Վիտամին D-ի անբավարարություն. Էլիզա Առաքելյան

RA-Are-You-Getting-Enough-Vitamin-D-1440x810 (1)

Ի՞նչ կարևորություն ունի վիտամին D-ն երեխայի օրգանիզմի համար:

Վիտամին D-ի կարևորությունը բոլորին է հայտնի. այն մասնակցում է երեխայի նորմալ աճի, զարգացման, ոսկրա-մկանային, կենտրոնական նյարդային համակարգերի նորմալ զարգացման գործընթացներին: Ընդ որում, երեխան կանխարգելիչ պետք է վիտամին D ընդունի` հիպովիտամինոզը կանխելու նպատակով:
Ինչպե՞ս է արտահայտվում վիտամին D-ի անբավարարությունը` ռախիտը:

Կլինիկան հիմնականում արտահայտվում է ոսկրերի ձևախախտումների առաջացմամբ՝ ոտքերի ծռվածություն, ծնկների ծռվածություն դեպի ներս և դուրս, ձեռքերի, դաստակների, մատների ոսկրերի հաստացում, գլխի ոսկրերի փոփոխություններ, ողնաշարի հետ կապված խնդիրներ, նաև` ցավեր տարբեր մարմնի տարբեր հատվածներում:

Գաղթունը նույնպես կարող է երկար ժամանակ չփակվել, կամ` շուտ փակվել, որը նույնպես խնդիր է: Այս վիտամինի դեֆիցիտը՝ ռախիտը, բաժանվում է թեթև, միջին և ծանր աստիճանների՝ կախված խնդրի արտահայտվածությունից:

Ո՞ր տարիքին է առավել բնորոշ Վիտամին D-ի պակասը:

Վիտամին D-ի պակասը բնորոշ է վաղ մանկական տարիքին` մինչև 1-3 տարեկանը, ինչպես նաև դեռահասների մոտ: Քանի որ այս վիտամինը սննդով չի լրացվում, ինչպես այլ վիտամինները, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու   դեպքում կարող է հիպովիտամինոզ առաջանալ:

Որո՞նք են հիպովիտամինոզի առաջացման պատճառները:

Վիտամին D-ն և նրա նախաձևերն օրգանիզմում չեն կուտակվում, նախքան նյութափոխանակությանը մասնակցությանն օրգանիզմում տարբեր փուլեր է անցնում: Այդ ճանապարհին որևէ ֆերմենտի անբավարարության դեպքում կարող է գործընթացը խաթարվել: Յուրացման անբավարարությունը կարող է լինել նաև ժառանգական կամ  պայմանավորված  լինի օրգանիզմում (լյարդում, մարսողական համակարգում և այլն) առաջացած այլ խնդիրներով:

Վիտամինի դեֆիցիտի պատճառ է նաև մաշկում վիտամին D-ի սինթեզին նպաստող արևի պակասը:

Կարո՞ղ է ժառանգականությունը դեր ունենալ ռախիտի զարգացման գործընթացում:

Այո՛, կարող է: Եթե ծնողները վաղ մանկական տարիքում ունեցել են ռախիտ, ապա երեխան կարող է հակված լինել այս վիտամինային անբավարարությանը:

Հետագայում  ի՞նչ մնացորդային երևույթներ կարող են դրսևորվել:

Եթե երեխան ժամանակին բուժում և անհրաժեշտ կարգավորող միջոցառումներ չի ստանում, առաջացած ոսկրային դեֆեկտները՝ ոտքերի ծռվածություն, ծնկների ծռվածություն դեպի ներս և դուրս, ձեռքերի, դաստակների, մատների ոսկրերի հաստացում, կարող են պահպանվել և, տարիքի հետ, ոսկրերի ամրացման արդյունքում նրանց շտկումը կդառնա բարդ խնդիր:

Վիտամին D-ի անբավարարության բուժման ի՞նչ մեթոդներ կան:

Բուժման համար բուժական չափաբաժնով վիտամին D է նշանակվում: Առաջնորդվելով վիտամինի դեֆիցիտի աստիճանից՝ որոշվում է չափաբաժինն` անհրաժեշտ միավորների չափը:

Ինչպե՞ս են վերացվում մնացորդային երևույթները:

Մնացորդային երևույթների վերացման համար դիմում են օրթոպեդիկ շտկումների, որոնք հիմնականում արդյունավետ են: Երբեմն դրանք վերացվում են վիրահատական միջամտությամբ, երբ առկա են ոսկրային համակարգի զարգացման լուրջ ձևախախտումներ: Նախքան վիրահատությունը կիրառվում են շտկման կոնսերվատիվ մեթոդներ. խնայողական վարժություններ, մերսումներ և այլն:

Ինչպե՞ս կարելի է կանխարգելել վիտամին D-ի անբավարարությունը

Ծնողները հաճախ են հետաքրքրվում, թե որքանո՞վ է  պարտադիր վիտամին D-ի նշանակումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դա համարում է ոչ թե պարտադիր, այլ` կանխարգելիչ: Քանի որ նախապես հնարավոր չէ պարզել, թե ո՞ր երեխան կարող է նման խնդիր ունենալ, բոլոր երեխաներին նշանակվում է կանխարգելիչ դեղաչափ: Մեզ մոտ կանխարգելիչ դեղաչափ ստանում են մինչև մեկ տարեկանը, որոշ երկրներում` մինչև երկու :

Վիտամին D-ն տրվում է 1 կաթիլից, օրը մեկ անգամ:

Ի՞նչ դեր ունի արևը վիտ D-ի անբավարարության կանխարգելման մեջ:

Սկանդինավյան երկրներում, որտեղ ձմեռներն ավելի խիստ են, իսկ արևային օրերը` քիչ, միշտ առկա է վիտամին D-ի պակաս: Այդ երկրներում կանխարգելումն առավել լուրջ հիմքեր ունի և կիրառվում են համապատասխան սխեմաներ:
Պարզվել է, որ Հայաստանում, չնայած արևային երկիր լինելուն, վիտամին D չստանալու դեպքում երեխաների մոտ ոսկրային խնդիրներ են ի հայտ գալիս, ուստի կանխարգելիչ դեղաչափի ընդունումն անհրաժեշտ է:

Արդյո՞ք դեր ունի մաշկի գույնը վիտամին D-ի յուրացման գործընթացում:

Կա կարծիք, որ մելանինի մեծ քանակի դեպքում արևի ճառագայթների նկատմամբ օրգանիզմն առավել անընկալունակ է, ինչը խաթարում է վիտամին D-ի մաշկի տակ սինթեզմանը:

Առաքելյան Էլիզա
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքի մանկաբույժ