Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան

-IMG_0259

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան

Ովքե՞ր են դեռահասները և ինչո՞ւ ենք մենք այդքան անհանգստանում դեռահասային տարիքի առողջությամբ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-19 տարեկանը, իսկ  մեր օրենսդրության համաձայն`այն համապատասխանում է 10-18 տարեկանին:  Այդ շրջանում տեղի են ունենում  ֆիզիոլոգիական,  սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ: Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն ազգային սովորույթները, դաստիարակությունը,  անհատի խառնվածքը,  պահվածքը,  շրջապատը: Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք:

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը:

Սեռական հասունացումն սկսվում է դեռահասային տարիքում, երբ օրգանիզմում սկսում են արտադրվել մեծ քանակությամբ սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ դեռահասի օրգանիզմում տեղի են ունենում կարևոր, նրա հասունացումն արտահայտող փոփոխություններ: Նորմայում աղջիկների համար հասունացման սկիզբը  համարվում է  9-10 տարեկանը, իսկ տղաների համար՝ 1-2 տարի ավելի ուշ:

Ի՞նչ կապ և տարբերություն կա սեռական և ֆիզիոլոգիական հասունացման միջև:

Ֆիզիոլոգիական,  սեռական,  հոգեբանական փոփոխություններն ընթանում են ոչ թե միաժամանակ, այլ փուլ առ փուլ: Առաջինն սկսվում է ֆիզիոլոգիական հասունացումը, երբ դեռահասի մոտ թռիչքային աճ է նկատվում, ինչի հետ կապված կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ, ապա հաջորդում է  սեռական հասունացումը:

Որո՞նք են դեռահասների հասունացման նշանները :

Հասունացման առաջին նշանը կարճ ժամանակահատվածում աճի թռիչքն է,  ընդ որում  առաջին հերթին աճում են վերջույթները, ականջը, քիթը, ի հայտ են գալիս սեռին բնորոշ մարմնաձևեր:

Աղջիկների մոտ սեռական հասունացումը կարող է սկսվել կրծքագեղձերի մեծացմամբ, ապա  հաջորդում է թևատակերի և սեռական օրգանների շրջանի մազակալումը, փոխվում է մարմնի հոտը՝  քրտնագեղձերի և ճարպագեղձերի ակտիվ գործունեության հետևանքով, սկսվում է դաշտանային ցիկլը:

Տղաների մոտ առաջին նշանը ամորձիների մեծացումն է: Հետո միայն սկսվում է բնորոշ մազակալումը և պզուկների առաջացումը: Հասունացման կարևոր դրսևորումներից է սերմնաժայթքումը:

Կարող են լինել հասունացման արտահայտությունների որոշ տարբերություններ. նշանակություն ունեն ընտանիքը, ժառանգականությունը:  Երբեմն լինում է նաև հասունացման նշանների առաջացման հերթականության խախտում, սկզբում կարող են արտահայտվել հասունացման սեռական նշանները, հետո՝ ֆիզիոլոգիական: Բայց այդ շեղումները  լինում են նորմայի սահմաններում:

Որո՞նք են աղջիկների հասունացման շրջանում դիտվող   հնարավոր խնդիրները և դրանց պատճառները:

Նորմայում սկզբում 1-2 տարի  աղջիկների մոտ հնարավոր  են դաշտանի խանգարումներ, սակայն եթե այդ անկանոնությունը տևում է ավելի երկար, արդեն պետք է անհանգստանալ և  դիմել բժշկի: Ուշադրություն պետք է դարձնել նաև դաշտանային արտադրությանը (հոտ, տեսք), սաստիկ ցավերին, ինքնազգացողությանը (հևոց, ուշագնացություն), ցիկլի տևողությանը: Խնդիրներից է նաև աղջիկների մոտ առաջացող մազակալումը՝ հիրսուիտիզմը: Նշված դեպքերում ևս անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:
Հարկ է նշել նաև, որ առաջին իսկ դաշտանից հետո արդեն աղջիկը կարող է հղիանալ, որովհետև ձվաբջիջը հասունանում է և կարող է բեղմնավորվել: Աղջիկը պետք է դա գիտակցի, քանի որ վաղ հղիությունները ցանկալի չեն և չեն խրախուսվում,  այդ տարիքում հղիանալն ու երեխա ունենալը հղի է բարդություններով ինչպես աղջկա, այնպես էլ երեխայի համար:

Որո՞նք են տղաների հասունացման շրջանին բնորոշ խնդիրները և դրանց պատճառները:

Տղաների մոտ հասունացման շրջանում դրսևորվող արտաքին նշանները, սերմնաժայթքումը՝ երազախաբությունը, մեծ անհանգստություն են նրանց պատճառում, որովհետև հաճախ նրանք չգիտեն, թե դա ինչ է և ո՞րն է դրա իմաստը: Երբեմն, սխալ տեղեկացված լինելով, տղաները կարծում են, որ դա ինչ-որ ամոթալի բան է, կամ հիվանդության կամ վարակի նշան է:
Մինչդեռ դա նորմալ, ֆիզիոլոգիական երևույթ է:

Դեռահասային տարիքում տղաների մոտ շատ տարածված է օնանիզմը կամ մաստուրբացիան, որը երբեմն աղջիկների մոտ էլ  է հանդիպում և հանդիսանում է սեռական հորմոնների ավելցուկային արտադրման հետևանք:  Եթե այն շատ արտահայտված չէ, անհանգստալու կարիք չկա:

Պետք է պարզապես դեռահասի առօրյան հագեցած լինի տարբեր զբաղմունքներով ( սպորտ և այլ):

Ինչպիսի՞ հորմոնային տեղաշարժեր են տեղի ունենում նորմայում սեռական հասունացման շրջանում:

Անդրոգենների և էստրոգենների ազդեցության տակ արտահայտվում են երկրորդային սեռային հատկանիշները: Աղջիկների մոտ ևս որոշ չափով արտադրվում են արական հորմոններ՝ անդրոգեններ, որոնք բերում են գերքրտնարտադրության,   պզուկների առաջացման, մազակալման: Այդ պրոցեսը կոչվում է ադրենարխիա:

Որո՞նք են սեռական հասունացման նորմայից շեղումները:

Սեռական հասունացումը կարող է լինել վաղաժամ և ուշացած, ինչը հետագայում կարող է ազդել վերարտադրողական (երեխա ունենալու) ֆունկցիայի վրա: Այդ պատճառով, որքան շուտ են հայտնաբերվում այդ խնդիրները, այնքան հեշտ է դրանք շտկելը:

Ի՞նչ է վաղաժամ հասունացումը և ի՞նչ ախտանիշներով է այն արտահայտվում և որո՞նք են դրա պատճառները:

Վաղաժամ սեռական հասունացում է համարվում, երբ  աղջիկների մոտ մինչև 9-ը տարեկանը սկսվում է դաշտանային ցիկլը, մինչև 8 տարեկանը՝ մազակալում: Տղաների մոտ վաղաժամ հասունացման դեպքում մինչև 9-ը տարեկան դիտվում է  մազակալում և ամորձիների մեծացում:

Սովորաբար քաշի ավելացումը ևս կարող է նպաստել վաղ, արագ զարգացմանը, սակայն ճարպակալման դեպքում արդեն հասունացումը դանդաղում է:

Պատճառները կարող են շատ բազմազան լինել՝ նյարդային, էնդոկրին համակարգի խնդիրներ:  Պետք է դիմել բժշկի, այլապես դա կարող է երեխայի համար ճակատագրական դառնալ:

Ի՞նչ է ուշացած հասունացումը աղջիկների և տղաների մոտ:

Այս դեպքում հասունացման նշանները բավականին ուշանում են, պատճառները կրկին կարող են էնդոկրին և այլ լուրջ խնդիրներ լինել:

Որո՞նք են ուշացած և վաղաժամ հասունացումից բխող խնդիրները:

Հասունացման շեղումների դեպքում բացի լուրջ ֆիզիոլոգիական, առողջական խնդիրներից, կարող է  նաև սթրես, դեպրեսիա, դեռահասի ինքնագնահատականի խնդիր առաջանալ: Երկու դեպքում էլ դեռահասը տարբերվելով համադասարանցիներից, շրջապատից ՝ իրեն միայնակ և առանձնացած է զգում:

Դեռահասի համար շատ կարևոր է հասակակիցների, ծնողների, ուսուցիչների վերաբերմունքը:

Ինչպիսի՞ բուժում է անհրաժեշտ հասունացման շեղումների դեպքում:

Յուրաքանչյուր դեպքում մասնագետն է ընտրում բուժման եղանակը (հորմոններ կամ այլ դեղորայք) :

«Արդեն երեխա չէ, բայց դեռ մեծ էլ չէ». այս հակասությունն արդյո՞ք հղի է հոգեբանական  բարդություններով և վտանգներով:

Հաճախ ծնողները տեսնելով, որ իրենց 11-12 տարեկան երեխան արդեն հասակով իրենց հավասար է, կարծում են, թե նա արդեն մեծացել է, գիտակցում է ամեն բան և կարիք չկա նրան օգնել, խնամել: Սակայն դա այդպես չէ.երեխան մարմնի չափերով հասունացած է, ֆիզիոլոգիապես էլ արդեն հասունացման երևույթները կան, բայց հոգեբանական, սոցիալական հասունացումը դեռևս բացակայում է:
12-14 տարեկանից հետո են միայն ձևավորվում  մեծահասակին բնորոշ մտածելակերպը և աբստրակտ պատկերացումները: Փոքր երեխան շատ անմիջական պատկերացում ունի. նա անգամ չի պատկերացնում իր քայլերի հետևանքները: Աբստրակտ մտածողությունը ձևավորվում է 16-17 տարեկանում: Այս շրջանում կարևոր է ծնողների, ընկերների, շրջապատի հոգեբանական աջակցությունը: Ծնողները պետք է պատասխանատու լինեն երեխայի համար, ընկերներ լինեն, ուղղորդեն, օգնեն, խորհուրդ տան և անընդհատ պատժողի դերում չլինեն: Սխալը պետք է փորձեն վերլուծել երեխայի հետ, բացատրեն նրան:
Մինչդեռ հաճախ ծնողները քննադատում են երեխային, ինչը բերում է ինքնագնահատականի իջեցման: Երեխայից պահանջում են մեծին բնորոշ պատասխանատվություն, որն իրականում նա դեռ չի կարող ունենալ:

Կարո՞ղ են հոգեբանական խնդիրները առաջացնել լուրջ տագնապներ, դեպրեսիաներ, սուիցիդի հակումներ:

Այդ տարիքում շատ հեշտ է ընկնել դեպրեսիայի մեջ, ունենալ սուիցիդալ մտքեր, հիասթափվել, որովհետև այդ տարիքում ամեն ինչ այնքան հակասական է, որ թվում է ամեն մի մանրուք շատ մեծ կարևորություն ունի, օրինակ՝ ընկերոջ դավաճանությունը, ուսուցչի կոպիտ վերաբերմունքը:

Պետք է ուշադիր լինել հատկապես այն դեպքերում, երբ երեխան 3 շաբաթից ավելի իր սովորական գործերով չի զբաղվում, անընդհատ մեկուսանում է, լաց լինում, կամ ինչ-որ մտքեր է արտահայտում, որ չի ուզում ապրել, միայն մի տեսակի  հագուստ է  կրում, երբեմն միայն սև, աղջիկները նաև  սև են ներկում աչքերը, շուրթերը, եղունգները:

Ինչպե՞ս պետք է կազմակերպել երեխաների սեռական դաստիարակությունը և արդյո՞ք դա անհրաժեշտ է:

Ավելի ճիշտ է ասել ոչ թե սեռական դաստիարակություն, այլ գրագիտություն: Գոյություն ունի նաև բժշկական գրագիտություն:
Սեռական դաստիարակությունն սկսվում է դեռևս ծնվելուց առաջ և դրան բոլորն են մասնակցում՝  ծնողը,  ուսուցիչը,  ընկերը, որովհետև պարզապես մեկին դաստիարակում են որպես տղա , մյուսին՝ որպես աղջիկ:

Այժմ դպրոցներում  8-11-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի ծրագրի մեջ  «Առողջ ապրելակերպ» դասընթաց կա, որտեղ ուսուցանվում են նաև վերարտադրողական ֆունկցիայի, սեռական առողջության հիմունքները: Դրա մեջ մտնում են զարգացումը, հիգիենան, ճիշտ վարվելակերպը, վտանգներից խուսափելը, ճիշտ վարքագծի դրսևորումը:

Ճիշտ կլիներ այդ դասերն ավելի շուտ սկսել, քանի որ հասունացումը աղջիկների մոտ սկսվում է 11-12,5 տարեկանում, իսկ տղաների մոտ ՝ 13-14 տարեկանում, և նրանք արդեն, մինչև այդ տարիքը պետք է տեղեկացված լինեն հիգիենայի, սեռավարակների և այլ վտանգների մասին:

Որքանո՞վ են կարևոր անձնական հիգիենայի պահպանման հարցերը հասունացող երեխայի համար:

Դեռահասային տարիքում շատ կարևոր է հիգիենայի ճիշտ պահպանումը: Աղջիկները չպետք է օգտվեն միմյանց շրթներկներից,  դիմափոշիներից՝ վարակի փոխանցումը  կանխելու համար: Քանի որ այդ շրջանում քրտնարտադրությունն  ավելանում է,  ցանկալի է  օրը  երկու անգամ  ցնցուղ ընդունել կամ գոնե թեթև ցողվել ջրով, ինչպես նաև հաճախ լվանալ ձեռքերը՝ուտելուց առաջ, զուգարան գնալուց հետո: Եթե դպրոցում նման տարբերակ չկա, կարելի է օգտվել թաց անձեռոցիկներից, դեղատներում վաճառվող սպիրտ-գլիցերինային հեղուկներից: