Վիտամինային անբավարարությունը երեխաների մոտ. Էլիզա Առաքելյան

vitamins

Վիտամինները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ ջրալույծ և ճարպալույծ վիտամինների: Ջրալույծներն են՝ B խմբի բոլոր վիտամինները, վիտամին C-ն և  վիտամին PP-ն: Ճարպալույծ վիտամիններն են` վիտամին A-ն, D-ն, E-ն, K-ն: Ջրալույծներն օրգանիզմից դուրս են գալիս հեշտությամբ և նորմայից ավելի չեն կուտակվում օրգանիզմում, իսկ ճարպալույծներն օրգանիզմում կուտակվելու հակում ունեն: Վիտամիններն օրգանիզմի նյութափոխանակության համար ունեն կենսական անհրաժեշտություն:

Որո՞նք են վիտամինային անբավարարության պատճառները և նպաստող գործոնները:

Օրգանիզմում վիտամինները ինքնուրույն չեն սինթեզվում, ինչը նշանակում է, որ միշտ պահանջ կա արտաքին աշխարհից վիտամիններ ստանալու: Տարբեր վիտամիններ տարբեր ճանապարհներով են հայտնվում օրգանիզմում: Այդ ճանապարհներից մեկը սնունդն է:

Մինչև 6 ամսական երեխաները սնվում են կամ մայրական կաթով, կամ ադապտացված կաթնային խառնուրդներով: Այդ սննդով և այդ փուլի համար նրանք ստանում են բոլոր անհրաժեշտ նյութերը, եթե, իհարկե, մայրը չունի արտահայտված դեֆիցիտներ և խնդիրներ:

Եթե երեխան ճիշտ է սնվում և ապրում է առողջ միջավայրում, վիտամինային խնդիրներ չեն առաջանում: Վիտամինային դեֆիցիտն օրգանիզմի համար կարևորագույն խնդիր է, բայց նաև` հեշտ լուծվող:
Միակ վիտամինը, որը կրծքի հասակի երեխաները պետք է ստանան արտաքին աշխարհից, դա վիտամին D-ն է:

Ո՞ր վիտամինների պակասն է առավել հաճախ հանդիպում երեխաների մոտ:

Վիտամին A-ի դեֆիցիտը լուրջ խնդիր է, որովհետև նրա պակասը տարբեր շեղումներ է առաջացնում օրգանիզմում: Այն դրսևորվում է նաև ավելի մեծ տարիքում, և, հիմնականում, ոչ լիարժեք սննդի արդյունքում:

Վիտամին А-ի անբավարարությունն արտահայտվում է տեսողության ընկճումով, հատկապես տուժում է գիշերային տեսողությունը, առաջանում է «հավկուրություն» կոչվող հիվանդությունը: Հավկուրությունն արտահայտվում է թույլ լուսավորության պայմաններում առարկաները տեսնելու ընդունակության թուլացմամբ կամ կորստով։

Կարող են առաջանալ աչքի ցանցաթաղանթի, անոթաթաղանթի և տեսողական նյարդի խնդիրներ, որոնք արագ են զգացնել տալիս և ինչը փորձառու ակնաբույժները հեշտությամբ տարբերում են: Ժամանակակից աշխարհում դա հազվադեպ հանդիպող խնդիրներից է: Սակայն դա պատճառ չէ, որ այն մոռացության տրվի:

Տարիքային ո՞ր խմբերն են առավել հակված վիտամինային անբավարարության:

Վիտամին A-ի դեֆիցիտն արտահայտվում է հիմնականում 6 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների մոտ՝ կապված սննդի հետ: Այդ տարիքի երեխաները սննդի հարցերում կամակոր են, դեռևս չունեն ձևավորված ճիշտ մոտեցումներ, և ծնողներին դժվար է երեխային անհրաժեշտ սնունդը տալ, միշտ լավ միջավայր ապահովել, օրվա ընթացքում արևի տակ անցկացնել, ինչի արդյունքում այդ տարիքում խնդիրներ շատ են լինում:

6 ամսականից բարձր տարիքային խմբի երեխաների համար շատ կարևոր է երեխաների հավելյալ սննդի ճիշտ կազմակերպումը: Ամենակարևորը սննդի հետ ստացվող վիտամիններից B12-ն է, որը, եթե ճիշտ ժամանակին տարբեր մթերքների ու նաև մսամթերքի միջոցով չի ապահովվում, առաջանում են տարբեր խնդիրներ: Հատկապես տուժում է նյարդային համակարգը: Վաղ հասակի երեխան հանկարծ դառնում է անտրամադիր, չի ժպտում, նկատվում է թուլություն: Վիտամին B12-ի պակասը հայտնաբերելու նպատակով պետք է կատարվի արյան հետազոտություն:

Ի՞նչ դեր ունի սեզոնայնությունը վիտամինային անբավարարության հարցում:

Մեր երկրի համար սեզոնայնությունն առանձնակի նշանակություն չունի, որովհետև բոլոր սեզոններին էլ կա անհրաժեշտ քանակի միրգ-բանջարեղեն և կաթնա-մսամթերք:

Վիտամինային անբավարարությունը նպաստո՞ւմ է օրգանիզմի դիմադրողականության անկմանը:
Այո, իհարկե՛, վիտամինների պակասն` ազդելով նյութափոխանակության գործընթացի վրա, բերում է նաև իմունիտետի անկման: Երեխաներն սկսում են ավելի հաճախ հիվանդանալ, նկատելի նվազ են, լավ չեն սնվում: Նման դեպքերում հարկ է պարզել հիպովիտամինոզի առկայությունը և շտկումներ կատարել:

Ովքե՞ր են ավելի հակված վիտամինների դեֆիցիտի՝ կրծքով կերակրվո՞ղ, թե՞ արհեստական սննդով սնվող երեխաները:

Նման հետազոտություն չի իրականացվել: Համարվում է, որ արհեստական սնունդը հագեցած է անհրաժեշտ վիտամիններով, նյութերով և խնդիրներ չեն կարող առաջանալ:

Բայց, այնուամենայնիվ, կրծքով կերակրվող երեխաները միշտ առավելություն ունեն արհեստական սնվող երեխաների նկատմամբ: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ կրծքով կերակրվողներն ավելի քիչ են հիվանդանում, իսկ ինչու՞, հետազոտված չէ:

Ինչպե՞ս է արտահայտվում տարբեր վիտամինների անբավարարությունը:

Վիտամինային անբավարարությունն արտահայտվում է տարբեր աստիճաններով՝ թեթև, միջին և ծանր:
B խմբի վիտամինային խնդիրներն ավելի հատուկ են փոքր տարիքի երեխաներին, ինչի պատճառով նրանք առավել ուշադրության են արժանի:

Միայն վիտամին B5-ն է, որը չի կարևորվում, քանի որ նրա պակասը կլինիկական դրսևորումներ չունի: Վիտամիններ B9-ի և B12-ի դեֆիցիտը նյարդաբանական զննումով և ընդհանուր վիճակի գնահատմամբ արդեն ակնառու է՝ ընկճվածություն, շուտ հոգնածություն, տրամադրության անկում, քնկոտություն, մկանային տոնուսի թուլություն և այլն: Այդ ախտանիշների առկայությունը բժշկին ուղղորդում են, թե որ ուղղությամբ մտածել:

Վիտամին K-ի անբավարարության ժամանակ կարող են արյունահոսություններ և լուրջ բարդություններ առաջանալ: Այս վիտամինի պակասն առավել հաճախ ժառանգական պատճառներ ունի և կապված չէ սննդի ընդունման հետ, չնայած այն շատ է պարունակվում բուսական ծագման սննդում և կենդանական լյարդում:

Վիտամին E-ի հիպովիտամինոզն արտահայտվում է մկանային խնդիրներով, սեռական գեղձերի ֆունկցիայի ընկճմամբ, մաշկային խնդիրներով։ Այն հիմնականում պարունակում են բուսական ծագման ձեթերը։

Որո՞նք են վիտամինային անբավարարության ախտորոշման մեթոդները:

Ախտորոշվում են, նախ, կլինիկակական ախտանիշների առկայությամբ, ապա` արյան կենսաքիմիական հետազոտությամբ, որը հասանելի ու մատչելի հետազոտություն է:

Ինչպե՞ս է կազմակերպվում ավիտամինոզների բուժումը:

Վիտամինային կարգավորումը կազմակերպվում է` կախված երեխայի վիճակից, դեֆիցիտ վիտամինի տեսակից, վիտամինային անբավարարության աստիճանից: Ըստ դրա որոշվում է ներմուծման համար անհրաժեշտ վիտամինի քանակը:

Որոշ վիտամիններ պետք է անպայման շտկվեն դեղորայքի կիրառմամբ, օրինակ` վիտամին B12-ը: Եթե դեղորայքով վիտամինի քանակն օրգանիզմում վերականգնվում է, այնուհետև նրա քանակը կարգավորվում է ընդունված սննդով: Կան վիճակներ, երբ միայն սննդի կարգավորումը լինում է բավարար:

Բուժման ժամանակ պետք է ներմուծվող վիտամինի քանակը ճիշտ հաշվարկել, որովհետև վիտամինների ավելցուկը նույնպես վտանգավոր է:

Վիտամին D-ն տրվում է ներքին ընդունման, իսկ B խմբի վիտամինները՝ ներարկման ձևով, կան նաև ներքին ընդունման տարբերակները, սակայն չեն կիրառվում՝ ելնելով կողմնակի ազդեցություններից։

Հնարավո՞ր է միայն սննդի օգնությամբ կանխարգելել կամ բուժել ավիտամինոզը:

Ճիշտ սննդակարգը և առողջ ապրելակերպը հիմնականում բավարար են կանխարգելման համար, երբեմն նաև՝ բուժման:

Ինչպե՞ս կանխարգելել ավիտամինոզը մանկական տարիքում

Ամբողջ աշխարհում չկա վերջնական ընդունված կարծիք, թե արդյո՞ք պետք է երեխաներին կանխարգելիչ նպատակով վիտամինային կոմպլեքսներ նշանակել: Կան երկրներ, որտեղ դա ընդունված է և այդ կոմպլեքսներում վիտամիններից բացի կան նաև միկրոէլեմենտներ՝ երկաթ, կալցիում, ցինկ: Օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ սնունդը հագեցած չէ վիտամիններով, հիմնականում երեխաներին նշանակում են:
Մեր երկրում առողջ սննդի առկայությունը բավարար է երեխայի նորմալ զարգացման համար, ուստի լրացուցիչ վիտամիններ նշանակելու անհրաժեշտություն չկա, միայն այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով առկա է վիտամինային անբավարարություն:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել հիպերվիտամինոզը

Որոշ վիտամինների ավելցուկ օրգանիզմում չի կարող առաջանալ, նրանք օրգանիզմից դուրս են գալիս և չեն կուտակվում: Դրանք ջրալույծ վիտամիններն են: Իսկ ճարպալույծները կուտակման հակում ունեն, ուստի կարևորվում է նրանց նշանակման դեպքում ճիշտ դոզավորումը:

Յուրաքանչյուր վիտամինի ավելցուկն օրգանիզմում արտահայտվում է  համապատասխան ախտանիշներով: Օրինակ,  օրգանիզմում D վիտամինի ավելցուկի դեպքում առաջանումէ  կալցիումի կուտակումներ օրգանիզմի տարբեր մասերում:

Առաքելյան Էլիզա, մանկաբույժ
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունք