Հիմնադրամ

Ողջունում ենք Ձեզ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կայքում

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը («Արաբկիր»ՄՄԲՀ) շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որը հիմնվել է 1995 թ-ին Բելգիայի, Շվեյցարիայի և Հայաստանի բժիշկների համատեղ ջանքերով: Կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանում երեխաների առողջության և բարօրության բարելավմանը:

Այս կայքում ամփոփ կերպով ներկայացված են տեղեկություններ «Արաբկիր»ՄՄԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի, աշխատանքների մասին: Այստեղ կգտնեք նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարող եք մեզ օգնել` դրական փոփոխություններ բերելով Հայաստանի մանուկների և դեռահասների կյանքում:

Մեր առաքելությունը

Հիմնադրամի առաքելությունն է բարելավել Հայաստանի մանուկների առողջությունը և բարօրությունը` նպաստելով

  •  հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնության որակի բարձրացմանը,
  •  բուժանձնակազմի շարունակական կրթության ծրագրերի իրականացմանը,
  •  բժշկական կառույցների նորագույն սարքավորումներով հագեցմանը,
  •  ինչպես նաև հոգեբանասոցիալական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը:

Մեր աշխատակիցները

Սպարտակ Ղազարյան – «Արաբկիր» ՄՄԲՀ տնօրեն

Շուշան Դավթյան – «Արաբկիր» ՄՄԲՀգրասենյակի պատասխանատու

Նազելի Մհերյան – «Արաբկիր» ՄՄԲՀ գլխավոր հաշվապահ

Լուիզա Շահբազյան – «Արաբկիր» ՄՄԲՀ դեղագետ

Լիանա Սահակյան – «Արաբկիր» ՄՄԲՀ Միջազգային ծրագրերի համակարկող

Պատմություն

1988թ. ավերիչ երկրաշարժից հետո բազմաթիվ արտասահմանյան մարդասիրական կազմակերպություններ իրենց օգնության ձեռքը մեկնեցին Հայաստանին: Նրանց թվում էին նաև Շվեյցարիայի և Բելգիայի բժիշկները, որոնք սիրով և պատրաստակամությամբ առաջարկեցին հայ գործընկերներին իրենց մասնագիտական օգնությունն ու փորձը:

Այդ սերտ համագործակցությունը շարունակվեց հետագայում և ընդգրկեց մանկական առողջապահության բարելավմանն ուղղված տարբեր նպատակային ծրագրերի ներդրումն ու իրականացումը: 1990թ. Հայաստանի, Շվեյցարիայի և Բելգիայի բժիշկները միավորեցին իրենց ջանքերը` ստեղծելով «Արաբկիր» բժշկական կենտրոնը, որը նեղ մասնագիտական բուժօգնություն էր տրամադրում ուրոլոգիայի, նեֆրոլոգիայի և վիրաբուժության ոլորտներում: Այս կենտրոնում բացվեց հանրապետությունում մինչ օրս միակ մանկական հեմոդիալիզի բաժանմունքը, որը գործում է առ ասօր, և այստեղ էլ 1991թ. Հայաստանում առաջին անգամ կատարվեց երիկամի փոխպատվաստումը: Այդ տարիների ընթացքում իրականացվել են մանկական ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել մանկական առողջության ցուցանիշների վրա:

Գործունեության ոլորտներն ընդլայնելու, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով` «Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում երիկամներով հիվանդ երեխաների համար» (SEMRA), «Ուղիղ օգնություն Հայաստանին» (VAD), «Նեֆրոլոգիա Հայաստան-Ֆլանդրիա» (NAF) միավորվեցին` ստեղծելով «Արաբկիր» ՄՄԲՀ, որը տարիների ընթացքում ձեռք բերեց բազմաթիվ գործընկերներ: