Մեր մասին

«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և շարունակական հսկողություն: Տրամադրվում են հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ: Որպես երրորդային մակարդակի բազմամասնագիտական բժշկական հաստատություն՝  համալիրը, յուրաքանչյուր տարի, բժշկական օգնություն է տրամադրում Հայաստանի հազարավոր երեխաների (նորածինների, մանուկների և դեռահասների):

Բժշկական համալիրում աշխատում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված հմուտ և փորձառու մասնագետներ, ովքեր որակյալ ծառայություններ են մատուցում երեխաներին և նրանց ընտանիքներին՝ խոր գթասրտություն տածելով նրանց հանդեպ: Շնորհիվ բարեգործների աջակցության և գործընկերների հետ սերտ համագործակցության՝ Բժշկական համալիրն ապահովված է ժամանակակից  սարքավորումներով:

1459109_243428382487266_1836599918_n

Բժշկական համալիրի կողմից առաջարկվող ծառայությունների շարքում են նաև մեծահասակների համար նախատեսված ծառայություններ` ուրոլոգիա և ընդհանուր վիրաբուժություն, նեֆրոլոգիա և երիկամի փոխպատվաստում, լաբորատոր ախտորոշում: Այստեղ են տեղակայված նաև դիսպանսեր կենտրոններ` քրոնիկ ուրոլոգիական և վիրաբուժական, երիկամային, բրոնխիալ ասթմայով և ալերգիկ այլ հիվանդություններով, սուրդոլոգիական, պարբերական հիվանդությամբ, գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական, էպիլեպսիայով, էնդոկրինոլոգիական և շաքարային դիաբետով հիվանդ երեխաների շարունակական հսկողության և վարման համար: Համալիրում գործում է նաև շտապ բուժօգնության ծառայություն՝ անհետաձգելի դեպքերին արձագանքելու համար:

Համալիրը մի շարք վերականգնողական ծառայություններ է տրամադրում նաև Հայաստանի մի շարք մարզերում` բժշկական օգնությունը, խնամքն ու մեր մասնագետների փորձառությունը հասանելի դարձնելով մարզերում բնակվող երեխաներին: «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնները, որոնք գործում են Արմավիր, Գավառ, Իջևան, Արտաշատ  քաղաքներում,  Ձեզ կընդունեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժ. 9.00-16.45-ը:

Մեր առաքելությունը

«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ) առաքելությունն է պահպանել երեխաների և դեռահասների առողջությունը, ապահովել նրանց հիվանդությունների կանխարգելումը, զարգացման և առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու բուժումը: