Որպես պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ` Նունե Աբրահամյանի 03.05.2018թ. տեղադրված տեսանյութի

Logo long

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ օգտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և այն պարունակում է չհիմնավորված տեղեկատվություն:
«Արաբկիր» բժշկական համալիրում գործում են տարբեր դիսպանսեր ծառայություններ, որտեղ հաշվառված են և հսկվում են քրոնիկ հիվանդություններ ունեցող բազմաթիվ երեխաներ :

Պարբերական հիվանդության դիսպանսերում ներկա պահին ընդգրկված երեխաների թիվը գերազանցում է 3000-ը: «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիրների և պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ 2003 թ-ից ի վեր պարբերական հիվանդության դիսպանսերում հսկվող երեխաները տարբեր կառույցների օժանդակությամբ ստանում են Կոլխիցին դեղահաբերը`անվճար հիմունքներով: Երեխաները սպասարկվում են միջազգային ուղեցույցներով ընդունված հետազոտական ծավալներին համապատասխան (ուղեցույցները հաստատված են ՀՀ ԱՆ չափորոշիչներով նաև):

2003թ-ից «Հովարդ Կարագյոզյան» բժշկական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող ծրագրի շրջանակներում դիպանսերում հաշվառված երեխաներին տրամադրվում էր ֆրանսիական արտադրության Կոլխիցին դեղահաբը: 2017 թ-ին վերոնշյալ համագործակցությունը դադարել է, և այժմ պետական պատվերի շրջանակում երեխաներին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից «Արաբկիր» բժշկական համալիրի պարբերական հիվանդության դիսպանսերի միջոցով տրամադրվում է հայկական արտադրության Կոլխիցին դեղահաբը: Տեղական արտադրության Կոլխիցին դեղահաբի հումքը իտալական է և համապատասխանում է բոլոր չափանիշներին:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինությունը ցավով է արձագանքում Նունե Աբրահամյանի կողմից տարածած ապատեղեկատվությանը և անհասկանալի ու անբացատրելի է համարում դեռ 2011 թ-ից դիսպանսեր հսկողության տակ գտնվող և մինչ օրս անվճար և հոգատար բուժօգնություն ստացող երեխայի մոր նման քայլի բուն դրդապատճառները: Վերջինիս կողմից հայտնած դժգոհությունն ըստ էության ուղղված է ոչ թե երեխային ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելուն այլ դեղահաբի արտադրության երկրին, որից ևս պարզ չէ թե որն է դժգոհության պատճառը, նրա վատ ազդեցությունը, թե հայկական արտադրության լինելը:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինությունը վստահեցնում է, որ ինչպես միջազգային տարբեր կառույցների այնպես էլ տեղական կառույցների կողմից մինչ օրս տրամադրված բարեգործական օգնությունը մշտապես ծառայել է իր նպատակին և ծրագրերից որևէ շեղում չի դիտվել: Դրա մասին կարող են վկայել ինչպես տարբեր անհատներ, այնպես էլ միջազգային և տեղական կառույցներ: