Ճանաչել եւ խուսափել ալերգենից՝ անաֆիլաքսիայից ապահովագրվելու անվտանգ ուղին

IMG_8006

Մարտի 30-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Մանկական հասակում անաֆիլաքսիայի վարումը» թեմայով կոնֆերանս: Կնոֆերանսը վարում էր Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ ալերգաբանական դիսպանսերի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ալերգաբան Աստղիկ Բաղդասարյանը: Բժշկուհու հետ մեր զրույցում կարողացանք պարզել անաֆիլաքսիայի առաջացման պատճառները, բուժման եւ հնարավոր կանխարգելման միջոցները, հիվանդության տարածվածությունն ու վտանգավորության աստիճանը:

–   Ի՞նչ է անաֆիլաքսիան:

–   Անաֆիլաքսիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Դա իսկական եւ կեղծ ալերգիկ բնույթի ամենավտանգավոր ռեակցիան է օրգանիզմի կողմից: Անաֆիլաքսիայի ժամանակ առաջին 15 րոպեների ընթացքում հնարավոր է գրանցվի մահվան ելք: Երեւույթը հանդիպում է սննդի, դեղորայքի, միջատների խայթոցների նկատմամբ ունեցած ալերգիկ ռեակցիաների ժամանակ, կարող է նման խնդիր առաջանալ նաև որոշ հիվանդությունների դեպքում (օրինա` մաստոցիտոզ կոչվող հիվանդությունը մեծահասակների շրջանում):

–   Հիվանդության տարածվածության մակարդակը:

–   Հայաստանում հիվանդության տարածվածության մասին վիճակագրական տվյալներ գրանցված չեն, քանի որ ֆիքսվում են միայն անաֆիլաքսիայի ծանր դեպքերը, երբ հիվանդներն ընդունվում են ինտենսիվ թերապիայի կամ վերակենդանացման բաժանմունք: Իրականում անաֆիլաքսիան շատ ավելի մեծ տարածվածություն ունի ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ զարգացող երկրներում: Այն դեպքերը, որոնք չեն ավարտվում հոսպիտալացմամբ և չեն գրանցվում, կարծես թե դուրս են մնում հիվանդության եզրույթից, մինչդեռ այդ հիվանդների օրգան-համակարգերում նույնպես առաջանում են ծանր ռեակցիաներ: Համաշխարհային գրականության մեջ արձանագրվում է, որ հիվանդության տարածվածությունը մեծ է ՝ 0,3%` համաձայն մի քանի Եվրոպական խոշոր հետազոտությունների մետաանալիզի տվյալների:

–   Որո՞նք են անաֆիլաքսիայի առաջացման պատճառները եւ ինչպե՞ս է զարգանում հիվանդությունը:

–   Անաֆիլաքսիայի զարգացման պատճառը օրգանիզմում արդեն իսկ ձևավորված անհապաղ տիպի գերզգայունությունն է, հաճախ բժիշկները դա անվանում են իսկական ալերգիա: Օրինակ, ավելի վաղ տարիքի երեխաների մոտ նման գերզգայունություն ավելի հաճախ զարգանում է կովի կաթից, ձվից, ցորենի ալյուրից եւ այլն: Ավելի մեծ տարիքում դեր ունեն ընկույզի տեսակները, ծովամթերքը, դեղորայքը, միջատների խայթոցը և այլն: Եթե օրգանիզմում զարգացել է գերզգայունություն որևէ ալերգենի նկատմամբ, ապա այդ ալերգենի հետ կրկնակի կոնտակտն առաջացնում է ցան, այտուցվածություն, պացիենտը գանգատվում է դողից, դժվարաշնչությունից, զարկերակային ճնշման անկման հետևանքով հիվանդը կարող է ուշագնաց լինել: Եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի, հնարավոր է նույնիսկ մահվան ելք: Բացի իսկական ալերգիաներից անաֆիլաքսիայի պատճառ կարող է հանդիսանալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որոշ դեղորայք կամ ծովամթերքներ, որոնք իրենց առաջացման մեխանիզմով տարբերվում են իսկական ալերգիաներից, սակայն արդյունքում նույնքան վտանգավոր կարող են լինել:

–   Հիվանդության առաջացման գործընթացում ի՞նչ դեր ունի ժառանգականության գործոնը:

–   Ալերգիաների զարգացման մեջ ժառանգական նախատրամադրվածությունը  մեծ դեր ունի, սակայն ալերգիան չի համարվում ժառանգական հիվանդություն: Եթե ծնողներից որեւէ մեկի մոտ առկա է իսկական ալերգիկ հիվանդություն, ապա 30-40% հավանականություն կա, որ երեխան նույնպես նման խնդիր կունենա, եթե երկու ծնողների մոտ է այն առկա , հավանականությունը 70% է: Անգամ այն երեխաները, ում ծնողները չունեն որևէ ալերգիկ հիվանդություն ունեն ալերգիա զարգացնելու  20% ռիսկ: , Անաֆիլաքսիան ժառանգական բնույթ չի կրում:

–   Ո՞րն է անաֆիլաքսիայի և անաֆիլակտիկ շոկի տարբերությունը:

–   Անաֆիլաքսիան այն համակարգային ռեակցիաներն են, որոնք ընդգրկում են օրգան համակարգերից առնվազն երկուսը, օրինակ, սիրտ-անոթային համակարգ եւ շնչառություն, մաշկ եւ սիրտ-անոթային համակարգ, եթե նույնիսկ չի ավարտվում զարկերակային ճնշման անկմամբ: Շոկը բնութագրվում է զարկերակային ճնշման անկմամբ և առկա են շոկին բնորոշ բոլոր գործոնները:

–   Հիվանդության ժամանակակից բուժման եւ հետազոտման ի՞նչ մոտեցումներ կան:

–   Անաֆիլաքսիայի ախտորոշումը դրվում է տվյալ պահին հիմնվելով կլինիկական  չափանիշների վրա և համարվում է կլինիկական ախտորոշում: Առաջին օգնություն պետք է ցուցաբերել անհապաղ` միջմկանային եղանակով ներարկելով ադրենալին: Վտանգն անցնելուց հետո պետք է իրականացնել արյան հետազոտություն, որպեսզի ապացուցվի խնդիրը: Անհրաժեշտության դեպքում հիվանդը պետք է ուղեգրվի ալերգոլոգի խորհրդատվության՝ պարզաբանելու հնարավոր գործոնները: Այնուհետև հիվանդին նշանակվում է ադրենալինի ինքնաներակիչ, որպեսզի հետագայում երեւույթի կրկնվելու դեպքում հիվանդը կարողանա ինքն իրեն առաջին օգնություն ցուցաբերել: Հնարավոր է կանխարգելիչ բուժում նշանակել: Օրինակ, միջատի խայթոցի նկատմամբ անաֆիլաքսիան կարող է կանխարգելելի լինել: Եթե ապացուցվում է ալերգիան միջատի խայթոցի նկատմամբ, անհրաժեշտ է անցկացնել իմունաթերապիա, որից հետո տվյալ միջատի խայթոցի դեպքում այլևս անաֆիլաքսիա չի դրսեւորվում: Նման բուժումը երկարատեւ է. 3-5 տարիների ընթացքում մեղվի թույնի միջոցով կատարվում են ենթամաշկային ներարկումներ  եւ հիվանդը ձեռք է բերում տանելիություն խայթած թույնի նկատմամբ, և օրգանիզմն անաֆիլաքսիայով չի արձագանքում:

–   Ի՞նչ կլինիկական դրսևորումներ ունի անաֆիլաքսիան:

–   Մարմնում եղնջացանի եւ այտուցների առաջացում, դժվարաշնչություն, խզզոց շնչելու ընթացքում, խեղդվելու զգացողություն, գլխապտույտ, որովայնում` ցավեր, փսխում, զարկերակային ճնշման անկում, ուշագնացություն:

–   Ինչպե՞ս հասկանալ, որ զարգանում է անաֆիլակտիկ շոկ:

–   Երբ հայտնի ալերգենի հետ անմիջական կոնտակտ է եղել, վերոնշյալ ախտանշանների առկայությունը գնահատվում է որպես անաֆիլաքսիա եւ ցուցում է առաջին օգնություն` ադրենալինի միջմկանային ներարկման:

–   Որքանո՞վ է վտանգավոր կյանքի համար:

–   Շատ վտանգավոր է և 15 րոպեի ընթացքում պետք է վերացնել խնդիրը, հակառակ դեպքում կյանքը կարող է վտանգված լինել: Եվրոպական երկրներում ադրենալինի ինքնաներարկիչը դուրս է գրվում դեղատոմսով: Ներկայում քննարկվում է, որ այն դուրս գրվի առանց դեղատոմսի, քանի որ գրանցվել են միջադեպեր, երբ հիվանդի մոտ տվյալ պահին դեղատոմս չլինելու պատճառով մահացել է:

–   Ի՞նչ անել եւ ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն:

–   Ներարկել ադրենալին: Ապահովել անվտանգ դիրք և զանգել շտապօգնություն հիվանդին հիվանդանոց տեղափոխելու համար:

–   Ի՞նչ է ներառում անաֆիլաքսիայի ժամանակ արտակարգ օգնության փաթեթը:

–   Առաջինը ադրենալինի ինքնաներարկիչն է, որից անմիջապես հետո պետք է դիմել բժշկի եւ մնացածը բժիշկը պետք է կազմակերպի:

–   Ինչպե՞ս խուսափել անաֆիլաքսիայի կրկնվելուց:

–   Եթե բուժելի ալերգիա է, իրականացվում է իմունոթերապիա, մնացած դեպքերում նշանակվում է ադրենալինի ինքնաներարկիչ և հնարավորինս խուսափել ալերգենից:

–   Ինչպե՞ս ապահովագրի հիվանդը իրեն, եթե ունեցել է անաֆիլակտիկ շոկ:

–   Պետք է ճանաչել եւ խուսափել սեփական ալերգենից, կրել և անհրաժեշտության դեպքում առանց վարանելու օգտագործել ադրենալինի ինքնաներարկիչը: