Պլաստիկ վիրաբուժության ծառայությունն «Արաբկիր» ԲՀ-ում

IMG_6460--

Ազատվել առկա արատից` այդ կերպ ձերբազատվելով նաեւ հոգեբանական խնդիրներից. պլաստիկ վիրաբուժությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն այդքանով չի սահմանափակվում:

Պլաստիկ վիրաբուժության ստեղծման, զարգացման, արդի վիճակի, կենտրոնում առաջարկվող ծառայությունների, ցուցաբերվող մոտեցման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ Կառլեն Ներսեսյանի հետ:

–   Ինչպե՞ս ստեղծվեց և ի՞նչ ճանապարհ է անցել պլաստիկ վիրաբուժության ծառայությունն` ընդհանրապես:

–   «Պլաստիկ» բառը նշանակում է կազմավորում, ձեւավորում, այսինքն, որեւէ փոփոխություն` արտաքինի հետ կապված: Բժշկության սաղմնավորման ժամանակից ի վեր մարդիկ սկսեցին նաև իրենց արտաքինը փոփոխելուն ուղղված քայլերի դիմել: Առաջին փորձերը կատարվել են դեռևս Հին Եգիպտոսում, Հնդկաստանում: Սկզբնական շրջանում, սակայն, դա պլաստիկ վիրաբուժություն չի կոչվել:
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության կնքահայրը մեր հայրենակիցն է` ամերիկահայ Վարազդատ Ղազանչյանը, ով հայտնի դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ վերականգնողական վիրաբուժության կարիք կար: Մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը սկսեց զարգանալ Ղարաբաղյան պատերազմից ի վեր, երբ կար ռեկոնստրուկտիվ վիրաբուժության կարիք: Ահա թե ինչու 90-ականներից հետո սկսեց զարգանալ հատկապես ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը, իսկ հետագայում նաեւ` Էսթետիկ վիրաբուժությունը:
Մեր կենտրոնում պլաստիկ վիրաբուժական ծառայությունը գործում է ավելի քան 8 տարի` առաջարկելով պլաստիկ եւ էսթետիկ միջամտությունների ամբողջ ծավալը:

–   Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

–   Չառանձնացնեմ պլաստիկ վիրաբույժներին. յուրաքանչյուր բժիշկ պետք է առաջնորդվի որակյալ եւ ճիշտ բուժօգնություն մատուցելու սկզբունքով, որով եւ առաջնորդվում ենք: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Չի կարելի ընդհանրական մոտեցում ցուցաբերել:

IMG_6503–   Որո՞նք են գործունեության հիմնական ուղղությունները:

–   Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է մի քանի ճյուղերի` վերականգնողական, որը ներառում է անդամահատված վերջույթների, անոթների, ջլերի, մկանների վերականգնումը եւ այլն: Էսթետիկ վիրաբուժության շրջանակում իրականացվում է արտաքին տեսքի ցանկացած փոփոխություն` հաշվի առնելով այն, թե պացիենտին ինչ է անհրաժեշտ:

–   Ինչպիսի՞ն է տեխնիկական հագեցվածությունը:

–   Մեր կենտրոնում լազերի կիրառումը պլաստիկ եւ էսթետիկ վիրաբույժներին մեծ հնարավորություններ է տալիս. ոչ վիրահատական ճանապարհով հեռացվում են հետվիրահատական կոպիտ սպիները, իրականացվում է հետայրվածքային սպիների շտկում, ինչպես նաև հեմանգիոմաների, գոյացությունների, նույնիսկ դաջվածքների հեռացում: Սա բավականին լայն սպեկտոր է: Յուրաքանչյուր լազեր ունի իր առանձնահատկությունն, աշխատանքի ձեւն ու այն, թե ինչ խնդիրներ է լուծում:

–   Ովքե՞ր կարող են դիմել եւ ինչպե՞ս դիմել:

–   Կախված առկա խնդրից կարող են դիմել բոլոր տարիքային խմբերի անձինք` երեխաներ, մեծահասակներ:

–   Ի՞նչ ծառայություններ են իրականացվում երեխաների եւ մեծահասակների համար:

–   Մանկական տարիքային խմբում հիմնականում դիմում են բնածին ախտաբանությունների, գոյացությունների, բնածին արատների առկայության դեպքերում: Մեծահասակները կարող են օգտվել  պլաստիկ վիրաբուժության կողմից մատուցվող ցանկացած ծառայությունից: Նշեմ, որ ներկայում Հայաստանում ամենապահանջված ծառայությունը ռինոպլաստիկան է (քթի պլաստիկ վիրահատությունը): Լայն տարածում ունեն նաեւ կրծքագեղձերի մեծացումը, փոքրացումը, լիպոսակցիան, աբդոմինոպլաստիկան  եւ այլ միջամտություններ:

IMG_6508–   Ի՞նչ ձեռքբերումներ ունի ծառայությունը:

–   Ձեռքբերումներից կառանձնացնեմ լազերի կիրառումը, ինչը հնարավորություն է տալիս բազմաթիվ առավել որակյալ միջամտություններ իրականացնել, օրինակ, շատ կարճ ժամանակահատվածում շտկել սպիները:

–   Ներկայում ինչո՞վ է առանձնանում ծառայությունը:

–   Գները մատչելի են` այլ կլինիկաների հետ համեմատած: Բացի այդ, այստեղ իրականացվում են մանկական տարիքի խնդիրների վերացման հետ կապված բժշկական միջամտություններ, մասնավորապես, հեմանգիոմաների բուժում՝ լազերային եղանակով, հետայրավածքային սպիների շտկում, բնածին արատների վերականգնում և այլն: Մենք առանձնանում ենք նաեւ նրանով, որ յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Մարդիկ տարբեր են, եւ իրենց պատկերացումները նույն խնդրի լուծման վերաբերյալ նույնպես տարբեր են: Երբեմն անգամ ստիպված ենք լինում մերժել պացիենտին, քանի որ նրա պատկերացումը պլաստիկ վիրաբուժության արդյունքի մասին չի համապատասխանում նրան, ինչ վիրաբույժը կարող է ստանալ:

–   Ովքե՞ր են կենտրոնի գործընկերները, համագործակցողները:

–   Համագործակցում ենք Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք կլինիկաների և մասնագետների հետ, ովքեր պարբերաբար` տարվա ընթացքում մի քանի անգամ, այցելում են «Արաբկիր» ԲՀ: Գործընկերների հետ կապն անընդհատ է և կարիքի դեպքում նաև խորհրդակցում ենք: Համագործակցում ենք Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ, ինչպես նաև  և ԱՄՆ բժիշկների հետ «Mending Kids»` ծրագրի շրջանակներում: