ԵԴԱԻ

 

Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը (ԵԴԱԻ)` «Արաբկիր» Բժշկական համալիր-ԵԴԱԻ-ի առանցքային ստորաբաժանումներից մեկն է:

ԵԴԱԻ-ն հանդիսանում է Խորհրդային ժամանակաշրջանում հաստատված Երեխաների առողջության պահմանման Հանրապետական կազմակերպչական-մեթոդական կենտրոնի հետևորդը: Վերահիմնադրվելով 2003թ.-ին` ԵԴԱԻ-ն ստանձնեց ոլորտի կազմակերպչական մեթոդաբանական գործառույթների զգալի հատվածի իրագործումը:

Ինստիտուտի առաքելությունն է` նպաստել Հայաստանի երեխաների և դեռահասների առողջությանը և զարգացմանը:

Noyemberyan-training

Ինստիտուտի գործունեությունը ուղղված է ազգային առողջապահական քաղականության և կանոնակարգերի, հայեցակարգային, ռազմավարական և ներդրումային ծրագրերի մշակմանը և իրագործմանը, առողջապահական մասնագետների կարողությունների զարգացմանը, նորագույն մոտեցումների, տեղական և արտերկրյա մասնագետների փորձի փոխանակման խրախուսմանը:

ԵԴԱԻ գործունեության հիմնական ուղղություններն են`

  • Հայաստանում երեխաների առողջական իրավիճակի մասին տեղեկատվության և վիճակագրական տվյալների հավաքագրում և վերլուծություն, գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների իրագործում.
  • մասնակցություն ազգային քաղաքականության և կանոնակարգերի մշակմանը.
  • մասնագիտական, կրթական և ներդրումային ծրագերի մշակում և իրագործում
  • մասնակցություն/ օժանդակում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ոլորտում կլնիկական ուղեցույցների մշակմանը.
  • բուժաշխատողների կարողությունների զարգացում` կազմակերպելով ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ
  • աջակցություն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին.
  • աջակցություն առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին.
  • աջակցություն դեռահասներին /երիտասարդներին բարյացակամ ծառայությունների ստեղծմանը.
  • աջակցություն երեխաների քրոնիկ ոչ տարափոխիկ հիվանդությունների վաղ հայտնաբերման և վարման բարելավմանն ուղղված ծառայությունների ստեղծմանը.
  • մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով` Հայաստանի տարբեր շրջաններ շարժական բժշկական թիմերի այցերի կազմակերպում:

Մեր աշխատանքի հիմնական սկզբունքները

Համագործակցություն 

Լավագույն արդյունքն ապահովելու նպատակով ԵԴԱԻ-ն սերտորեն համագործակցում է երեխայի առողջության ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր շահագրգիռ կողմերի` առոջապահության մասնագետների, հանրապետության և մարզերի պետական մարմինների, ազգային և միջազգային փորձագետների, հանրային առողջապահական ոլորտի ներկայացուցիչների, կառավարական կառույցների և ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

erexa-stetԻնտեգրացիա

ԵԴԱԻ աշխատում է տարբեր գերատեսչությունների, մասնավորապես առողջապահական, սոցիալական և կրթական ոլորտի, ինչպես նաև առողջության պահպանման համակարգի առաջնային, երկրոդային և երրորդային մակարդակներում ծառայությունները համակարգելու ուղղությամբ:

Նորարարություն  

Երկար տարիների ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն առաջատար տեղ է զբաղեցրել Հայաստանում երեխաների առողջության բարելավմանն ուղղված աշխատանքներում` ներդնելով մանկաբուժության ոլորտի նորարարական մոտեցումները: Ներկայումս ԵԴԱԻ-ն ծավալուն գործունեություն է իրականացնում մանկաբուժական առողջապահական կառույցների գործելակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Արդյունավետություն 

Կարևորելով արդյունավետությունը` ԵԴԱԻ-ն մշտապես կատարելագործում է իր կողմից իրականացվող աշխատանքները` լավագույն արդյունքն ապահովելու և Հայաստանում առկա սահմանափակ ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով:

Հաշվետվողականություն

Տարբեր երկրներից բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության պատմությունն ապացուցել է հաշվետվողականության կարևորությունը երկարատև, արդյունավետ համագործակցություն ստեղծելու համար:

Կայունություն

Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման պատմության մեջ առկա են բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են, որ նախապես մշակված կատարյալ ծրագրերն ընդհատվել են արտաքին ֆինանսավորման դադարեցման պատճառով: Հետևաբար, ցանկացած ծրագրի առաջին փուլից սկսած, կայունությունն առաջնայնությունների թվում է:

ԵԴԱԻ գործունեությունը

Առողջապահական քաղաքականություն և ռազմավարություն 

ԵԴԱԻ-ն ակտիվորեն մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարության և 2009-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակման գործընթացին: Այն իրականացվել են 2006-2009թթ.-ին ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի օժանդակությամբ:

ԵԴԱԻ-ն մշակել է ռազմավարության և գործողությունների ծրագրի կարևորագույն բաժիններ` Երեխայի զարգացման խանգարումներ և վերականգնում, Դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջություն, Քրոնիկ հիվանդություններ, Վնասավածքներ և բռնություն:

«Մոր և մանկան ծառայությունների ենթակառուցվածքների և անձնակազմի գնահատում» ծրագիրն իրականացվել է հոկ. 2010-փետ.2011թ., ՀՀ ԱՆ և Վորլդ ՎԻժն

photos Training Medical CollegeՀայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Նպատակը` Հայաստանում մոր և մանկան ծառայությունների գնահատում:

Արդյունքներ` Վեր հանվեցին ներկայիս համակարգի ուժեղ և թույլ կողները, խնդիրները: Առաջարկություններն օգտագործվեցին ոլորտում գործողությունների պլանավորման և քաղաքականության մշակման համար:

Շարունակական բժշկական կրթում մանկաբուժության ոլորտում

ԵԴԱԻ կազմակերպում է դասընթացներ Երևանում, ինչպես նաև մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի տարբեր շրջաններ է գործուղում հարյուրավոր մասնագետներ` տեղում դասընթացների, սեմինար պարապմունքների անցկացման և տեղական մասնագետների վերապատրաստման նպատակով:

«Համայնքի ենթակառույցների զարգացման, համայնքային և մարզային բուժաշխատողների գիտելիքների և մասնագիտական հմտությունների բարելավման ծրագիր», իրականցվել է Արմավիրի մարզում` «Սի. Օ. Էյ. Էֆ. Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հետ համագործակցությամբ, 2005թ.

ԵԴԱԻ կողմից, ոլորտի առաջատար մանկական մասնագետների ներգրավմամբ, մշակվել է «Մանկաբուժության ձեռնարկ» և «Մանկական հասակի ամենատարածված հիվանդությունների վարման ուղեցույցներ»–ի փաթեթ: Փորձարկվեց աշխատանքային տեղում վերապատրաստման դասընթացի յուրովի մոդելը, որն էլ հետագայում իրականցվում է հանրապետության այլ շրջաններում կազմակերպվող սեմինարների ժամանակ:

Արտագնա բժշկական ծառայությունների կազմակերպում

ՀՀ Առողջապահության նախարարության կազմակերպչական մեթոդական աշխատանքների, ինչպես նաև տարբեր ծրագրերի շրջանակներում` ԵԴԱԻ կազմակերպում է Հայաստանի տարբեր շրջաններ շարժական բժշկական թիմերի այցեր` մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:

Հազարավոր երեխաներ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն, բուժում և համապատասխան ուղեգրումներ` մանկական ոլորտի առաջատար մասնագետների մոտ:

Երեխայի զարգացում և վերականգնում/ռեաբիլիտացիա

ԵԴԱԻ գործունեությունն այս ոլորտում միտված է Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, զարգացման խանգարումներով երեխաների առողջական վիճակի բարելավմանը և հասարակության մեջ ինտեգրմանը` վաղ միջամտության ծրագրերի իրականացման, զարգացման հապաղումներով երեխաներին սպասարկող անձնակազմի գիտելիքների խորացման և Հայաստանի բոլոր շրջաններում հատուկ վերականգնողական կենտրոնների հիմնադրման միջոցով:

Israel seminar-2014«Առողջ սկիզբ. Հայաստանում հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագիրն իրականցվել է «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ` Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության (ԴԱՆԻԴԱ) հովանավորությամբ, Արմավիր, Գեղարքունիք և Տավուշ մարզեր, 2006 – 2013թթ.:

Ծրագրի շրջանակում ստեղծվել են Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոններ (ԵԶՎԿ) Արմավիր և Իջևան քաղաքում: Կենտրոնների բազամասնագիտական թիմերը վերապատրաստվել են զարգացման հապաղումներով երեխաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական վերականգնման ուղղությամբ: Բժշկների, բուժքույրերի, հարակից բժշկական և այլ մասնագետների համար ստեղծվել է ուսումնական նյութերի համապարփակ փաթեթ, ներառյալ «Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքները» դասագիրքը, «Երեխայի զարգացման խանգարումները և վերականգնման հիմունքները» ձեռնարկը, ուսուցողական մոդուլներ վերականգնողական թիմերի համար, ինչպես նաև լուսավորչական նյութեր ծնողների համար: Զարգացման հապաղումների հայտնաբերման և վաղ միջամտության ուղեգրումները բարելավելու նպատակով թիրախ շրջանների բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են երեխայի զարգացման խանգարումների ուղղությամբ:

ԵԶՎԿ-ներում ներդրվել է հատուկ կարիքներով երեխաների հայտնաբերման և հսկողության նոր համակարգ, որը հնարավորություն է ընձեռել ճշգրիտ տվյալներ հավաքագրել մանկական հաշմանդամության վերաբերյալ:

Դեռահասների առողջություն

Դեռահասների առողջության բարելավման ծրագիր, 2005 – առ այսօր:

ԵԴԱԻ մասնակցել է Դեռահասներին/ երիտասարդներին բարյացակամ առողջապահական ծառայությունների (ԴԲԱԾ) հայեցակարգի մշակմանը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Հանուն ընտանիքի առողջության ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Հայեցակարգը հավանության է արժանացել Առողջապահության նախարարության կողմից 2005թ.-ին:

Իրականացվել են մի շարք գործողություններ, այդ թվում քաղաքականություն մշակողների, առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների, բնակչության իրազեկում դեռահասների առողջությանը վերաբերող խնդիրների շուրջ, դեռահասների առողջության մասին ԱՀԿ-ի կողմնորոշիչ ծրագրի տեղայնացում և բուժանձնակազմի վերապատրաստում, ԴԲԱԾ ստանդարտների և չափորոշիչների նախնական տարբերակի մշակում, դեռահասների առողջությանը վերաբերող օրենսդրության վերլուծություն և Ազգային ժողովում երիտասարդների առողջության խնդիրների մասին լսումների անցկացում, կրթական և լուսավորչական նյութերի մշակում բուժանձնակազմի և երիտասարդների համար: 2010թ.-ին ԵԴԱԻ մասնակցել է ոլորտի ուսումասիրման և գնահատման աշխատանքներին` իրականցված միջազգային փորձագետի կողմից: 4 շրջաններում անցկացված հետազոտությունների և թիրախ խմբերի հետ հարցազրույցների արդյունքները արտացոլված են «Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար առողջապահական ծառայությունների ուժեղացում» զեկույցում, որտեղ զետեղվել են ոլորտի զարգացման հեռանկարները և առաջարկները:Untitled

«Դեռահասներին բարյացական ծառայությունների ստեղծում Արմավիրի և Կոտայքի տարաժաշրջանների քոլեջներում» ծրագիրն իրականցվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Երեխաների առողջության պահպանման ասոցիացիայի հետ համագործակցությամբ, 2006թ.: Ծրագրի նպատակն էր Արմավիրի և Կոտայքի տարածաշրջանների քոլեջների ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումը և սեռական ու վերարտադրողական առողջության խնդիրների կանխարգելումը:

«Հատուկ կարիքներ ունեցող դեռահասների վերարտարդողական առողջության իրազեկության բարձրացում» ծրագիրն իրականացվել է 2013 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հովանու ներքո: Ծրագրի նպատակներն են` վերարտադրողական առողջության և առողջ ապրելակերպի հարցերի շուրջ իրազեկության բարձրացում հատուկ կարիքներ ունեցող դեռահասների, ինչպես նաև իրենց ծնողների և ուսուցիչների շրջանում, տվյալ հարցերի շուրջ վերաբերմունքի փոփոխություն, երեխաների իրավունքների պաշտպանություն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են դասընթացներ Ապարան ամառային ճամբարում գտնվող հատուկ կարիքներ ունեցող դեռահասների հետ Y-Peer ազգային համացանցի հետ համատեղ: Երևանի 2 պիլոտային դպրոցներում դասընթացներ են անցկացվել ծնողների, ուսուցիչների և աշակերտների հետ, պատրաստվել են դասագրքեր ծնողների և ուսուցիչների համար, և տեղեկատվական թերթիկներ աշակերտների համար:

«Դեռահասների բարյացակամ առողջապահական, հոգեբանա-սոցիալական ինտեգրացված ծառայությունների պիլոտային մոդելի ներկայացում Երևանում և մարզերում» ծրագիրն իրականացվում է 2012 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հովանու ներքո, Առողջապահության, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է` հզորացնել դպրոցականներին տրամադրվող ծառայությունները, բարելավել դպրոցահասակ երեխաների և դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, ակտիվացնել առողջ ապրելակերպը, հոգալ առողջական կարիքները:

«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն»

Միջազգային «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն»-ը  ուղղված է դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական, ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը, ինչն իր հերթին նպաստում է հետագա նպատակային միջամտությունների իրականացմանը: ԴԵԱՎՀ թույլ է տալիս ստանալ հավաստի և  ներկայացուցչական տվյալներ ազգային մակարդակում, համեմատել տարբեր երկրների ցուցանիշները: ԴԵԱՎՀ-ն իրականացվում է 4 տարին մեկ՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Ներկայումս ցանցի անդամ են 44 երկիր` Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, ԱՄՆ, Կանադան և Իսրայելը, նախկին խորհրդային հանրապետություններից` մերձբալթյան երկրները, Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և Մոլդովան:

Պիլոտային ԴԵԱՎ հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ, 2005թ.-ին: 2007թ.-ին Հայաստանը դարձել է ԴԵԱՎ Եվրոպական ցանցի ամդամ:

2010թ.-ին անցկացվել է նոր, լայնամաշտաբ ԴԵԱՎ հետազոտություն` Գիտության պետական կոմիտեի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: Այն ընդգրկել էր Հայաստանի բոլոր շրջաններից ավելի քան 4000 դպրոցականներ:  2013/2014թթ.-ին անցկացվեց հերթական ԴԵԱՎ հետազոտությունը:

13.05.2016թ.-ին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից մասնագիտական հանրությանը ներկայացվեց «Հայաստանի Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտություն (ԴԵԱՎՀ) վերլուծությունը: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ, Գիտության պետական կոմիտեի, ԱՆ, ԱՀԿ-ի, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի և ԴԵԱՎՀ միջազգային գիտական ցանցի հետ համագործակցությամբ:

Տվյալների հավաքագրումը և ամփոփումն իրականացվել է 2013/2014 թթ., որից հետո տվյալները մշակվել են ԴԵԱՎՀ ցանցի համակարգող կենտրոնի կողմից: Առաջին անգամ անցկացվել է հետազոտություն նաև 17 տ.-ի շրջանում: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է հանրապետության 146 դպրոցների 4813 աշակերտ և ուսանող (11, 13, 15 և 17 տարեկան):

Հետազոտությունը բացահայտել է հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ: Յուրօրինակ է սննդային վարքագիծը, առկա է ֆիզիկական ակտիվության էական պակաս, 15–ից 17 տարեկանում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը. նշված առանձնահատկություններն ուղղակիորեն կապվում են Հայաստանում մեծահասակաների շրջանում ոչ տարափոխիկ հիվանդությունների բարձր տարածվածության հետ:  Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունքով, ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը: Տղաների շրջանում զգալիորեն բարձր է ֆիզիկական կռիվների հաճախականությունը: Կյանքով բավարարված է հարցված դեռահասների շուրջ 90%-ը, որն ամենաբարձր ցուցանիշն է միջազգային կտրվածքով, սակայն բավարարվածության աստիճանը նվազում է տարիքի հետ: Հետազոտության արդյունքները մատնանշում են Հայաստանում երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում հանրային առողջապահական ծրագրերի իրագործման կարևորությունը և առավել արդիական ուղղությունները:

2003թ.–ից ի վեր ԵԴԱԻ-ն համագործակցում է հետևյալ կառույցների հետ.

ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Տեղական առողջապահական կառույցներ և բուժհաստատություններ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (WHO), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, Առաքելություն Արևելք Հայաստան, Վորլդ Վիժն Հայասատան, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, առողջապահության ոլորտում գործող այլ տեղական և միջազգային կազմակերպություններ:

Մեր աշխատակիցները

 

Sergey Sargsyan

Սերգեյ Սարգսյան,

կենտրոնի ղեկավար

Eva

Եվա Մովսեսյան,

երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող

Marina

Մարինա Մելքումովա,

դեռահասային առողջության ծրագրերի համակարգող

ԵԴԱԻում  է գտնվում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի գրասենյակը:

Գործ. տնօրեն`  Ե.Ա. Մովսեսյան:

Տվյալներ կապի համար`

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն

Հեռ.` (+37410) 23 60 30, 23 60 56, 238668 / 11 45, 22 08, 10 44

Ֆաքս` (+37410) 28 41 70

URL: www.arabkirjmc.amicah

Էլ.փոստ` sargsyans@dolphin.am; icah@arminco.com

Հրատարակություններ