Ցյուրիխից ժամանած առաջատար մասնագետը՝ «Արաբկիր» ԲՀ-ում

logo-arabkir,,

Ապրիլի 11-ից, Արաբկիր Բժշկական Համալիրի նախաձեռնությամբ և հրավերով, Հայաստանում էր Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար պրոֆ. Քրիստիան Բրեգերը: Բացի մասնագիտական քննարկումները, համաժողովները, փորձի և կարծիքների փոխանակումը հայ մասնագետների հետ, պրոֆ. Բրեգերը իրականացրել է նաև մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ:

-Սա արդեն իմ երրորդ այցն է Հայաստան: Ես հրավիրվեցի Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկների կողմից՝ ներկայացնելու համար էնդոսկոպիկ ծառայությունը: Անցյալ տարի, ի ուրախություն բոլորիս, այս բժշկական կենտրոնը ձեռք բերեց նոր էնդոսկոպիկ սարքավորում, և այսօր սիրով ներկայացնում եմ, թե ինչպես ճիշտ և արդյունավետ կիրառել այն:

Իմ առաջին այցից մինչ այսօր անհամեմատելի զարգացում եմ նկատում այս ոլորտում ինչպես սարքավորումների, այնպես էլ մասնագետների պատրաստվածության և գիտելիքների առումով: Իհարկե, զարգացում է ապրել նաև էնդոսկոպիան կիրառելու տեխնիկան:

Այսօր, գիտական մտքի զարգացման արդյունքում, բժշկական-վիրահատական գործիքները դառնում են ավելի անվտանգ պացիենտի համար. ավելի ծավալուն ինֆորմացիա՝ քիչ վնաս հասցնելով և ռիսկի ենթարկելով հիվանդին. ահա սա է այսօրվա բժշկության հիմնական գաղափարախոսությունը:

Կուզեի առանձնացնել նաև այն փաստը, որ ձեզ մոտ շատ որակյալ է կատարվում ընդհանուր անզգայացումը,- ասում է պրոֆ. Բրեգերը:

 Ի դեպ, տեղեկացնենք, որ հանդիպումներին ներկա էին բժիշկներ ինչպես Արաբկիր բժշկական համալիրից, այնպես էլ մի շարք այլ կլինիկաներից, նաև՝ բժիշկ-ռեզիդենտներ:

Մեզ հետ զրույցում, Արաբկիր ԲՀ-ի գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայության ղեկավար պրոֆ. Գայանե Ամարյանն ասսում է.

– Պրոֆ. Քրիստիան Բրեգերի այցը բոլորիս կողմից շատ սպասված էր . մասնագետը հրավիրվեց Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկայի հետ մեր համագործակցության շրջանակում: Ընդգրկված են ինչպես գաստրոէնտերոլոգներ, էնդոսկոպիստներ, այլ նաև ընդհանուր մանկաբույժներ: Այս անգամ կազմակերպվեց նաև վարպետության դասընթաց՝ «Էնդոսկոպիան մանկական գաստրոէնտերոլոգիայում» թեմայով:

Այս անգամ շատ ավելի նպատակային և նեղ մասնագիտական կերպով կազմակերպվեց հանդիպումների շարքը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր հրավիրված մասնագետները տպավորված էինք հանդիպում-քննարկումներով:

Մյուս տարի պրոֆեսորի այցով նախատեսվում է քննարկել ստորին էնդոսկոպիան:

Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկայի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2000-ական թվականներից և նախատեսում ենք հրավիրել նաև այլ մասնագետների: Հույս ունենք, որ բացի գաստրոէնտերոլոգիայից, պրոֆեսոր Բրեգերը կօգնի զարգացնել նաև սննդաբանության ուղղությունը, – ասաց բժշկուհի Ամարյանը:

Գաղտնիք չէ, որ էնդոսկոպիան, բաց վիրահատությունների համեմատհությամբ, առավել ժամանակակից մեթոդ է և լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, այն ընձեռնում է անհամեմատ ավելի լավ տեսանելության հնարավորություն և ավելի քիչ տրավմատիկ է պացիենտի համար:

Ի դեպ տեղեկացնենք, որ պայմանավորված պահանջարկով, Արաբկիր բժշկական համալիրում արդեն գործում է հատուկ էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված, բոլոր անհրաեշտ սարքավորումներով կահավորված նորաբաց վիրասրահը:


Աղբյուրը՝ Doctors.am
15.04.2016 թ.