործընթացի ղեկավարն եմ:  Երևանում եղել եմ 2 անգամ:

IMG_1490ԷՍՊԳԱՆԻ  7 պրոֆեսորների հետ կազմակերպել ենք գաստրոէնտերոլոգիայի ամառային դպրոցը  Երևանում, և նրանց խնդրել եմ, որ 3 դասախոսություն էլ կարդան այս կոնֆերանսում:

Արդեն երկրորդ անգամ ենք Հայաստանում միջազգային դպրոցի շրջանակներում, նախորդը 10 տարի առաջ էր:
Հավաքված էր շատ փոքր և խիստ ընտրված մասնագետների խումբ՝ 20 տեղացի բժիշկ, 20՝ արտասահմանցի, այդ թվում նաև Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, միասին աշխատել ենք և հանգստացել: Աշխատանքը շատ ինտենսիվ էր, ծրագիրը` հագեցած:

Լավ տպավորություններ ունեմ Հայաստանից և այդ պատճառով վերադարձա՝ ավելի լայն միջոցառումներ անցկացնելու համար: