Պրոֆեսոր Օյգեն Բոլցհաուզերը կրկին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում

IMG_2384

2019թ․-ի հոկտեմբերի 21-25 արդեն 21-րդ ագամ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ է այցելել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Մանկական համալսարանական հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի պատվավոր պրոֆեսոր, համաշխարհային ճանաչում ունեցող մանկական նյարդաբան Օյգեն Բոլցհաուզերը։

Պրոֆեսորը հայ-շվեյցարական համագործակցության ծրագրի շրջանակներում տարին 2 անգամ այցելում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական նյարդաբանության բաժանմունք, որտեղ կատարում է ծանր նյարդաբանական խնդիրներ ունեցող կամ հստակ ախտորոշում չունեցող պացիենտների խորհրդատվություն։ Այս քննարկումներին մասնակցում են ինչպես «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական նյարդաբանության բաժանմունքի բժիշկները, այնպես էլ մանկական նյարդաբաններ այլ մանկական հիվանդանոցներից և պոլիկլինիկաներից։ Նրանք հնարավորություն են ունենում ներկայացնել պրոֆեսորին ուշագրավ կլինիկական դեպքերը, քննարկել ախտորոշման և բուժման հնարավոր տարբերակները։
Պրոֆեսոր Օյգեն Բոլցհաուզերն ունի անգնահատելի ներդրում Հայաստանում մանկական նյարդաբանության զարգացման հարցում, այս տարիների ընթացքում նրա շնորհիվ շատ ու շատ երեխաներ ստացել են ճիշտ ախտորոշում, բուժում, իսկ հայ բժիշկները կրթվել են նրա շնորհիվ, ստացել նոր գիտելիքներ և ձեռք բերել մասնագիտական հմտություններ։
Այս անգամ պրոֆեսոր Օյգեն Բոլցհաուզերի այցն էլ ավելի նշանավոր էր, քանի որ ի երախտագիտություն պրոֆեսորի ունեցած հսկայական ավանդի և բազմամյա նվիրումի՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի վերջերս բացված նոր մասնաշենքի՝ Արաբկիր պլյուս բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության բաժանմունքն այսուհետ կրելու է հենց իր անունը։