Հայ բժիշկների Միջազգային բժշկական 4-րդ համագումար

logo
2015թ. հուլիսի 2-4-ը Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը: Համագումարի նախագահ Ա. Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի գործընկերներ

 և  հայրենակիցներ, Հայաստանը` որպես համայն հայության ազգային, հոգևոր ու հայրենասիրական ձգտումների բնօրրան, արդեն չորրորդ անգամ սիրով հետևում է սփյուռքահայության կողմից տասնամյակներ առաջ ստեղծված բարի ավանդույթին ու կազմակերպում իր հերթական` 4-րդ Միջազգային բժշկական համագումարը:
Չորս տարին մեկ անգամ հայ բժշկագիտական մտքի պատկառելի լսարան է համախմբվում Հայաստանում, հաստատելու մեր միասնական պատրաստակամությունը`  օժանդակելու բոլոր ազգանվեր, հայրենի առողջապահության զարգացմանն ուղղված ծրագրերին, վերացնելու դրանց իրականացման ճանապարհին ծագած խոչընդոտները: Տարիների փորձն ապացուցել է, որ ցանկացած խոսք գործի վերածելու համար միասնական ու մշտական աշխատանքի կարիք կա:
2015 թվականն անմոռանալի, դառը հիշողությունների տարի է բոլորիս համար: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեզ համախմբող, մի միտք դարձնող խորհուրդ ունի: Ուստի,   այն ևս մեկ անգամ յուրաքանչյուրիս պարտավորեցնում է առավել զգոն և ուշադիր լինել իր աշխատանքում, ներդնել  հնարավոր ու անհնար ջանքերը՝ հանուն ընդհանուրara-babloyan-ara-babloyan նպատակի իրագործման:
Վերջին տարիներին Հայաստանը մեծ քայլեր է կատարել տնտեսական զարգացման, սոցիալական կյանքի բարելավման ճանապարհին: Նշանակալի են հաջողությունները նաև առողջապահության բնագավառում: Սակայն, ինչպես և աշխարհի բոլոր երկրներում, այստեղ ևս կան նոր մարտահրավերներ, հրատապ ու ռազմավարական լուծում պահանջող խնդիրներ: Ոչ վարակիչ և վարակիչ հիվանդություններ, ուռուցքաբանություն, վերարտադրողական առողջություն, մոր և մանկան առողջության խնդիրներ… Այս շարքը կարելի է շարունակել: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է իր մասնագիտական ու անձնական հմտություններն ու ներուժը  ներդնել՝ աջակցելու  առողջապահության բնագավառում առկա խնդիրների լուծմանը:

Շատ կարևոր է, որ թվարկված խնդիրների լուծման գործում թե՛ Հայաստանի ու Արցախի, թե՛ սփյուռքի հայտնի մասնագետներն ու կազմակերպությունները մեծ ներդրում ունենան:

Եվ իհարկե, AMIC-ը /Armenian Medical International Committee – Հայկական Միջազգային բժշկական կոմիտե/, որպես բոլորիս ջանքերը երկար տարիներ ի վեր մի հովանու ներքո համախմբող սփյուռքահայ հեղինակավոր կառույց, կնպաստի մեր ծրագրերի ընդհանուր առաջընթացին:

Որպես համագումարի նախագահ՝ ուրախ կլինեի, որ նման կարևոր ներդրումներ, ծրագրեր ու առաջարկներ հնարավոր լիներ համատեղ քննարկել այդ օրերին` Երևանում»:
Ա.Ս. Բաբլոյան