«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում մանկական վիրաբուժության ծառայությունը տրամադրում է բուժում և խնամք երեխաների, դեռահասների և մեծահասակների համար: Հանրապետության մակարդակով մանկական վիրաբուժության բաժանմունքը հանդիսանում է ուղեգրման կենտրոն անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական և որովայնի խոռոչի օրգանների խնդիրների համար: Այն միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի փոխպատավաստում թե´ երեխաների և թե´ մեծահասակների շրջանում: Երիկամի փոխպատվաստման ծրագիրը ղեկավարում է պրոֆեսոր Արա Բաբլոյանը: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է նաև շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն:
Մանկական վիրաբուժության բաժանմունքը ծառայություններ է տրամադրում հետևյալ խնդիրների համար`
- լեղուղիների աթրեզիա,
- լեղածորանի կիստա,
- անալ հատվածի և ուղիղ աղիքի զարգացման արատներ,
- նեկրոտիզացնող էնտերոկոլիտ,
- որովայնային պատի զարգացման խանգարումներ,
- հիպերտրոֆիկ պիլորոստենոզ,
- որովայնի խոռոչի օրգանների` վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ,
- աճուկային և պորտային ճողվածքներ,
- ապենդիցիտ,
- Հիրշպռունգի հիվանդություն,
- փայծաղի` վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ,
- պորտալ հիպերտենզիա,
- որովայնի խոռոչի օրգանների վնասվածքներ,
- որովայնի խոռոչի օրգանների` անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ,
- երիկամի փոխպատվաստում:
«Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի ուրոլոգիայի ծառայությունը խնամք և բուժում է տրամադրում թե’ մեծահասակներին, և թե’ նորածիններին, երեխաներին և դեռահասներին:
Մարդկանց մոտ տարածված է ունի այն թյուր կարծիքը, թե ուրոլոգիական խնդիրներ են ունենում բացառապես տղաները կամ տղամարդիկ: Սակայն պետք է նշել, որ ուրոլոգիան զբաղվում է հավասարապես թե՛ արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների վիրաբուժական հիվանդություններով,ինչպես նաև տղամարդկանց սեռական (վերարտադրողական) օրգանների խնդիրներով:
“Արաբկիր” ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի ստորաբաժանման առաքելությունն է տրամադրել լիարժեք և մասնագիտորեն անաչառ ուրոլոգիական ծառայություններ՝ եվրոպական ու ամերիկյան ուրոլոգիական ընկերակցությունների կողմից հաստատված չափանիշներին և ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան: “Արաբկիր” ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի թիմն հատուկ ուշադրություն է դարձնում հնարավորինս փոքրածավալ վիրաբուժական միջամտությամբ բուժում ապահովելուն՝ ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի ուրոլոգիական խնդիրների դեպքում: Այստեղ ուրոլոգները կանոնավոր կերպով վերապատրաստվում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առաջատար բժշկական կենտրոններում և կուտակած փորձն ու հմտությունները հաջողությամբ կիրառում Հայաստանում: Ուրոլոգները սերտորեն համագործակցում են այլ բժիշկների հետ՝ բարդ խնդիրների դեպքում համալիր բուժումն ապահովելու նպատակով:
Գործունեություն
Քանի որ ուրոլոգիական խնդիրների լուծումը հաճախ ներառում է հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական աշխատանքներ, համալիրում մենք լայնորեն կիրառում ենք հետևյալ հինգ բուժական միջոցները`
- զրույց և խորհրդատվություն` փոխադարձ լիակատար վստահության մթնոլորտում,
- դեղորայքային բուժում,
- բաց եղանակով կատարվող վիրահատություններ,
- էնդոսկոպիկ եղանակով ախտորոշում և վիրահատություններ,
- լապարոսկոպիկ եղանակով ախտորոշում և վիրահատություններ:
Համալիրում աշխատող փորձառու ուրոլոգները հմտորեն կիրառում են այս եղանակները թե’ առանձին,թե’ դրանք զուգորդելով` ըստ այցելուի կարիքների և խնդիրների: Նման մոտեցման շնորհիվ ապահովվում է բուժման հնարավոր լավագույն արդյունքը, հետևաբար` առողջության առավել վերականգնումն ու պահպանումը: “Արաբկիր” ԲՀ-ԵԴԱԻ-ում Ձեզ կառաջարկվի ճիշտ այն բուժումը, որն անհրաժեշտ է լավագույն արդյունքն ապահովելու համար Ձեր խնդրի դեպքում, և ոչ թե այն, «ինչ կարող է բժիշկը»:
Նշենք նաև, որ “Արաբկիր” Բժշկական Համալիրի մասնագետները լայնորեն կիրառում են բժշկության խոշորագույն նվաճումներից մեկը` լապարոսկոպիան միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների բուժման համար` ցանկացած չափի և քանակության միա/երկկողմանի երիկամային կիստաներ, երիկամի հեռացում, երիկամի մասնահատում, քարերի հեռացում երիկամից, միզածորանից, միզապարկից, մակերիկամի հեռացում, շագանակագեղձի հեռացում չարորակ ուռուցքի հետևանքով(այսպես կոչված ռադիկալ պրոստատէկտոմիա) և այլն: Լապարոսկոպիայի առավելություններն են` վերքի բացակայությունը, շատ կարճ հոսպիտալիզացիա, ներհիվանդանոցային խնամք գրեթե չի պահանջվում, շատ արագ վերականգնումը և վերադարձը նորմալ գործունեությանը զուգակցվում են բաց վիրահատությունների առավելությունների հետ (խնդրի միանվագ և լիակատար լուծում, օրգանի և նրա վիճակի մանրամասն գնահատական, հետազոտություններով չհայտնաբերված խնդիրների բացահայտում և անմիջական լուծում, և այլն): Լապարոսկոպիան բժշկագիտության վերջին նվաճումներից մեկն է, որի ժամանակ վիրահատությունները կատարվում են երկու կամ երեք աննշան կտրվածքների միջով օրգանիզմի ներքին միջավայր մտցրած գործիքների և տեսախցիկի օգնությամբ:
Ուրոլոգիական միջամտությունների զգալի մասը մեծ հաջողությամբ իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով, ավանդական 15-ից 30 սմ կտրվածքների դարը թողնելով ետևում:
Անշուշտ, այսօր լավագույնը համարվող բուժման այլ եղանակները նույնպես կիրառվում են “Արաբկիր” Բժշկական Համալիրում, ինչպիսին է, օրինակ, շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ կատարվող ներմիզուկային մասնահատումը կամ հետին միզուկի կափյուրների ներմիզուկային հատումը (ռուսերեն` ТУР):
Այսպիսով, մեր գործունեության շրջանակներում կիրառվող ժամանակակից մոտեցումները, բացառիկ ուշադրությունը հիվանդի և նրա կարիքների նկատմամբ, բուժման բոլոր հնարավոր տարբերակների լայն կիրառումը գրավիչ են դարձնում “Արաբկիր” Բժշկական Համալիրը ինչպես հայաստանցիների, այնպես էլ մեր հանրապետության սահմաններից դուրս բնակվող հիվանդների համար:
Մասնագիտացման ոլորտներ
Ուրոլոգիայի մասին Ձեր պատկերացումն առավել հստակ և ամբողջական դարձնելու նպատակով՝ կներկայացնենք այն ուրոլոգիական խնդիրները, որոնք ախտորոշվում և բուժվում են “Արաբկիր” ԲՀ-ԵԴԱԻ-ում ըստ ենթախմբերի`
- մանկական ուրոլոգիա
- երիկամների և միզածորանների անոմալիաներ
- բնածին հիդրոնեֆրոզ ավազանամիզածորանային հատվածի նեղացման պատճառով
- միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս
- միզապարկի էքստրոֆիա
- հետին միզուկի կափյուրներ
- հիպոսպադիա
- կրիպտորխիզմ` ամորձիների բացակայությունը փոշտում
- միզասեռական համակարգի վնասվածքներ
- միզասեռական համակարգի նորագոյացություններ
- միզաքարային հիվանդություն
- անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական խնդիրներ
- միզարձակության խանգարումներ
- միզապարկի նեյրոգեն ախտահարումներ
- երիկամի փոխպատվաստում
- մեծահասակների ուրոլոգիա
- միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդություններ, այսինքն` երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, ամորձիների չարորակ նորագոյացություններ,
- տղամարդկանց ստորին միզուղիների հիվանդություններ, այդ թվում` շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ գերաճ), միզուկի նեղացումներ, ամորձիների ջրգողություն,
- միզաքարային հիվանդություն` միզասեռական համակարգի տարբեր հատվածներում առաջացած քարեր, սկսյալ երիկամներից մինչև շագանակագեղձ,
- երիկամների հիվանդություններ. կիստաներ, կնճռոտում, հիդրոնեֆրոզ` ավազան-միզածորանային հատվածի նեղացման հետևանքով, բարորակ նորագոյացություններ,
- միզասեռական համակարգի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վարակներ, որոնց արդյունքում կարող են ախտահարվել երիկամները` սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, միզապարկը` ցիստիտ, կարող է զարգանալ միզուկի, ամորձիների և մակամորձիների բորբոքում,
- քրոնիկական կոնքային ցավի համախտանիշ` պրոստատիտի, (շագանակագեղձի բորբոքում), միզուկի, միզապարկի բորբոքման արդյունքում
- միզասեռական համակարգի բնածին արատներ,
- միզասեռական համակարգի վնասվածքներ,
- անդրոլոգիա և տղամարդու ամլություն` կատարում ենք սեռական ոլորտի խանգարումների հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական շտկում, ներառյալ էրեկցիայի խանգարումները և իմպոտենցիան, սերմի որակական շեղումների շտկում` պայմանավորված հորմոնալ խնդիրներով, վիրաբուժական և բորբոքային հիվանդություններով (օրինակ` երակների լայնացում կամ վարիկոցելե),
- կանանց ուրոլոգիա` մեր մասնագիտության այն ուղղությունն է, որի ուշադրության կենտրոնում են կանանց ուրոլոգիական խնդիրները, կանանց անմիզապահությունը և ուրոլոգիային առնչվող կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումները,
- նեյրոուրոլոգիա` միզարձակության շեղումներ` պայմանավորված նյարդային համակարգի խանգարումներով, ուրոդինամիկ հետազոտություն,
- երիկամի փոխպատվաստում:
ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Մեր մասնագետները բազմիցս կատարելագործել են իրենց հմտությունները և վերապատրաստվել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի լավագույն բժշկական կենտրոններում: Զարգացած երկրներում կուտակված փորձը նրանք հաջողությամբ կիրառում են Համալիրում` ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման, բուժման և հետվիրահատական հսկողության համար: Մեր բժիշկների հետ կարող եք անձամբ ծանոթանալ, ինչպես նաև նրանցից ստանալ սպառիչ պատասխաններ Ձեզ հուզող առողջական հարցերին, եթե այցելեք մեր Համալիրը` նախապես պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
Մանկական ուրոլոգիական ծառայությունը ներկայացնում են `
![]()
|
Պրոֆեսոր` Արա Բաբլոյան,
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի գիտական ղեկավար |
![]()
|
Դոցենտ` Սահակ Առաքելյան, բ.գ.թ.,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ , ծառայության ղեկավար |
![]()
|
Բժիշկ` Պողոս Գեյիկյան Ավետիսի,
մանկական-վիրաբույժ-ուրոլոգ, Ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ |
![]()
|
Բժիշկ` Սերգեյ Բաբլոյան,
Մանկական վիրաբույժ-ուրոլոգ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, Արաբկիր ԲՀ-ի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ |
![]()
|
Բժիշկ` Ալբերտ Լալազարյան,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ |
![]()
|
Դոցենտ` Կարապետ Շաքարյան, բ.գ.թ.,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ |
![]()
|
Բժիշկ` Կարլեն Ղուշչյան,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ |
![]()
|
Բժիշկ` Հայկ Ղամբարյան,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ |
![]()
|
Բժիշկ` Գեղամ Նուրիջանյան,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ |
![]()
|
Բժիշկ` Շիրազ Մադոսյան,
մանկական վիրաբույժ-ուրոլոգ |
Մեծահասակների ուրոլոգիական ծառայությունը ներկայացնում են `
![]()
|
Բժիշկ` Գևորգ Նազարեթյան,
մեծահասակների ուրոլոգ |
Ձեռքբերումներ
Մեր ձեռքբերումները բազմաթիվ են և ներառում են ուրոլոգիայի բոլոր ոլորտները: Սակայն կա մի ոլորտ, որը գերակա է մեզ համար: Դա լապարոսկոպիկ ուրոլոգիան է, որտեղ նույնպես ունենք բազմաթիվ նվաճումներ: Լապարոսկոպիայում ունեցած մեր փորձի շնորհիվ ուրոլոգիական վիրահատությունների գրեթե ողջ ծավալը իրականացնում ենք լապարոսկոպիկ եղանակով` կախված ցուցումներից:
Համագործակցություն
Մենք սերտորեն համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`
- Անտվերպենի համալսարանական հիվանդանոց
- Նյու Յորքի Կոլուբիա Համալսարան, ԱՄՆ
- Լիոնի մոր և մանկան հիվանդանոց, Ֆրանսիա
- Փարիզի Նեկեր մանկական հիվանդանոց, Ֆրանսիա
Տեղեկություն հիվանդի համար
Մանկական վիրաբույժ-ուրոլոգների հետ արտահիվանդանոցային այցելության նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել` (+374 10) 238 526, ներքին համար` 11-49, 11-41