Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ

blog-id3597-gallery

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին ծնողներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ են ուտում երեխաները, այն դեպքում, երբ սեղանն այդ օրերին առատ է դժվարամարս և անառողջ, վնասակար մթերքով՝ երշիկներ, գունանյութերով գեղեցկացրած քաղցրավենիք, գազավորված ըմպելիք, որոնց մեջ շատ են վնասակար սննդային հավելումները և նյութերը: Ծնողները հաճախ չեն արգելում իրենց երեխաներին նման սնունդ օգտագործել` հատկապես այդ օրերին, որն էլ կարող է բերել հիվանդագին վիճակների:

Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ սննդի չարաշահման արդյունքում:

Տոնական օրերին ոչ ճիշտ սնվելու արդյունքում կարող են հիվանդանալ մարսողության հետ կապված սուր խանգարումներով՝ սուր գաստրիտ, գաստրոէնտերիտ և այլն:

Վերոնշյալ խնդիրների դեպքում հիմնական գանգատները որովայնացավ , փսխումներ, սրտխառնոց, անկայուն կղանք։ Ջերմության բարձրացումը, սովորաբար, բակտերիալ և/կամ վիրուսային վարակներին է բնորոշ, և ընդհանրական չէ սննդային խանգարումների հետ: Եթե կա ջերմություն, փսխում, լուծ, հարկ է մտածել աղիքային վարակի մասին:

Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումը կարող է բարդանալ և շարունակվել,հիմնականում այն դեպքերում, երբ երեխայի մոտ արդեն առկա են խնդիրներ, օրինակ, գաստրիտ, դուոդենիտ, ռեֆլյուքսային հիվանդություն, խոցային հիվանդություն և այլն: Նման դեպքերում տոնական օրերին հիվանդությունների սրացման հավանականությունը մեծ է, եթե չարաշահվում են ճարպոտ սնունդը, քաղցրավենիքը, աղցաններն ու գազավորված ըմպելիքը, ինչը կտրականապես արգելվում է:

Ո՞ր սննդամթերքներն են առավել վտանգավոր երեխաների համար:

Սննդատեսակներից վտանգավոր են հատկապես կաթնամթեքով, ձվով պատրաստված աղցանները, մսով կերակրատեսակները, որոնք կարող են երկար մնալ տոնական սեղաններին: Սովորաբար, թթվասերով պատրաստված աղցանները պետք է մատուցել հենց ուտելու ժամանակ, կամ պահվել սառնարանում:

Սառնարանում սնունդը 3 օրից ավելի պահել ցանկալի չէ, և նաև այն պատճառով, որ վիտամինները և այլ օգտակար նյութերը քայքայվում են:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում մարսողական խանգարումները:

Ախտանշաններն են՝ ցավ որովայնում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, անկայուն կղանք:

Եթե երեխան ունի որովայնի ցավ, բոլոր դեպքերում ճիշտ է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: Որքան երեխան փոքր է, այնքան վիճակը վտանգավոր է: Եթե երեխան փսխում ունի, պետք է աշխատել չկերակրել նրան, հնարավորինս անցնել թեթև սննդի, շատ հեղուկներ տալ՝ հիմնականում` ջուր, և որքան հնարավոր է՝հաճախ բայց քիչ չափաբաժիններով:

Եթե երեխան սկսում է անզուսպ փսխել յուրաքանչյուր կերակրումից կան հեղուկ ընդունելուց հետո , միանշանակ, ցուցված է հոսպիտալացումը` խուսափելու ջրազրկումից և  հետագա բարդություններից: Բոլոր դեպքերում, բուժումը պետք է սկսել` պահպանելով խիստ սննդակարգ (թեթև, դյուրամարս սնունդ և առատ հեղուկներ): Ոչ մի դեպքում չի կարելի լուծը կանգնեցնել դեղորայքով:

Վիրուսային և բակտերիալ վարակների ժամանակ լուծը կանգնեցնելու արդյունքում տոքսինները ներծծվում են արյան մեջ, այսինքն, լուծն օգնում է ազատվել թունավոր արգասիքներից:

Ի՞նչ այլ բարդություններով է հղի տոնական սեղանը:

Տոնական օրերի բարդություններից է նաև շատ սնունդ ընդունելու հետևանքով քաշի ավելացումը` կարճ ժամանակահատվածում: Երեխաների մոտ ավելորդ քաշը հղի է գրեթե նույն բարդություններով, ինչ մեծահասակների մոտ. սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, լյարդի ճարպակալում, ողնաշարի ծանրաբեռնվածություն և այլն: Հարկ է խուսափել նստակյաց կյանք վարելուց, լյարդի ճարպակալումն առավել մեծ բարդություններ կարող է առաջացնել հետագայում մեծահասակ տարիքում:

Երեխաների մոտ կարո՞ղ են լինել ալկոհոլային թունավորման խնդիրներ:

Ծնողները երբեմն մտածում են, որ եթե երեխան արդեն 15-16 տարեկան է, ապա տոնի առիթով կարելի է նրան չարգելել ալկոհոլային խմիչք օգտագործել: Բայց դա պատճառ է դառնում շատ լուրջ խնդիրների: Կարող է զարգանալ ալկոհոլային թունավորում, օրգանիզմի ինտոքսիկացիա, ընդհանուր վիճակի կտրուկ վատացում, մարսողական համակարգի հիվանդություններ։

Եթե արդեն մարսողական խնդիրներ են առաջացել, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել:

Եթե խանգարումը թեթև է, պետք է կերակրել թեթև սննդով՝ շիլաներ, անգույն սուպեր, շատ հեղուկներ տալ, որպեսզի ստամոքսի լորձաթաղանթը հանգստանա և ինքնուրույն վերականգնվի:

Կարելի է թեթև, բուսական, ոչ քաղցր թեյեր տալ (ուրց, նանա), բայց ոչ` թուրմեր: Քաղցրը հաճախացնում է փսխումները և լուծը:

Ինչպե՞ս պետք է սնվի երեխան, որպեսզի խուսափի նման վիճակներից

Երեխան պետք է սնվի կարգավորված և չշեղվի ռեժիմից, քիչ չափաբաժիններով հաճախակի կերակրումներով,խուսափելով երեկոյան սննդի ընդունումից։ Օրվա ընթացքում պետք չէ խառնել տարբեր սննդատեսակներ: Ճիշտ է, տոն օրերին դա բարդ խնդիր է, բայց ցանկալի է հնարավորինս հետևել ճիշտ սնուցմանը, այդ օրերին երեխային կերակրել ամենօրյա կերակրացանկով, որից հետո  նա արդեն ավելի քիչ կօգտվի տոնական սեղանից:

Սիրանուշ Փաշինյան,
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Մանկական գաստրոէնտերոլոգ,
գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ