Զարգացման մանկաբուժության ժամանակակից մոտեցումները

arabkir

Մայիսի 22-23-ին Երևանում («ԱրԲեՍ» ԱԿ) տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից կազմակերպվող «Զարգացման մանկաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով 2-օրյա գիտագործնական սեմինար:

Սեմինարին կներկայացվեն զարգացման մանկաբուժության մեջ կիրառվող գնահատման արդի մեթոդներ, որոնք ակտուալ են ընդհանուր մանկաբույժների և նեղ մասնագետների համար: Կքննարկվեն այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են վաղ հասակի շարժողական զարգացման գնահատումը, խոսքի զարգացումը, սննդի վարքագիծը:

Հատկապես հետաքրքիր է շվեյցարական փորձը` ցավի ինքնակառավարման պրակտիկայում` ուղղված երեխայի սթրեսի և ցավի շեմի նվազեցմանը: Բացի տեսական նյութերից, մասնակիցների կողմից ներկայացվելու են տեսաձայնագրված կլինիկական դեպքեր: Դրանց հիման վրա կծավալվեն բազմամասնագիտական քննարկումներ, որոնք հետագայում կկիրառվեն երեխայի զարգացման գնահատման ժամանակ:

Սեմինարը կարող է հետաքրքրել մանկաբույժներին, բժիշկ-վերականգնողաբաններին, նյարդաբաններին, հոգեբույժներին, զարգացման մանկաբույժներին:

Դասընթացը կանցկացնեն Շվեյցարիայից հրավիրված մասնագետներ` պրոֆ. Բեա Լաթալը (Մանկական զարգացման կենտրոնի համաղեկավար, Մանկաբուժության բաժանմունք, Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց) և դր. Սեպ Հոլցը (Մանկական զարգացման կենտրոնի վարիչ, Ցյուրիխի Մանկական կլինիկական հիվանդանոց):