Ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունը Արաբկիր բշկական համալիրում

IMG_0067---

Ծառայությունն արդեն 30 տարի է պահպանում է իր կայուն տեղը:

Հաճախ հիվանդանոցում գտնվող երեխաներին, ֆիզիկական աջակցությունից զատ, անհրաժեշտ է լինում նաև հոգեբանական, ինչպես նաև սոցիալական աջակցություն ցուցաբերել: Այս հարցում օգնության է հասնում ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունը: Ծառայության գործունեության ուղղությունների, սկզբունքների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հոգեբանականսոցիալական ծառայության ղեկավար Վարվառա Ավակիմյանի հետ:

–   Ներկայացրեք, խնդրեմ, ծառայության ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագիրը:

–   Երկրաշարժից հետո հիվանդանոցում սոցիալական աշխատողի և հոգեբանի կարիք կար: Այդ դժվարին ժամանակահատվածում արտասահմանից կամավորներ ժամանեցին: Առաջիններից էր Շվեյցարիայի VAD կազմակերպությունը, որն իր աջակցությունն էր ցուցաբերում Արաբկիր համալիրում և տարբեր մարզերում (Գյումրի, Սպիտակ, Վանաձոր): Կամավորները փորձում էին Շվեյցարիայի օրինակով հոգեբանասոցիալական ծառայություն ներդնել մեր հիվանդանոցում։ Անձնակազմը համալրելու նպատակով կամավորներ հավաքագրվեցին:

Տատյանա Մելքոնյանը մեր կենտրոնում առաջիններից էր, ով որպես սոցիալական աշխատող ընդունվեց VAD-ի հայաստանյան մասնաճյուղ (այժմյան DAA) Անմիջական օգնության ասոցիացիա` աշխատելով Արաբկիր համալիրում հեմոդիալիզի և ուրոնեֆրոլոգիայի բաժանմունքներում: Այդպես ներդրվեց ծառայությունը և սկսեց իր գործունեությունը։ Մեկ տարի անց ծառայությունը համալրվեց ևս երկու սոցիալական աշխատակցով, ինչը, բնականաբար, ավելի լայն հնարավորություններ ընձեռեց։

–   Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում բաժանմունքը:

–   Սկզբունքներից առաջինը ծանուցող-կրթական աշխատանքն է. այցելուներին և նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին փորձում ենք տեղեկացնել, թե ինչ դեր և նշանակություն ունեն հոգեբանն ու սոցիալական աշխատողը և ինչ օգնություն կարող են ցուցաբերել, այնուհետև անցնում ենք համապատասխան մասնագիտական աշխատանքին։

Շեշտը դնում ենք աջակցության վրա և փորձում այդ դժվարին վիճակում հայտնված երեխային ցուցաբերել բազմակողմանի օգնություն։ Ձգտում ենք թիմային աշխատանք իրականացնել` լինել բժշկին օգնական, ապահովել հոգեբանական աջակցություն, ցուցաբերել սոցիալական աջակցություն, ինչպես նաև հետաքրքիր դարձնել հիվանդանոցում բուժում ստացող երեխայի առօրյան:

Սովորաբար, մենք սերտ կապի մեջ ենք բժիշկների հետ, և երբ անհրաժեշտ է մեր օգնությունը, բժիշկն ուղղորդում է հիվանդին:

Մեր սկզբունքներից է նաև ուսուցիչ-երեխա-հոգեբան-ծնող-ընտանիք կամրջի ստեղծումը: Դա իրականացվում է բաժանմունքներին կից ուսումնակրթական խաղասենյակների միջոցով:

Հիվանդանոցում տեղեկանում են նման սենյակի գոյության մասին և արագ ներգրավվում դասընթացներին, միջոցառումներին, ինչը հոգեբանին և սոցիալական աշխատողին օգնում է շփվել երեխայի հետ անկաշկանդ խաղային միջավայրում: Հետագայում և՛ հոգեբանը, և՛ սոցիալական աշխատողն առավել հեշտությամբ են իրականացնում իրենց մասնագիտական աջակցությունը:

–   Որո՞նք են գործունեության հիմնական ուղղությունները:

–   Գործունեության հիմնական ուղղությունը երեխային, նրա ծնողին, ընտանիքի անդամներին խորհրդատվության տրամադրումն է:

Մյուս ուղղությունը թերապևտիկ աշխատանքն է, այսինքն, երեխան կարող է առաջին խորհրդատվությունից հետո դեռ մի որոշ ժամանակ հաճախել թերապևտիկ աշխատանքի։ Ծնողների հետ ևս խորհրդատվական ու թերապևտիկ աշխատանք ենք իրականացնում։

Դիսպանսեր ծառայություններում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների համար ևս խմբեր ունենք: Օրինակ, թույլ լսող երեխաների դիսպանսերում հոգեբանը ծնողավարման խմբեր է ստեղծում. նույն ծնողը երեխայի հետ կարող է չորս տարի հաճախել կենտրոն։ Այստեղ արդեն խոսքը տևական կապի մասին է:

–   Ովքե՞ ր և ինչպե՞ս կարող են դիմել:

–   Յուրաքանչյուր մարդ կարող է դիմել ծառայություն, սակայն մեր մասին հիմնականում տեղեկացնում են բժիշկները, քանի որ մենք ներհիվանդանոցային ծառայություն ենք:

–   Բաժանմունքում երեխաների և մեծահասակների համար ինչպիսի՞ ծառայություններ են իրականացվում:

–   Իրականացնում ենք զուտ հոգեբանական,սոցիալական աշխատանքի ծառայություններ։

–   Որտե՞ղ և ինչպե՞ս են վերապատրաստվում մասնագետները:

–   Մեր մասնագետները վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով լինում են արտասահմանում (Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա)։

Համագործակցությունները շատ տարբեր են: Մեզ անհրաժեշտ բոլոր թրեյնինգներին մասնակցում ենք, որպեսզի ժամանակին համընթաց քայլենք: Պարբերաբար տարբեր երկրների փորձառու մասնագետներն անց են կացնում գիտական և գործնական դասընթացներ:

–   Ի՞նչ ձեռքբերումներ ունի բաժանմունքը:

Ունենք մասնագետների հիանալի թիմ:

Ծառայությունը կայուն պահպանում է իր տեղը հիվանդանոցային համակարգում։

Այն տեղեկատվական-կրթական-ուսուցողական դեր է կատարում բուժանձնակազմի և պացիենտների համար։

Իրականացվում են խորհրդատվություն, թերապևտիկ աշխատանքներ, ստեղծվում են ծնողների աջակցության խմբեր:

Ունենք մեր առանձին մասնաշենքը, որն ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է անհրաժեշտ պարագաներով:

–   Ովքե՞ր են գործընկերները, համագործակցողները:

–   Մեր հիմնական գործընկերն են.

VAD/ մեզ աջակցել և աջակցում է մինչև այժմ,
Արբես առողջարանային վերականգնողական համալիրը,
Գյումրիի «Արևամանուկ»-ը,
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը,
Kinderspital Zurich-ը,
UNICEF-ը,
World Vision-ը: