Ընդլայնվում են հայ մանկաբույժների կապերը

Untitled-1

Եվրոպական մանկաբուժական ակադեմիան (ԵՄԱ) մասնագիտական առաջատար կառույցներից մեկն է, որը միավորում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մանկաբույժներին:  Հաշվի առնելով հայ մանկաբույժների վաղեմի և կայուն կապերը Եվրոպայի առաջատար մասնագետների հետ, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան՝ առաջինը տարածաշրջանում ստացել է հրավերք դառնալու ԵՄԱ ասոցիացված անդամ:

Դեկտեմբերի 2-ին և 3–ին ԵՄԱ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցել է ասոցիացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: Նիստերի ընթացքում քննարկվել են ոլորտի մի շարք հարցեր: ԵՄԱ պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Դեռահասների առողջության և արդյունավետ օգնության եվրոպական ցանցի հետ, որին հայաստանյան մասնագետները մասնակցում են 2006 թվականից: Իմունականխարգելմանը նվիրված նիստին զեկուցվել է, որ  համացանցում անհիմն տեղեկությունների տարածման հետևանքով մի շարք զարգացած երկրներում, (օրինակ` Ֆրանսիա) վերջին տարիներին գրանցվում են կարմրուկի բռնկումներ, ինչից Հայաստանը կարողանում է զերծ մնալ` Իմունականխագելման ազգային ծրագրի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Արդրադարձ է կատարվել առաջնային և երկրորդային մակարդակում մանկաբույժների աշխատանքի կազմակերպման հարցերին: Նշվել է, որ Եվրոպայի երկրների մեծ մասում առաջնային մակարդակում գործում է խառը համակարգ, երբ երեխաների վարումն իրականացնում են թե՛ ընտանեկան բժիշկները, թե՛ մանկաբույժները:

Կարևորվել է մանուկ պացիենտների վարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը, ինչպես նաև համացանցի միջոցով երեխաների առողջության հարցերի ճշգրիտ լուսբանման, ծնողների, երեխաների և դեռահանսերի շրջանում արդյունավետ լուսավորչական աշխատանքների իրականցաման խնդիրները:

Քննարկումների ընթացքում վերոհիշյալ հարցերի շուրջ ներակայացվել են Հայաստանյան փորձը և մոտեցումները, քննարկվել են համագործակցության գործնական քայլեր: Հարկ է նշել, որ Եվրոպական նման կառույցներին անդամակցությունը, քննարկումներին մասնակցությունը հնարավորություն է մասնագիտական համագործակցությունն առավել ամրապնդելու, մանկաբուժական գիտագործնական նորագույն տվյալների հասանելիությունը հայ մասնագետների ապահովելու համար: