Ինչպիսի՞ գանգատներ են բնորոշ ինֆեկցիոն մոնոնուկլեոզին

MW-BZ111_cute_b_MG_20140411074006

Ի՞նչ է իրենից ներկայացնում ինֆեկցիոն մոնոնուկլեոզը.

Օդակաթիլային փոխանցման ուղիով վիրուսային ինֆեկցիա է, բնութագրվում է տենդով, անգինայով,

ավշահանգույցների, լյարդի, փայծաղի մեծացումով և արյան մեջ յուրահատուկ փոփոխություններով: Վարակելիությունը համարվում է ցածր: Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ մարդն է, վարակի փոխանցումը երրորդ անձի միջոցով անհնար է:

Ո՞րն է ինֆեկցիոն մոնոնուկլեոզի պատճառը.

Հարուցիչը Էբշտեյն – Բարրի վիրուսն է, պատկանում է հերպես վիրուսների ընտանիքին: Կարող է երկարատև պահպանվել օրգանիզմում թաքնված ինֆեկցիայի ձևով: Մուտքի դուռ է հանդիսանում ըմպանը, որտեղ թափանցելով` վիրուսը տարածվում է օրգանիզմում:

Ինչպիսի՞ գանգատներ են բնորոշ ինֆեկցիոն մոնոնուկլեոզին.

Գաղտնի շրջանը տևում է 15 օր, առավելագույնը` երկու ամիս: Կլինիկական ախտանիշները` տենդ (մինչև 400), ավշահանգույցների մեծացում (բնորոշ է հետին պարանոցային ավշահանգույցների մեծացումը), անգինա, լյարդի, փայծաղի մեծացում, ծայրամասային արյան մեջ բնորոշ բջիջների (ատիպիկ մոնոնուկլեարների) հայտնաբերում: Կարող է լինել ցան` մանր կետավոր, բծավոր: Բնորոշ է նաև դեմքի այտուցը, դժվարաշնչությունը, հարբուխը:

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը կարող է տալ բարդություններ, որոնք կապված են երկրորդային բակտերիալ վարակի գումարման հետ` սինովիտ, օտիտ, ստոմատիտ, բրոնխիտ, թոքաբորբ: Նկարագրված են փայծաղի պատռման, էնցեֆալիտի, միոկարդիտի դեպքեր` մահացու վախճանով: Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը երբեմն անվանում են չռեալիզացված լեյկոզ՝ որպես ուշացած բարդություն կարող է զարգանալ լեյկոզ:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը.

Հիվանդությունը ախտորոշվում է վերոհիշյալ կլինիկական ախտանիշների և էպիդեմիոլոգիական ցուցանիշների (հիվանդը նշում է շփում ինֆեկցիոն մոնոնուկլեոզով հիվանդի հետ) հիման վրա: Վերջնական ախտորոշման համար կատարվում է արյան ընդհանուր քննություն`ատիպիկ մոնոնուկլեարների հայտնաբերում /8-ից ավել/, արյան շճաբանական քննություն` յուրահատուկ հակամարմինների հայտնաբերում:

Ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը տնային պայմաններում.

Անկողնային ռեժիմ պահպանել ողջ տենդային շրջանում, տալ մեծ քանակությամբ հեղուկներ: Սնունդը պետք է լինի դյուրամարս, բարձր կալորիականության, վիտամիններով հարուստ` կիսել, մածուն, բանջարեղենային պյուրե, ապուր, շիլաներ, թարմ մրգեր և բանջարեղեն, 3-4 օր հետո` լավ ջերմային մշակման ենթարկված ձուկ, միս: Բարձր ջերմության ժամանակ` պարացետամոլ և այլ ջերմիջեցնողներ, հակաբիոտիկոթերապիա` մանկաբույժի հսկողությամբ, բկանցքում թարախային փառի առկայության դեպքում /բացի ամպիցիլինից/:

ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՄՊԻՑԻԼԻՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Ու՞մ պետք է դիմել, եթե երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ.

Եթե Ձեր երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ, անհրաժեշտ է երեխային մեկուսացնել, ապա դիմել տեղամասային մանկաբույժին: Եթե առկա են ծանր ձևեր կամ բարդություններ (ցնցումներ, գիտակցության խանգարումներ, բազմակի փսխումներ, համառ տենդ 400 և ավելի, առատ ցան, թոքաբորբի, մենինգիտի նշաններ), անհրաժեշտ է երեխային տեղափոխել մոտակա ինֆեկցիոն հիվանդանոց:

Հիվանդի հետագա հսկողություն.

– հիվանդը պետք է զննվի բժիշկի կողմից ապաքինումից 10, 30 օր հետո ամիսը մեկ անգամ, 6 ամսվա ընթացքում

– ամիսը մեկ անգամ, 6 ամսվա ընթացքում կատարել արյան ընդհանուր քննություն

– եթե 6 ամսվա ընթացքում արյան փոփոխությունները պահպանվում են` կատարել հեմատոլոգի կոնսուլտացիա: