Մեր օրերում ցելիակիան ո՛չ միայն բժշկական՝ նաև առողջապահական խնդիր է

DAV_9862--

Հայաստան համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում մայիսի 25-ին` Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Ցելիակիայի ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով տելեկոնֆերանս:

Կոնֆերանսը բժիշկների համար վարեց «Արաբկիր» Բժշկական Համալիրի – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ, բ.գ.դ. Գայանե Ամարյանը: Բժշկուհու հետ մեր առանձնազրույցում տեղեկացանք հիվանդության առաջացման պատճառների, ռիսկերի և կանխարգելման մասին:

–   Ի՞նչ է ցելիակիան:

DAV_9900–   Ցելիակիան բավականին տարածված, քրոնիկ ընթացքով հիվանդություն է: որը բնորոշվում է հիմնականում բարակ աղու ախտահարմամբ և մալաբսորբցիայի զարգացումով, պայմանավորված որոշ հացահատիկների ` ցորենի, տարեկանու, գարու մեջ պարունակվող սպիտակուցի` գլյուտենի տոքսիկ ազդեցությամբ: Վաղ մանկական տարիքում ցելիակիան հիմնականում դրսևորվում է կրկնվող քրոնիկ լուծով և ֆիզիկական թերզարգացումով:

Ներկայում այն ունի ավելի լայն ընկալում և համարվում է hամակարգային իմուն հիվանդություն, երբ բարակ աղիներից զատ ախտահարվում են նաև մի շարք օրգան-համակարգեր, հիմնականում ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ: Հիվանդությունը հանդիպում է ո՛չ միայն տարբեր տարիքի երեխաների, այլ նաև մեծահասակների շրջանում:

Տարածվածությունը (կախված հացահատիկների օգտագործման աստիճանից) բարձր է ամբողջ աշխարհում, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, այդ թվում հարևան Թուրքիայում, և, չի բացառվում նաև` Հայաստանում: Սա առաջացնում է cելիակիայի տարածվածության լուրջ հետազոտությունների անհրաժեշտություն նաև մեր երկրում:

DAV_9899–   Ո՞ր տարիքային խմբերն են առավել խոցելի:

–   Նախկինում այն վաղ մանկական տարիքի հիվանդություն էր համարվում, և մասնագետների ուշադրությունը հիմնականում սևեռված էր մինչև 2- 5 տարեկան երեխաների խմբին: Սակայն իզուր չէ, որ ցելիակիան միշտ համեմատել են սառցե բուրգի հետ: Վերջին 20-25 տարիների ընթացքում հետազոտման հնարավորությունների բարելավման շնորհիվ պարզվեցին նրա համր և թաքնված ձևերի մանրամասները, ռիսկի խմբերի առկայությունը և ցելիակիան այլևս չի համարվում միայն մանկական հիվանդություն ու կարող է զարգանալ ցանկացած տարիքում` ինչպես դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում:

–   Գոյություն ունի՞ հիվանդության առաջացման գենետիկական կապ:

–   Այո: Հիվանդությունը, լինելով համակարգային և ունենալով իմուն հիմք, ունի նաև խիստ գենետիկ կախվածություն ու զարգանում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ:

DAV_9904–   Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը:

–   Առաջնային ախտորոշումը բավականին պարզ է. նշանակվում են սպեցիֆիկ շիճուկային լաբորատոր թեստեր: Վերջիններիս հիման վրա բժիշկ-մասնագետը որոշում է հետագա, ավելի խորացված հետազոտման անհրաժեշտությունը, կամ հիվանդությունը ժխտվում է:

–   Հիվանդության ախտանիշներն ինչպե՞ս են դրսևորվում:

–   Վաղ մանկական տարիքում հիվանդությունը դրսևորվում է քրոնիկ լուծով, ներծծման և մարսողության բազմաթիվ խանգարումներով (մալաբսորբցիա), երեխաները քաշը վատ են ավելացնում:

Առաջանում է սննդի ինչպես հիմնական բաղադրամասների, այնպես էլ վիտամինների և միկրոտարրերի սակավություն, որը խիստ ազդում է երեխաների ֆիզիկական աճի, իսկ հետագայում նաև սեռական զարգացման վրա: Որքան ուշ տարիքում հետազոտվի երեխան և հայտնաբերվի հիվանդությունը, այնքան անխուսափելի կլինեն բարդությունների հետագա զարգացումն ավելի բարձր տարիքում՝ ընդհուպ մինչև որոշ ուռուցքային և ծանր իմուն հիվանդությունների առաջացում:

–   Կապ կա՞, արդյոք, ցելիակիայի և ալերգիայի միջև:

–   Այս հիվանդությունը չի համարվում ալերգիկ հիվանդություն, թեպետ հիմքում` ինչպես ալերգիկ հիվանդությունների ժամանակ, իմունային համակարգի խանգարումներն են: Սակայն այս դեպքում ախտորոշման հիմքում ընդգրկված են այլ ասպեկտներ: Պետք է ի նկատի ունենալ, որ այս հիվանդության հիմքում սպեցիֆիկ գլյուտենային էնտերոպաթիան է, իսկ զարգացման գործընթացում ժառանգական գործոնն ունի էական դերակատարում:

DAV_9907–   Հիվանդության բուժման ընթացքն ու տևողությունը:

–   Միակ ժամանակակից ընդունված բուժումը` գլյուտենազերծ (կամ ագլյուտենային) սննդակարգի խիստ պահպանումն է ամբողջ կյանքում: Սա, անշուշտ, բավականին դժվար է կազմակերպել ընտանիքում, քանի որ Հայաստանում ներկայում գլյուտենազերծ սնունդը չափազանց դժվար հասանելի է և/կամ բավականին բարձր գին ունի, քանի որ հաշվառված հիվանդների թիվը քիչ է, այն էլ միայն ըստ նրանց դիմելիության, և կարող է թվալ, թե այդ տեսակի սննդի կարիքը մեծ չէ, բացի այդ, ո՛չ միայն հիվանդը, այլև նրա ամբողջ ընտանիքը ստիպված է լինում երկարատև փոխել կյանքի ապրելակերպը: Հասկանալի է, որ, չնայած «թեթև թվացող» սննդակարգային բուժմանը, վերջինիս հիմքում նաև լուրջ սոցիալական գործոնն է: Այդ իսկ պատճառով ցելիակիան ամբողջ աշխարում համարվում է ո՛չ միայն բժշկական, այլ նաև առողջապահական խնդիր:

–   Ի՞նչ է առանց գլուտեինի սննդակարգը:

–   Քանի դեռ չի բացահայտվել ցելիակիան, չի թույլատրվում հրաժարվել առանց գլուտեինի սննդակարգից, քանի որ հացահատիկներում պարունակվող սպիտակուցները, տարբեր խմբի վիտամինները շատ օգտակար են աճող օրգանիզմի համար: Գլուտենը պարունակում է ցորենի, տարեկանի, գարու հացահատկից պատրաստված ալյուրը: Բարակ աղու վրա տոքսիկ ազդեցությունը կանխելու նպատակով բուժման ընթացքում լիովին բացառվում է վերոնշյալ երեք հացահատիկներով սննդակարգի օգտագործումը: Այլ տեսակի հացահատիկները ցելիակիայի դեպքում կարելի է օգտագործել:

–   Ինչպե՞ս կանխել հիվանդությունը:

–   Ինչպես նշվեց, ցելիակիան ժառանգական հիմք ունեցող հիվանդություն է: Ուստի նրա վարման հիմնական նպատակն է ճիշտ կառավարումը և բարդությունների կանխումը, ինչի լավագույն գրավականը վաղ ախտորոշումն է: Առաջին հերթին կարևոր պայման է բնակչության և բժշկական հանրության լայն տեղեկացվածությունը, ախտորոշման բարելավումը, և իհարկե, հիվանդության տարածվածության ու հաճախականության որոշումը Հայաստանում: Հիվանդության վաղ ախտորոշման, վարման և բուժման համար պահանջվում է ընդհանուր համակարգային մոտեցում, այդ թվում տարբեր նեղ մասնագետների (գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, մաշկաբան և այլն) ներգրավումով:

–   Ցելիակիայով հիվանդը ենթարկվու՞մ է դիսպասներ հսկողության:

–   Այո, ինչպես ցանկացած քրոնիկ հիվանդությունով հիվանդ, այնպես էլ ցելիակիայով հիվանդները դիսպանսեր հսկողության կարիք ունեն: Այն իրականացվում է, մասնավորապես, «Արաբկիր» ԲՀ գաստրէներոլոգիական ծառայության դիսպանսերում:

Սակայն միայն այս սննդակարգի պահպանումը չի համարվում բուժման միջոց, անհրաժեշտ է պարզել հիվանդության առաջացման իրական պատճառները, որպեսզի նշանակվի նաև դեղորայքային բուժում: